Հասկանալի է, իհարկե, բոլորիս ցանկությունը, որ մեր պաշտպանները լավ ու ժամանակակից սպառազինություն ունենան: Բայց ի՞նչ ասել է՝ «դարն ապրած զենք», եւ ի՞նչ նպատակ են հետապնդում մարդիկ, ովքեր այս հակաքարոզչական «կուտը» տարածում են, դեռ մի բան էլ՝ դրա վրա հիմնվելով, շատ խորիմաստ դատողություններ ու հետեւություններ անում:
Առհասարակ այս հին զենքերի թեման շրջանառողները «ծաղկաքաղ» են արել օրերս, Գերմանիա կատարած պաշտոնական այցի ընթացքում համատեղ ասուլիսի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից, որ՝ «Այո՛, մենք կռվում ենք հիմնականում 80-ական թվականների զենքով, բայց այս երեք օրվա կոնֆլիկտը ցույց տվեց, թե ով ինչպես է կռվում...»:
Եվ ահա, ընդհանուր համատեքստից կտրելով «80-ական թվականների զենք» կապակցությունը, որոշ խիստ մտահոգ անձիք այն հընթացս վերափոխել են «դարն ապրած» զենքի ու գնա՜ց: Մարդիկ կան, որ այս օրերին, չես հասկանում, թե ինչ մի մղումով դրդված, անգամ դրույթներ են շրջանառում, թե մեր տղաները համարյա անզեն են կանգնած դիրքերում կամ համարյա թե կայծքարի հրացաններով են կռվում: Կարելի է, իհարկե, սպասել, թե է՛լ ինչ ձեւակերպումներ ու կերպարանքներ կստանան այս «հզոր» թեզերը: Բայց երեւի թե չարժե այդքան սպասել:
Ամենից առաջ, նախ, պետք է նկատի ունենալ, թե Հայաստանի նախագահը որտե՛ղ, ի՛նչ հարցի պատասխանելիս ու ինչո՛ւ շեշտեց «80-ականների զենքի» մասին:
Միանգամից արժե նաեւ հստակեցնել, որ, անկասկած, մեր բանակի զինանոցը որոշակի արդիականացման ու ժամանակակից զինատեսակներով համալրման կարիք կա: Դրա անհրաժեշտությունը եղել է երեկ, կա այսօր ու լինելու է վաղը: Անընդհատ: Ակնհայտորեն թշնամաբար տրամադրված երկու հարեւանների գոյությունն ու նրանց կողմից մեր անվտանգությանն ու ապահովությանն ուղղված սպառնալիքները բնականաբար նման մշտական անհրաժեշտություն են առաջ բերում:
Պետք է նաեւ ընդգծել, որ անցած տարիներին մեր բանակի զինանոցը մշտապես համալրվել է, ինչի վերաբերյալ հնարավոր բաց աղբյուրներից ցանկացողները կարող են տեղեկություններ քաղել:
Այո, հատկապես վերջին տարիներին Ադրբեջանը ինտենսիվ սպառազինվել է, գնել մեծ թվով տանկեր, զրահատեխնիկա, տարատեսակ հրթիռային ու համազարկային համակարգեր եւ այսպես շարունակ: Բայց այնպես չէ, որ Հայաստանն էլ ձեռքերը ծալած նստել է, ոչինչ ձեռք չի բերել, իսկ զինանոցն էլ դատարկ է, եղած զենքերն էլ՝ «դարն ապրած»:
Բոլոր նրանք, ովքեր հավատում են «դարն ապրած» զենքի մասին իրենց հյուսած կամ տարածած առասպելին, արժե, որ մի պահ ու մի քիչ պաղեն, հանդարտեցնեն վիրտուալ ստեղնաշարային կրակահերթերից բորբոքված իրենց կրքերն ու երեւակայությունը եւ մեկ-երկու պարզ հարցի անդրադառնան:
Մասնավորապես կա՞ որեւէ մեկը, որ լրջորեն կամ իրականում հավատում է, թե «դարն ապրած» զենքով կարելի է դիմագրավել մինչեւ ատամները զինված, ավելին՝ ժամանակակից զինատեսակներով սպառազինված, հանդերձավորված որեւէ թշնամու, որքան էլ որ դիմագրավողները քաջ ու համարձակ լինեն:
Ավելի կոնկրետ. եթե մեր քաջարի ու անձնազոհ զինվորները «դարն ապրած» զենքերով կռվելիս լինեին, ապա հազիվ թե կարողանային թշնամու 24 տանկ խոցել, երկու ուղղաթիռ, հետեւակի մարտական մեքենաներ, «Գրադ» կայանքներ, մեկ տասնյակի չափ անօդաչու թռչող սարքեր եւ այսպես շարունակ, չհաշված արդեն թշնամու բանակի կենդանի ուժին հասցված կորուստները:
Պարզ է, չէ՞, որ վատ զինված կամ «դարն ապրած զենքով» կռվող որեւէ բանակ չէր կարող նման վնասներ պատճառել հակառակորդին, էլ չենք խոսում նույն այդ թշնամու հարձակումը կասեցնելու, ապա նրան հակահարվածով հետ շպրտելու մասին: «Դարն ապրած» զենքով, ուրեմն, Արցախի պաշտպանության բանակի 19-ամյա ժամկետային զինծառայող Մարատ Պետրոսյանը 3 օրվա մեջ թշնամու 5 ժամանակակից տանկ ոչնչացրեց եւ հետեւակի մարտական 1 մեքենա: Հայոց բանակի մեկ՝ հմուտ ու լավ պատրաստված, իր անելիքն իմացող զինվորը, որին մարտական ընկերներն արդեն «վարպետ» են կնքել, իսկ ժողովուրդը՝ հերոս:
Ոչ պակաս էական է մեկ այլ հանգամանք, որը այս օրերին վերստին ակտիվացած «բազմոցային գեներալներն» ու «ստեղնաշարային ստրատեգները», չգիտես ինչու, չեն էլ դիտարկում: Իսկ այդ էական հանգամանքն այն է, թե բանակը, զինվորականները որքանո՞վ լիարժեք ու հմուտ են տիրապետում իրենց ունեցած զենքին, որքանո՞վ հստակ, վարժ, կազմակերպված ու միասնաբար են գործում մարտական խնդիրներ լուծելիս: Կարճ ասած՝ որքանո՞վ են բանակ:
Ի պատիվ Հայոց բանակի, պետք է ասել, որ ապրիլի լույս 2-ի գիշերվա իրադարձություններով սկսված նոր փորձությունը ակներեւ ցույց տվեց մեր զինվորականության որակական առավելությունը թշնամու նկատմամբ: Անօրինակ սխրանքների եւ արյուն պաղեցնող խիզախության մասին չէ միայն խոսքը: Այլ հենց ընդհանուր մարտական պատրաստականության աստիճանը, համատեղ ու համաձայնեցված ծանր ռազմական աշխատանքը նկատի ունենք:
Ինչ էլ ասվի, ինչքան էլ որ քիչ չեն տարաբնույթ թերությունները, մեր զինվորները որակապես անհամեմատ լավ են պատրաստված, պարապած: Դա է վկայում «քառօրյա պատերազմի» ընթացքը: Տեսեք. բոլոր մերձճակատային ստորաբաժանումները հաշված րոպեների ընթացքում ոչ միայն բերվել են մարտական թիվ մեկ պատրաստության վիճակի, այլեւ պատերազմական իրավիճակում հընթացս անցել են մարտական կոնկրետ առաջադրանքներ կատարելու եւ խնդիրներ են լուծել: Ամեն մեկը հստակ իր տեղն ու անելիքը իմացել է ու արել է:
Եթե շատ եք ցանկանում, կարող եք, իհարկե, շարունակել «դարն ապրած» զենքի առասպելը: Պարզապես իմացեք, որ դա մեծ մասամբ առասպել է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել