Լուսամուտից թափանցած լույսը սովորական լույս էր, ու ոչ մի տարբերություն չկար, թե արևը որ կողմից էր նայում Հայաստանին կամ Ամերիկային: Հարց կար սակայն, որը լույսի որակական հատկությունների հետ ոչ մի կապ չուներ: Հարցը դիրքի մեջ էր: Լույսն ուրիշ կողմից էր ընկնում: Խփում էր ուղիղ աչքերիս, իսկ տանտիկնոջս տանը՝ մանրից բացվում էր հետևի կողմից:
Հասկացա, որ աչքերս բացել եմ ուրիշ տանն ու քնաթաթախ ուղեղիս ծերից եկած միտքը, որ վերջապես հրաժեշտ եմ տվել փշփշոտ մաշկով ու մսալի ազդրերով տանտիկնոջս, նենց մի ուրախություն պատճառեց զիս, որ տեղում ինքնաբավության զգայացունց նոպայից քիչ էր մնում խարկվեի ներս թափանցած արևի բարկ ճառագայթների ներքո:
Ուրեմն, էս ընթացքում, երբ գլխովս հազար ու մի փորձանք անցավ, մի իմաստուն մարդ, որի իմաստնության սոսկ ներկայության պատրանքից տարբեր ուղղությամբ խելքի գետեր էին հոսում, խորհուրդ տվեց, որպեզի զանցն չառնեմ ոսկեղենիկ հայերենի ոսկեհուռ ու ոսկեգանգուր բառախաղերի լիությունն ու ժամանակ առ ժամանակ մտքերս ողողեմ դրանցից բխող ոսկեպարար պտղամսաջրով, ու որոշեցի ունկն դնել սույն մեծահամբավ իմաստասերին՝ հույսով, որ դրանց գործածությունը կնպաստի ազատվելու տանտիկնոջս մսառատ ներկայությունը վայելելու պարտադրանքից ու, թերևս, ինձ ուղարկի ուրևէ, թե՝ ուր կամ՝ ուր, և՝ ուր, միայն ոչ՝ բզով ծակած բիբերից թափվող կայծակնահուռ այն բացատ:
Փորձությունն, ակներևաբար, արդյունավետ էր, քանզի վասնզի, արթնացել էի բոլորովին այլ տեղում: Մարմինս հաճելիորեն ընդդարմացած էր, իսկ միտքս՝ պայծառորեն բերրի: Անմիջապես հասկացա ու վերհիշեցի կատարվածը:
Քիշմիշի տանն էի: Երեք հարկանի մի առանձնատանը, որտեղ ինձ հատկացրել էին, ուրեմն, ամբողջ երրորդ հարկն ու նույնիսկ առանձին սանհանգույց ունեի՝ անհրաժեշտ բոլոր պիտույք-պարագաներով: Նույնիսկ նոր ատամի խոզանակ ու սպունգ կար, իսկ կախիչներից աչքով էին տալիս երեք տարբեր չափի հաստ խավով սրբիչները: Փոքրիկ աթոռակի վրա դրված պստլիկ զամբյուղը լի էր լողանալու համար անհրաժեշտ բազմազարմազան քսուքներով ու փրփրագելերով:
Լայնարձակ սենյակիս լուսամուտի տակ բազմած էր երկտեղանի շքեղ մահճակալը, որտեղ էլ, փաստորեն, անցկացրել էի գիշերը: Ներքև տանող աստիճաններից անդին լռություն էր: Հագնվեցի ու իջա:
Քիմիշը խոհանոցում էր: Ինձ տեսնելով՝ ժպտաց, ու ժպիտը փոխադարձ էր:
-Ո՞նց անցավ երեկվա ընթրիքը,- հարցրեց, ու տեղում հիշեցի, թե ոնց եմ կլիզմել սիրասուն տանտերերիս: Ուրեմն, սույն կլիզմայի արդյունքում, գլխի առաջամասում գտնվող դեմքի վրա մեկ զույգ բզով ծակած աչքերի տիրոջ ու կախված ուղեղով աշխատող չհրեուհու մտքով, այնուամենայնիվ, թևածել էր միտքը, որ, եթե անգամ, աֆրիկյան վայրի ցեղի ներկայացուցիչ եմ, ուրեմն, առաջավոր ներկայացուցիչներից եմ: Քիչ մը նորագույն ցեղերից: Նրանցից, որոնք արդեն կոշիկ են հագնում ու գրել-կարդալ սովորում: Տենց էլ չջոկելով, թե սույն աշխարհացունց մտքին ոնց էին հանգել, էրեկ գիշերով հետները գնացել էի ռեստորան, որը պարզվեց որ իսկական ռեստորան էր՝ դրանից բխող բոլոր պատճառահետևանքային կապերով՝ նկատի ունեմ հաշվի կլորությունը:
Ուրեմն, փաստորեն, Տանտիկնոջս մսալից ուղեղը երկու շաբաթ բառախլիտ անելուց հետո վերջը միամիտ սկսել էր աշխատել ու գլխի էր ընկել հարիֆը, որ տպոյ չեմ ու ամեն ինչ հասկանում եմ, որ դուրս չի գալիս իրանց էս սաղ ֆինտներն ու իրենք էլ հետը, որ օրենքը սաղի համար ա, ու ինչ կարևոր ա, թե որտեղից եմ: Ու սույն բոլոր նկատառումները աչքի առաջ ունենալով, ու ով գիտի՝ Անդերգրաունդի օրը յուր սիրասուն կայծակնառատ յարանի հետ քննարկելով անցքի կարրության ու չկարևորության էությունը, եզրակացրել էին, որ վսյո տակի լավ կլընի, որ իրագործեն օրենքով նախատեսված վերջին կետը. այն է՝ ինձ հրավիրեն պրաշալնի ընթրիքի, ու ոչ միայն իրագործեն, այլև ի կատար ածեն օրենքի ողջ խստությամբ
Երբ Անդերգրաունդի տուրը վերջացավ՝ ինձ նենց սպառված էի զգում էդ ամեն ինչից, որ անմիջապես պահանջեցի, որպեսզի Քիշմիշը գա ու ինձ տանի էդ դժոխքից: Տանտիկինս բարեկամաբար ու իմիջիայլոց նշեց, որ կարամ էդ գիշերն էլ իրենց տանը մնամ, քանի որ իրենք մեկնելու են հաջորդ օրը, բայց ես թշնամանքի ակնհայտ նշաններով, մերժեցի սույն սիրալիր հրավերը: Իրենցից նենց կուշտ էի, որ մեծ ցանկություն ունեի, ուրեմն, հրաժարվել նաև պրաշալնի ընթրիքից, որն իր սիրած օրենքով նախատեսված էր: Ինձ էդ քոսոտ ընթրիքը պետք չէր: Ոչ մի րոպե ավել չէի ուզում տեսնել էդ բշտբշտած դունչն ու դեմքի փշփշոտ մաշկը: Բայց մերժելը շատ տհաճ կդիտվեր ու կմեկնաբանվեր որպես թշնամանքի ժեստ, դրա համար ասեցի, որ իրիկվա կողմը կարող են գալ ու Քիշմիշենց տանից վերցնել:
-Իսկ հիմա, ասացի, ավելի ճիշտ՝ հրամայեցի, իսկ հիմա՛ տար ինձ Քիշմիշենց տուն: Ու՝ անհապաղ: Հենց էս վայրկյանին:
Կարայի հենց ըտեղ սպասեի, մինչ յուր սիրասուն Կայծակնահարը գործից գար ու էդտեղից ի կատար ածեինք օրենքի պահանջը: Բայց չուզեցի: Մի կես ժամից արդեն Քիշմիշենց տանն էի՝ հաճելիորեն զարմացած էն ամենից, ինչ տեսել էի:
Հավանաբար, էն պատճառով, որ երբեմն սրա նրա խրատներին ունկն դնելու խասյաթ ունեմ, բախտի անիվը, ուրեմն, երբեմն-երբեմն իմ դռանն էլ է կանգնում, ու սիրասուն Տանտիկինս Սիեթլ ժամանելուս հենց առաջին օրը ամենայն բարեհամբույրությամբ տեղեկացրել էր, որ, ցավոք սրտի, իրենց ծրագրերում, փոփոխություններ են եղել, ու ինքը չի կարող ամբողջ 28 օրն ինձ հյուրընկալել, ինչպես նախատեսված էր: Իրենք, պարզվեց, հարսանիքի էին հրավիրված, ու ստիպված պետք է լքեին քաղաքը: Ինձ էլ կարող էին տանել մեծ հաճույքով, եթե դասերս չլինեին: Որովհետև բացակայելու էին 4-5 օրով: Ափսոսեցի, որ բաց եմ թողնելու ամերիկյան հարսանիքին ներկա գտնվելու առիթն ու զգուշությամբ ճշտեցի, թե, հապա, ո՞ւմ տանն են անցնելու կյանքիս մնացած օրերը: Պարզվեց՝ Քիշմիշի:
Քիշմիշը, ուրեմն կիսաթրքուհի էր: Ու, երբ իմացա, որ մնալու եմ թուրքի տանը՝ մեծ աղմուկ բարձրացրի: Բնականաբար՝ օնլայն: Տանտիկնոջս բան չասեցի էդ ուղղությամբ, որովհետև յուր մսային ուղեղով կմտածեր, թե էս հայը Հայաստանից եկել ու յուր նվաճողական տրամադրություններն ա ուզում տարածի յուր օրենքի ու հանդուրժողականության երկիր Ամերիկայում: Տուտժե գրեցի Հայաստան՝ մերոնց: Գիժ են, սրանք, գրեցի: Ինձ ուզում են գցեն թուրքի բերանը: Ես դրանց տունը ո՞նց քնեմ: Գիշերով կոկորդս կկտրեն ու տենց: Հասեք, փրկեք, ազատեք Հայաստանից, ուրեմն, դիվանագիտական պատասխան եկավ, որում սևով սպիտակի վրա գրած էր, որ դա Հայաստանը չէ, ու այնտեղ ես տանը չեմ: Սույն հրաշագեղ պատասխանն ստանալուց հետո պահանջեցի, որ անհապա ինձ ցուցադրեն Քիմիշին, որպեսզի հասկանամ, թե ում հետ գործ ունեմ՝ հետագա կյանքս դասավորելու առումով: Ցանկությունս տեղում ի կատար ածվեց, ու Քիշմիշը տուտժե ժամանեց:
Հենց էն գլխից զարմացա, որովհետև թուրքին հիշեցնող ոչինչ չուներ: Հերը ճապոնացի էր, մերը՝ թրքուհի: Ինքն էլ նեղ աչքերով ամերիկուհի: Եթե չասեին, որ մերը թուրք ա, դրա մասին գլխի կարելի էր ընկնել միայն երկրնքի հետ ուղիղ ուանմիջական կապ ունենալու արդյունքում ձեռք բերած ունակությունների կիրառության դեպքում:
Ուրեմն, Քիշմիշը, փաստորեն շատ բարի դեմքով ու բարեհամբույր հայացքով կին էր, որին առաջին հայացքից հավանեցի: Դեռ չգիտեմ ով լինելն ու, ոչ միայն էն, որ հարուստ են, այլև որ քծիբ հարուստչեն: Քիշմիշը, ուրեմն, ռուսերեն ոչ մի բառ չգիտեր, ես էլ՝ անգլերեն: Բայց դա կապ չուներ: Քանի մը բառ փոխանակելուց ու մի լավ տնտղելուց հետո տակտիչնի ասեցի, որ ուրախ եմ նրա հետ ծանոթանալ և այլն, իսկ մերոնց գրեցի, որ Քիշմիշը կարգին կնիկ ա երևում ու տենց:
Քիշմիշն ուրեմն, ապրում էր երեք հարկանի մի առանձնատանը, որն իր սեփականությունն էր: Ինձ հատկացրել էին, ինչպես արդեն ասեցի՝ վերջին հարկը, որի լայնարձակ սրահին հաջորդող պատշգամբից ամեն օր դիտում էի downtown-ի կարտոնե երկնաքերների հաղթարշավը: Տունը, այո down town-ից մի քանի կանգառ էր հեռու, ու դրանից, պետք էր եզրակացություն անել Քիշմիշիս նյութական հնարավորությունների մասին:
Քիշմիշը ցույց տվեց յուր տունն ու գնալով ամեն ինչ դուրս գալիս էր: Ափսոսեցի, որ բերածս նվերների մեծ մասը թողել էի տղպոտ մաշկով Տանտիկնոջս:
Ճապոնական գեները գերիշխում էին այդ տանն ու ընտանիք չորս անդամներից երեքի աչքերը նեղ ու ձգված էին: Տանտերս ուրախ, ասող-խոսող մարդ էր, ու նույնպես դուրս եկավ: Բավականին ավանդական ընտանիք էին: Մտքովդ չէր անցնի, թե էս մարդն ու կնիկը մի օր կարային բաժանվեին: Շատ նվիրված էին իրար: Հանդիպել էի Ճապոնիայում, որտեղ մարդը՝ տակավին պատանի, մեկնել էր սովորելու, իսկ Քիշմիշը՝ աղջիկությունը Թուրքիայում՝ մոր մոտ անցկացնելուց հետո, նույն նպատակներով մեկնել էր հոր մոտ, այսինքն՝ Ճապոնիա հերն ու մերը բաժանված էին: Նրանք անդիպել ու տեղու սիրահարվել էին զմիմյանս համալսարանի միջանցքներից մեկում, ու այդ հանդիպումը այդ երկուսի համար ճակատագրական էր եղել, քանզի վասնզի նրանք հասկացել էին, որ կա՝ էս է, չկա՝էս է, ու ավարտելո համալսարանն ու ամուսնանալով բնադրվել ի Սիեթլում, որտեղ ապրում էին մարդու ծնողները: Նրանք՝ մեռնելուց հետո, զգալի կարողություն էին կտակել իրենց արու զավակին, ով էլ էդ փողով որոշել էր գնել իրենց սեփական տունը. մոտ մեկ միլիոն դոլար արժողությամբ, ու, բայց, հանգամանքը, որ մարդը սեփական տուն ուներ Ամերիկայում, բնավ չէր ենթադրում, թե պատրաստվում է մեռնել այդ տանը: Ամերիկան՝ ոտ դրածս օրվանից ամեն օր նոր գաղտնիքներ էր բացում հայիս համար, ում համար տունը սրբության պեսբան է, որտեղ դու ծնվել ու որտեղ էլ պետք է մեռնես, հատկապես ծնողներիդ կողքին, ու ոչ մեկ թիզ այս ու այն կողմ Սույ ամերիկացին, սակայն, որոշել էր, որ երբ որդին հասակ առնի ու բոլորի 17-ը, թողնելու էդ ամեն ինչն իրեն ուսիրելի Քիշմիշի հետ գնա այլ երկիր: Որտե՞ղ՝ կարևոր չէր: Ժամանակի հետ՝ կիմացվեր: Սա արդե ուրիշ Ամերիկա էր, ու էս Ամերիկան արդեն դուրս գալիս էր: Թքած հորմոնների վրա: ժպտառատությունն էլ աստիճանաբար դուրս գալիս էր: Ջհանդամը թե արհեստական չի: Մերոնք, որ սաղ օրը ջիգյարով մուննաթ են գլաիս՝ լա՞վ ա:
Ուրեմն տան մանրամասներին մի լյավ ծանոթանալուց հետո բարձրացա իմ հարկաբաժին ու թռա տեղաշորիս վրա: Չէ: Չթռա: Փռվեցի ու հոգնակերտ մարմինս ընկղմեցի արհեստական այդ միջավայրի վրա: Դե հո դոշակ-յորղանը հորս տան բրդերից չէ՞ր, որոնք ի դեպ, իմ ձեռքերով լվացել եմ Այղր լճի ջրերում, չփխել ու չորացրել եմ հորս տան շենքի բակում, հետո ծունկ եմ չոքել դեմն ու չորս բոլորը բոլորել, ու բոլոր այդ գործողությունները կատարել ե տան բոլոր անդամների յորղան-դոշակների հետ ու ռնվազն չորս տարին մի անգամ: Հը՛բը: Իսկ հայի տանը հարստությունը մի ժամանակ հաշվվում էր դոշակ-յորղանի հ ծալքի հաշվով: Երբ ես ծնվել էի, էդ մշակույթը նոր էր մեռնում, ու մանկությունս անցել էր մինչև առաստաղը հասնող բրդե յորղան-դոշակների ծալքի տեր լինելու մասին երազանքներով:
Էսի, սակայն, հորս տունը չէր, ու Ախալքալաքի գառների բրդե տեղաշորի մասին չէի էլ մտածում: Նորմալ տուն էի ընկել, նորմալ մարդկանց մեջ ու տանձիս չէր տան հոտը: Հոտը, ուրեմն, էս տան մեջ էլ կար: Ու լուսամուտները նույն ձևի մեջ փակ էին: Բացեցի: Բայց չէր փրկում: Հոտը նստել էր պոչիս ու ամենուր ուղեկցում էր դեպի բոլոր այն օֆիսները, որոնք ծայրահեղ խնամված էին, բոլոր երկնաքերները, որտեղ ամեն մի դետալի վրա մտածած էր, ամեն-ամեն տուն ու ամեն անկյուն: Հոտից պրծում չկար: Հասկացա, որ էդ Ամերիկայի հոտն ա: Չկարեցա բացահայտեմ, թե ինչի հետևանք ա: Միգուցե կարտոնե տների ու փակ լուսամուտների հետևանքով էր գոյանում: Չգիտեմ: Ուղղակի հասկացա, որ կեղտոտությունից չէր: Ուղղակի՝ կախված տան մաքուր լինել-չլինելուց, հոտի տոնայանությանը հարցը փոխվում էր:
Մինչ մտածում էի հոտի մասին, Քիշմիշը ներքևից ձեն տվեց, որ սիրասուն Տանտիկինս ժամանել ա: Մռութներս ծռեցի: Մտա բաղնիք, նայեցի հայելու մեջ, ինձն ու ինձ ասի՝ հանգիստ Տաիշոկ, լայնաբերան ժպտացի ու դուրս եկա:
Փշփշոտ դեմքը ներքևում սպասում էր: Իրեն հատուկ դանդաղկոտությամբ ծոր ա տալիս, թե յուր սիրագորով Կայծակնահարը մեզ է սպասում էսինչ ու էնինչ գլխիս ավենյուների հատման 168-րդ սմ հատվածի վրա, ու որ իմանամ, թե դա ինչ հատված է, ուրեմն փոսատված դնչին մի քանի կաթիլ խորհրդավոր արտահայտություն լցնելով ավելացնելով ասում ա, որ այդ հատվածին հաջորդող ուղիղ 10 մետր հետո գտնվում է մի ռեստորան, որտեղ ընթրել է ինը՝ Ջոն Լենոնը, ու տեղում մի հատ կասկածամիտ հայացք ա անցնում տղպոտ դնչի վրով առ այն, թե գիտեմ արդյո՞ք, թե ով է Ջոն Լենոնը, որին ի պատասխան ոչինչ չեմ ասում, որ ռեստորանը, ուրեմն, գտնվում է օվկիանոսի ափին, ու ստեղ մտածում եմ, որ այս քեզ տխմար, ամբողջ Սիեթլն էլ գտնվում օվկիանոսի ափին, ուրեմն, ուզում էր ասել, որ մեր սեղանը գտնվում է լուսամատի տակ, հետո, իհարկե, պարզվեց, որ լուսամուտ էլ կա, լուսամուտ էլ, որովհետև մեր լուսամուտը նայում էր ոչ թե բաց ծովին, այլ կողքք նավին, որի բազրիքին բազմած կորնթարդ որորներով հիանալու բազմաճախրալից անկնարթներ ապրեցի այդ օրը, ուրեմն, ի վերջո, պետք է իմանամ, որ էդ ռեստորանը, ուրեմն, իսկական ձկան ռեստորան է, այնպիսին, որպիսին, երևի կյանքիս մեջ տեսած չկամ, ու միայն էնտեղ ոտ դնելու մասին նախնական տեղեկություններ իմանալուն պես՝ ես պետք է որ շունչս տեղում փչեմ ինձ արժանացված պատվից, բայց իմ շունչը չփեց ի զարմանս իրեն, որովհետև սույն լխտիկ մսազանգվածը յուր աշխարհացունց հայտարարությունից հետո ակնապիշ նայեց դեմքիս՝ հավանաբար զարմանալով, թե ոնց ա որ զարմանքից ուշագնաց չեմ եղել ու դեռևս վստահ կանգանծ եմ տեղումս, ու, էս ամեն ինֆորմացիան յուր անգալար ուղեղում մարսելուց ու տեսնելուց, որ ռեակցիա չեմ տալիս՝ առաջնորդեց զիս դեպի յուր աննման մեքենան, որին, ի դեպ ոչ մի բան էլ չէր եղել, ու ինքն էլ էդ ընթացքում հասցրել էր ստուգվել ու հասկանալ, որ յուր գերհարթ ուղեղի հետ ոչ մի վտանգավոր բան չի կատարվել, ուրեմն, ու էս ամենից հետո, վերջապես նստում եմ այդ մեքենան ու, նստում եմ, բնականաբար, յուր կողքին, ինչպես ամեն անգամ ու քաշում եմ, ամրագոտին՝ չսպասելով, որ հերթական անգամ հիշեցնի, որովհետև Ամերիկա ոտ դրածս օրվանից ամեն անգամ անգամ, երբ նստում էի յուր մեռելի ղայդա մեքենան, ամեն անգամ հարկ էր համարում զգուշացնել, որ սա իմ իմացած տեղը չի, որ ես իմանամ որտեղ եմ գտնվում, ու դա իմանալու համար, պիտի գիտակցել օրենքի գերակայությունն ու անպայման քաշել ռեմենը, ու որ քշելու ընթացքում ինքը չի խոսում հեռախոսով, անգամ եթե իմանա, որ էդ պահին մերն ա զանգում ու, որ մերը էն աշխարհ մեկնելու ճշգրիտ ճանապարհին է, ու նա, երբեք չի խմել, երբ անչափահաս էր, որովհետև յուր սիրելի օրենքներով արգելված է ոգելից խմիքը, ու ինքը, ընդհանրապես օրենքի աղջիկ է, ու, ինքն առանց Ամերիկայի մարդ չէ, ու ես ցավը տանեմ Ամերիկայի, ախպեր ջան, հա, համաձայն եմ, որ Ամերիկան չլիներ, մարդկությունը չէր լինի, ու ընդհանրապես մարդկային ողջ քաղաքակրությունը եղել էր միայն նրա համար, որպեսզի ծնունդ տա Ամերիկային, ու եթե էդ միքտը Աստծո պլաններում չլիներ, ինքը մարդ արարածին չէր էլ ստեղծի, ու, որ Տիեզերքն ունի մեն մեկ հատ կենտրոն, ու դա կոչվում ա Ամերիկա ԵՎ ԱՅԼՆ:
Ռեստորանը, ուրեմն, իսկական ռեստորան էր: Ու էս անգամ սոկ էլ ուզեցի: Ու թող վճարի: Հացն էլ նորմալ քանակության էր, ու յարանն էլ կայծակնահար էր, բայց ձուկը չէր ռնդում: Մենյուն նույնիսկ չնայեցի: Վստահ էի, որ ամեն ինչ համով է լինելու, ու թողեցի, որ տեղս ընտրեն: Աչքի պոչով տեսել էի, սակայն, որ բլյուդներն սկսում էին 50 դոլարից: Ամերիկայի համար միջին կարգի ռեստորան էր, որտեղ սեղանների համար տարածություն էր հատկացված ու դրանք իրար գլխի լցված չէին, ոնց որ էն ճաշարանում: Սպասքն էլ նորմալ էր, սփռոցները տեղում, մատուցողն էլ՝ դրես կոդով էր, ու ընդհանրապես, երևում էր, նորմալ տեղ են տարել:
Սաղմոնը, բնականաբար, աննման էր, ու էդ մասին անպայման նշեցի, որպեսզի լավ զգան իրենց: Տանտիկինս մեծահոգաբար ժպտաց ու աշխատեց նույն ժպիտը փշփշոտ դեմքին խաղացնել մինչև վերջ, սակայն օրհասական պահին՝ դեմքը մթնդեց: Հաշիվը փակելու վախտն էր, ու հաշիվը ինքը պիտի փակեր, դե մարդը, հավանաբար, ասել էր, որ էն դու՝ էն քու հյուրը:Ես ըլնեի՝ կասեի, դե ուրեմն դու գնա էն ճաշարանում հաց կեր: Բայց Տանտիկնիս, պարզվեց, իմ նման նեղմիտ չէր, ու յուր սիրասուն Կայծակնահարին հրավիրել էր մեր հետ ընթրիքի, ու Տանտիկնոջս հաշվին, Կայծակնահարը, փաստորեն, կարգին ռեստորանում սաղմոն կերավ: Այսինքն իմ հաշվին: Եոր չլինեի՝ Աստված գիտի, թե դրանք երբ էին նորմալ ռեստորան գնալու:
Մի խոսքով հաշիվը փակելու ժամանակ Տանտիկնոջս դեմքը վախից կծկվեց, որովհետև մոտ 200 դոլար էր բռնել: Երևի մտքում անիծեց Ամերիկա ոտ դրածս օրը: Օրենք կա, դատ կա: Ամերիկան օրենքի երկիր ա: Լայնաբերան ժպտացի ու շուրթերս սրբեցի: Մոտենում էր բաժանման արտասվալից պահը:
Ես ասացի, որ երբեք չեմ մոռանա այն պահերը, որոնք անցկացրել եմ յուրենց մսային միջավայրում, ու, որ մեծ ուրախությամբ կշարունակեմ տեղեկանալ նրանց ապագա ճակատագրին՝ իմանալու համար, ու որ դա կնախընտրեմ անել Ֆեյսբուքով, ու ստեղ Տհաճ Դնչի անգալար ուղեղից դուրս պրծավ մտքի հերթական գոհարը՝ առ զարմանքը, թե ինչպե՞ս. Հայաստանո՞ւմ էլ Ֆեյսբուք կա, ու ես չուզեցի ասել, որ հարցը, սիրելիս, կոռեկտ չէ, որ Ֆեյսբուքը, իմանաս, ուրեմն, ինտերնետ լինել-չլինելուց է կախված, ուրեմն էս ամեն ինչը, ես բնականաբար, չբացատրեցի, այլ ուղղակի մեղմ ժպտացի՝ հաստատելով, որ վերջրս Հայաստանը բավականին առաջընթաց է արձանագրել գրել-կարդալու ուղղությամբ, ու փաստորեն, քանի մը հոգի, մի կերպ սովորել են Ֆեյսբուքւոմ գրանցվել, ու այդ ընտրյալներից մեկն էլ ես եմ, ուրեմն, ասացի, որ իրենց մեծաշնորհ վերաբերմունքի արդյուքնում կուզենայի նրանց հետ ընկերանալ Ֆեյսբուքով, որպեսզի հասկանամ, թե ամուսնանալում են մի օր էս տպոյները, թե՝չէ, ու ես, ընդհանրապես սրանից հետո թարգելու եմ ապրել իմ կյանքով, ու նվիրվելու եմ միայն իրենց, ու ես կյանքում ահավոր դժբախտ կզգայի, եթե իրենց չհանդիպեի ու էդ ոճի մեջ երկար-բարակ խոսակցությունը, որն աշխատում եմ կարճ կապել, ու, երբ դա, վերջապես ինձ հաջողվեց՝ կանգնած էինք արդեն Քիշմիշի տան դռանն, ու վերջապես հանգիստ շունչ քաշեցի:
շարունակելի