Diana- nkar zinvor 1A1plus.am-ը գրում է.

Ադրբեջանական կրակոցի  հետևանքով  ծանր վիրավորված   և  վիրահատված զինծառայող Արմենակ Առուստամյանը  առանց հենակների չի կարողանում տեղաշարժվել:

«Հիմա էլ մեկ-մեկ ցավեր կան, բայց որ նայում ես շուրջդ ինչ է  կատարվում, որ բոլորը խաղաղ իրենց գործին են, էս ցավերն էլ  մեղմանում են»,- «Ա1+»-ի հետ զրույցում շեշտեց Արմենակ Առուստամյանը:

Վայոց ձորի  Կարմրաշեն գյուղում բնակվող 20-ամյա երիտասարդը  հիշում է, թե ինչ է  տեղի ունեցել  2015թ-ի դեկտեմբերի 20-ին՝ Հադրութում։

«18 ամսվա ծառայող էի, դիրքերում՝ առույգ հերթափոխի ժամանակ իմ պարտականությունները կատարելու ժամանակ, հակառակորդը իր կողմից ականանետ կոչվող զենքով 60մմ-անոց զենքով կրակեց, եկավ այդ արկը մեր կացարանի դիմացը ընկավ՝ ինձանից մի 4 մետր հեռավորության վրա, իմ ընկերները նույնպես կացարանի դիմաց էին, ես և երկու հոգի հետս վիրավորվեցին այդ ժամանակ»,-պատմեց նա:

ԼՂՀ պաշտպանության բանակի  ամփոփագրում սահմանային այս միջադեպի մասին  ասվում էր,  թե  հակառակորդը շփման գծի հարավային՝ Հադրութի  ուղղությամբ կիրառել է 122 միլիմետրանոց Դ-30 հաուբից հրանոթ։ Վիրավորների մասին այդ հաղորդագրության մեջ տեղեկատվություն չկար։

Մինչդեռ Արմենակը նշում է. «Ընկերներիցս  մեկի թոքն էր վնասվել, մյուսի  թևն էր, իսկ ես շատ վնասվածքներ ստացա, ոտքիս հատվածում երեք տեղից կոտրվածքներ կար, թոքիս հատվածում, որովայնս և մեջքիս հատվածում մի քանի տեղից բեկորներ էին մտել, այդ  արկի բեկորները»:

Առաջին բուժօգնությունն Արմենակը  ստացել է  Մարտունիի հոսպիտալում: Այնուհետ ուղղաթիռով տեղափոխել են Երևանի Մուրացանի հիվանդանոց, որտեղ  էլ մնացել է շուրջ մեկ ամիս: Նա պատմեց նաև այստեղ  տեղի ունեցածի մասին.

«Երևանի հոսպիտալում սկզբից 4 ոտանի խադունոկ տվեցին, որպեսզի կարողանամ դրանով քայլեմ, չէի կարողանում քայլել, բայց դրա համար վերցրեցին իմ մոր անձնագիրը, որ հետագայում այդ  խադունոկը ես իմ հետ չբերեմ տուն կամ եթե կոտրվի, դրա համար փոխհատուցեմ: Մայրս էլ դպրոցում է աշխատում անձնագիրը նրան պետք էր, գնաց որ վերցնի, ասեցին այդ խադունոկը բերեք, որ անձնագիրը տանք, մայրս էլ ասեց, որ տղաս դրանով է քայլում է, ո՞նց հետ տամ, ասեցին չէ չենք կարող դա ձեզ տալ»:

Պաշտպանության նախարարությունից Արմենակի պնդմամբ՝ վիրավոր զինծառայողներին  այցելության որևէ մեկն այդ ժամանակ չի եկել: Արմենակի մայրն էլ  կատարվածի  մասին տեղեկացել է պատահաբար:

«Արմենակի դեպքը ես լսել եմ հեռուստատեսությամբ: Ինձ ոչ մեկը չի զանգել ասել: Գյուղում ուղղակի իմացել են, զանգել են, հետաքրքրվել են, համոզվել են, որ իրոք Արմենակն է: Ամսի 20-ին դեպքը եղել է, ամսի 21-ին հեռուստաալիքներից մեկով նոր լսեցի, որ Հադրութի դիրքերը ռմբակոծել են: Այդ ժամանակ իմ հարազատներն էլ եկան, նոր ասեցին, որ հա Արմենակն է, բայց լավ է արդեն, մի խոսքով ինձ հանգստացրեցին»,-մեզ հետ զրույցում պատմեց Արմենակի մայրը՝ Արմինե Համբարձումյանը:

Արմենակը  բնակվում է  մոր, եղբոր և անչափահաս քրոջ հետ:  Ընտանիքի միակ խնամակալը մայրն է, ով որպես դասվար աշխատում է գյուղի միջնակարգ դպրոցում՝ ստանալով ընդամենը 35.000 դրամ աշխատավարձ: Հետվիրահատական ծախսերը հոգալու համար ընտանիքն  աջակցության կարիք ունի:

«Իր աղիքը հիմա դուրսն է, էդ աղիքի համար պարկեր են պետք, արդեն բժիշկներն ինձ ասում են, որ առեք բերեք այդ պարկերը , որ մենք դնենք»,-տեղեկացրեց տիկին Արմինեն:

Արմենակին խնամելու հարցում օգնում է եղբայրը, ով սակայն,  2 ամսից  ևս պետք է զորակոչվի բանակ: Տիկին Արմինեն  կցանկանար հնարավորության դեպքում գոնե որոշ ժամանակով հետաձգվեր նրա զորակոչը:

Արմենակ Առուստամյանին օգնել ցանկացողները կարող են փոխանցումներ կատարել նրա մոր՝ Արմինե  Համբարձումյանի անունով, VTB (ՎՏԲ) բանկում, հետևյալ հաշվեհամարներին.

Դրամ.  16035008986000

Դոլար. 16035008986001

Եվրո.   16035008986002

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել