Վերջին մի քանի օրերին խուսափում եմ հրապարակայնորեն անդրադառնալ հայաստանյան իրադարձություններին, քանի որ՝ նախ, մեղմ ասած, այնքան էլ տեղյակ չեմ բանակցությունների ընթացքից, իսկ դա՝ կարևորագույն հարցերից մեկն է այսօր: Ունեմ իմ «կանխատեսումները», սակայն դրանց հրապարակայնացման կարիքը չեմ տեսնում, քանի որ, նախևառաջ, քարոզչական դաշտում պարող ռուսամետներն ու արևմտամետները՝ պետական մակարդակով, տեղ չեն թողել՝ մեկ այլ կարծիքի հնչեղություն տալու համար: Եվ ապա, շատ լավ տեսնելով, որ թե թերությունները, թե հաղթանակներն օգտագործվում են՝ բացառապես գովազդի համար, գերադասում եմ լռել՝ հրապարակային ոլորտում: Բայց կա մի հարց, որի մասին կցանկանայի արտահայտվել: Դա հերոսությունն է՝ հերոսականությունը, որի մասին շատ է խոսվում վերջերս: Չեմ անդրադառնա այն հարցին, թե ինչ է հերոսությունը, քանզի յուրաքանչյուր անձ՝ ըստ իր հոգեկան կերտվածքի, սրտի, ցեղային խառնվածքի է դա պատկերացնում: Օրինակ, մեկի համար հերոս է՝ քնած մարդուն կացնահարողը, մյուսի համար՝ էդ քնած մարդը, իսկ երրորդի՝ կացին սարքողը: Մեր Ցեղի հերոսներ են Վասակը, ով անտեսելով իր երկու զավակների պատանդ լինելու փաստը՝ կռիվ սկսեց Իրանի դեմ, Թաթուլը, ով կյանքի ու մահվան ճամփաբաժնում ասաց՝ «եթե հարվածն իմն է՝ որդիդ չի ապրի», Նժդեհը, ով վիրավոր, լքված ամենքից, անպատասխան թողեց ՀՀ կառավարության առաջարկը՝ անցնել Երևան ու բուժվել, միայնակ բարձրացավ Խուստուփ ու շարունակեց պայքարը: Հերոս է Հեթանոս Գագոն, Տիգրանը՝ ով միայնակ կռիվ տվեց 8 տանկի դեմ: Հերոսներ քիչ են ծնվում կամ դառնում, բայց պետությունները պարտավոր են օգտագործել ցանկացած հարմար առիթ՝ Հերոսի կերպար տալու համար: Դա անհրաժեշտություն է: Եվ այստեղ գալիս ենք ամենակարևոր խնդրին. Անապագա, անպատիվ ու աղետալի է այն պետությունը, ով կռվում է՝ հերոսների հայտնության հույսով: Պետությունը պետք է ամեն վայրկյան պատրաստ լինի կռվի: Մենք «միլիոն տարի մեր թվարկությունից առաջ» չենք ապրում, որ մամոնտը հանկարծակի հարձակվի թփերի տակ հանգիստ պիվա խմող տղերքի վրա: Եթե դու նախորոք չգիտես, որ թշնամիդ վաղը՝ այսինչ ժամին պետք է հարձակում գործի, ապա դու ոչնչություն ես՝ իբրև պետություն: Իսկ եթե գիտես ու այնուամենայնիվ, զինվորներդ հանկարծակիի են գալիս, ապա բառեր չկան արտահայտվելու: Կռվում են ԶԵՆՔՈՎ՝ նոր, ժամանակակից, հզոր, ամենամահաբեր: Պատերազմող երկրին հարկավոր չեն՝ ճոխություններ: Ամեն միջոց պետք է տրամադրվի՝ բանակի և հասարակ արտադրողի վրա: Պաշտոնյան ընդամենը ծառա է՝ Ազգի ծառան, այլ ոչ թե հաստավզերով պահպանվող դղյակներում զխկտվող անասուն: Պետության խնդրականն է, որ հերոսներն ինքնաբացահայտվեն խաղաղ պայմաններում, իսկ պատերազմի դեպքում՝ պետք է գործի ամենաճշգրիտ, մահացու, սարսափելի զենքն ու մարտավարական հանճարեղ քարտեզը: Նման դեպքում նույնպես հերոսներ կունենանք, բայց ստիպված չենք լինի՝ ապավինել մեր երեխեքի խենթությանը:Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Vahuni7/posts/861943960598890
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



