Դու գիտես, որ մեզ պայծառ ապագա չի սպասում, բայց հպարտությամբ կրում ես այն կուսակցության զինանշանը, որը մեզ դեպի անդունդ է տանում:

 
Դու գիտես, որ ընկերներիդ մեծամասնությունը աշխատանք չունի, բայց անում ես ամեն ինչ, որ վերարտադրվի այն ռեժիմը, որը վաղը միայն քո համար մի փոր հացի խնդիր է լուծելու:


Դու գիտես, որ կուսակցությանդ գաղափարները սին են, ու չնայած դրանք մտքում թաքուն ծաղրում ես, բայց ամեն պատեհ-անպատեհ առիթով չես խորշում դրանք գովելուց ու տարածելուց:


Դու նայում ես գործազուրկ ծնողներիդ ու հպարտությամբ ասում, որ նրանց լավ ապագա է սպասում, բայց մոռանում ես մյուս տասնյակ ծնողների մասին, ովքեր ծերանալու են անորոշության մեջ քո նմանների պատճառով:


Դու խոսում ես վաղվա օրից՝ հստակ գիտակցելով, որ չափազանց վախկոտ ես այդ օրը քո ձեռքերով կերտելու համար: Հարմարվում ես, համաձայնում խաղալ ուրիշի թելադրած կանոններով՝ միտվելով իրական դարձնել ուրիշի երազանքները:


Դու գիտես, որ քո երկրպագած կուսակից ընկերները գռփում ու թալանում են երկիրը, բայց դրա վրա աչք ես փակում ու երազում, որ մի օր էլ դու նույնն անես: 


Դու չափազանց էգոիստ ես, ով ուզում է լավ ապրել բոլորից: Իսկ դա անել հնարավոր է միայն այն դեպքում, երբ մյուսները վատ կապրեն, քանի որ այլ հավասար պայմաններում վտանգ կա կորելու ամբոխի մեջ:


Դու արհամարհում ես ցանկացած այլախոհի, չես լսում ոչ մի նոր՝ նույնիսկ խելացի առաջարկ, որն արվում է այլ ուժի կողմից:


Դու պատրաստ ես հոշոտել ցանկացածին, ով կհամարձակվի թթու խոսք ասել քո նախագահի մասին, որին արդեն ֆանատիկորեն սկսել ես սիրել:


Դու… երբեք չես փոխվի:


Դու երիտհանրապետական ես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել