Ինչպես գիտենք ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների Երևանում կայանալիք գագաթնաժողովը ղազախական կողմի նախաձեռնությամբ տեղափոխվեց Մոսկվա, քանի որ այն, ըստ ղազախական կողմի, կարող է դիտարկվել որպես ղարաբաղյան հակամարտության մեկ կողմին ցուցաբերվող աջակցություն: Գագաթնաժողովը տեղի կունենա ապրիլի 13-ին, Մոսկվայում:
Ըստ էության իշխանության արձագանքն այս անգամ չուշացավ: Մասնավորապես Սերժ Սարգսյանը Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման սկզբում նշեց, որ այդ քայլը վնասում է ԵԱՏՄ-ի հեղինակությանը, իսկ Հովիկ Աբրահամյանի այցը Մոսկվա հարցականի տակ էր, քանի որ վարչապետը ցանկություն չուներ երկիրը նման խնդիրների մեջ թողնել և մեկնել Երևան գալուց «խուսափող» երկրների հետ հանդիպման:
Իհարկե, եթե չենք մասնակցում մոսկովյան նիստին, ապա միանշանակ լինում է լուրջ հանրային աջակցություն, ընկալվում է՝ ռուսներին ատամ ենք ցույց տալիս: Ըստ էության, սրանով մենք ղազախներին ոչինչ էլ չենք ասում ու, լայն հաշվով, նրանց համար մեկ է կմասնակցենք մենք, թե ոչ: Հաշվի առնելով, որ մեդալն ունի նաև մյուս կողմ, հասկանանք, թե ինչ կարող է լինել մոսկվա չգնալու դեպքում.
Մոսկվա չմեկնելուց հնարավոր է, որ Վերին Լարսում հայկական բեռնատարների «հերթեր» շատանան, ռուսական սննդի անվտանգության տեսչությունը անընդհատ «թունավոր» նյութեր գտնի հայկական սննդամթերքներում, կառավարության խողովակներում սկսեն խնդիրներ կուտակվել և այլն:
Պետք է հաշվի առնել նաև, որ Մեդվեդևը հրապարակային խնդրեց Հովիկ Աբրահամյանին մասնակցելու Մոսկվայում, ռուսական կողմի նախաձեռնությամբ անցկացվող նիստին՝ խոստոնալով, որ հաջորդն այնուամենայնիվ ՀՀ-ում կլինի, անկախ այն հանգամանքից թե ինչ խնդիրներ կլինեն:
Փառք Աստծո՝ վերջնական որոշումը կայացնելու բարդ առաքելությունը մեր ՖԲ ակտիվիստներն ու զանազան վերլուծաբանները չեն իրականացնելու և հուսանք, որ հաշվարկները կլինեն սթափ և իրատեսական: