Նեղ դատարկ միջանցք, բազում փակ դռներ, շլացնող ճերմակ գույն ամենուր: Տրամադրող միջավայր, որտեղ մարդկանց նախապատրաստում են մահվան:
Բարի գալուստ հոգեբուժարան: Բացվում է առաջին հիվանդասենյակի դուռը, այստեղ երկու աղջիկներ են` երկուսն էլ թագուհի, ազնվական ծագումով: Մեկն ասում է` իր արքայազնը երեքգլխանի դևի դեմ մարտում զոհվել է, ինքն էլ այրի է ու մենակ է թագավորում: Մյուսն էլ ժամանակավոր լքել է զեխ կյանքը և մաքրագործվելու համար սակավապետ է դարձել` հանգրվան գտնելով իր «կոլեգայի» կողքին:
Երկրորդ սենյակում չորս հասուն տղամարդիկ են` չորսն էլ նշանավոր, հայտնի, այդ իսկ պատճառով էլ չեն կողմնորոշվում, թե իրենցից ով է գլխավորը: Սրանցից մեկը ասում է, որ ժամանակին Հռոմի Պապն է եղել, մյուսը «Թեյնիկ» համաստեղության հայտնագործողն է, մնացած երկուսն էլ լորդեր են` ամենաիսկական: Բայց բարի են, չարություն չկա սրանց ամենօրյա կռիվների մեջ:
Մեկին էլ առանձին են պահում. սրա անունը Ժան է: Այս մարդը իրեն վնասելու ցանկությունից այրվում է, դրա համար էլ զսպաշապիկ է կրում: Մեծ տան բնիկները պատմում են, որ այս տարօրինակ զբաղմունքով մարդը երբեք առանց զսպաշապիկի չի լինում, եթե նույնիսկ այլևս չկրի, հիստերիայի մեջ կընկնի` սեփական մարմնին ցավ պատճառելու մոլուցքի դեմ պայքարելու անկարողությունից:
Այստեղ տոներ չեն լինում, միայն երբեմն ծննդյան տարեդարձեր են նշում. հավաքվում են ամենամեծ հիվանդասենյակում, մահճակալները մի կողմ են հրում, մի սեղան դնում կենտրոնում և հավաքվում բոլորով անխտիր, չէ՞ որ այստեղ բոլորը մի ընտանիք են:
Այսօր Ժանի ծնունդն է: Չնայած վնասակար սովորությանը, որից խեղճը չի կարողանում ձերբազատվել, նրան սիրում են բնիկները:
«Հյուրերն» արդեն հավաքվել են, և ահա ներս է մտնում Ժանը` լայն, մաշված զսպաշապիկը հագին ու մի զարմանալի ժպիտ շուրթերին:
Բնիկերը ձևականություններ չեն սիրում և ավելորդ ոչինչ չեն նվիրում:
-Շնորհավոր ծնունդդ, Ժան,-բղավում են մեծ տան բնիկները` մեկնելով Ժանին նվերը` նոր զսպաշապիկ: