Պրն. նախարար.
Այս բաց նամակը գրելու երկու առիթ ունեմ: Առաջին. փաստ է, որ Հայաստանը չունի հայ դպրության փորձից և համամարդկային արժեհամակարգից բխող ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ: Դուք դա ընդունում եք՝ ասուլիսում հայտարարելով. «Ժամանակն է կրթության ձևը Հայկական տեսակին համապատասխանեցնել». «Մենք խնդիր ունենք՝ կրթության չափորոշիչների մեջ ներդնել մերը՝ հայկական իմաստը»: Այս իրավիճակը կարիք ունի մեկնաբանության: Եվ երկրորդ. չորսօրյա պատերազմը մի կարևոր բան տվեց մեր գիտակցությանը – մենք, մեր ոգին կարողանում են դիմագրավել ու հաղթել արտաքին «թյուրքին», սակայն մեր ներքին կյանքում տեղ գտած՝ թող ներվի ինձ արտահայտությունս՝ բազում «թյուրք»-ությունները մնում են չհաղթահարված: Ներկա կրթական համակարգի վիճակը, կրթական իշխանության տեսական ու գործնական թերկարողությունը մեր ներքին արատների շարքի առաջին տեղերում են: Սա չափազանցություն չէ, քանզի լավ կրթություն չունենալը մեզ դուրս է մղում զարգացած ժողովուրդների շարքից, կասեցնում մեր զարգացումը մնացյալ ասպարեզներում:
Եվ ահա՝ հարց է ծագում, մինչև երբ մենք պետք է հանդուժենք մեր ներքին կյանքի տարբեր ասպարեզներում տիրող անգիտությունը: Մասնավորապես, կրթության ասպարեզում: Ներկայանամ – տողերիս հեղինակը մեր պետականության, մասնավորապես՝ կրթության ոլորտի առողջացման ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ Է՝ հետազոտող ու հեղինակ: Գնահատում եմ վերևում բերած Ձեր միտքը՝ կրթություն ներմուծել հայ տեսակին համապատասխանող իմաստ և բովանդակություն: Ավա՛ղ, և ձեզ ուղիղ պետք է ասեմ – դա Դուք և նախարարությունը ՉԵՔ ԿԱՐՈՂ ԱՆԵԼ: Մի՞թե չորրորդ անգամ պետք է լինել նախարար, որպեսզի ճանաչել եղած հնարավորության սահմանները: Ձեր գիտա-կրթական լծակը Կրթության ազգային ինստիտուտն է, որը նման խնդիր լուծել ՉԻ ԿԱՐՈՂ: Ծանոթացա այդ Ինստիտուտի մշակած՝ «Կյանքի հմտությույուններ» - «Առողջ ապրելակերպ» առարկաների ծրագրերին և ձեռնարկներին՝ ուսուցիչների համար: Տարիների ջանք է դրված, ծախսվել է միջազգային համայնքի հսկա օգնությունը՝ շուրջ մեկ միլիոն դոլար, իսկ կրթական արդյունքը ավելի քան համեստ է: Հարցնեմ՝ որտե՞ղ են այդ առարկաների գծով դասագրքերը՝ ստեղծված ԵՐԵԽԱՅԻ համար… Այդպիսիք չկան: Երբ ժամանակին Ձեզ ու ապարատին ասում էինք՝ մեր հեղինակային խումբը ստեղծել է առարկաների նախօրինակը և անվճար կարող է տալ երկրին, կամ կարող է առնվազն մասնակցել ընթացող աշխատանքներին՝ միայն լսեի՛ք ապարատի պատասխանները:
«Հայ եկեղեցու պատմություն» առարկայի մուտքը դպրոց, որի հեղինակն եք Դուք եղել՝ որպես նախարար, կրթական թյուրըմբռնումների արդյունք է – դա նույնն է, ինչ Լեզվի ինստիտուտի շենքի քանդելը և տեղում եկեղեցի կառուցելը: Դուք և ապարատը հեռու եք Ձեր իսկ դրած խնդրի լուծումից, քանզի Խնդիրը գիտական-մշակութային է, քաղաքակրթական է, փիլիսոփայական է, և ոչ զուտ քաղաքական - մինչդեռ Դուք խոսում եք կրթության ասպարեզում քաղաքական համագործակցության և օրենսդրական դաշտի կատարելագործման մասին… Սակայն՝ ո՞ր հենքի վրա, մանկավարժական գիտության ինչպիսի՞ Հարացույցի հիման վրա:
«Դռնոյան-Նալյան ընտանիք» հեղինակային խումբը ավելի քան երկու տասնամյակ արել և անում է այդ գործը: Կրթությանը տալ մշակութային բովանդակություն: Ստեղծել ոչ թե մասերի, այլ ԱՄԲՈՂՋԻ կրթություն: Մարդու և Հայի կերտման մի ուսումնական համալիր՝ հանրակրթության և համայնքի կրթության համատեղումով: Այս ուղղություններով հիմնական մշակումներն արված են: Ավելին՝ ստեղծված է Էկոլոգիական կրթության՝ աշխարհում նախատիպը չունեցող մանրակերտ – հայեցակարգ, ուսումնական ծրագիր և ձեռնարկ՝ «Արշալույս» առողջ ապրելակերպի ձեռնարկը: Հայաստանը մեր մի շարք մշակումներով կարող է միջազգային ասպարեզում առաջնայնության հայտեր ներկայացնել: Մենք հիմնել էինք Մարդու էկոլոգիայի դպրոցը՝ իր չորս ֆունկցիոնալ մասերով – մանկապարտեզ, հանրակրթական դպրոց, առողջագիտության կենտրոն, համայնքի առողջության դպրոց, ինչը ձեռքբերում էր միջազգային ամենաբարձր չափանիշներով: Մեր աշխատանքները շարունակվում են:
Պրն. նախարար, Դուք, ՀՀ կառավարությունը, և վերջապես՝ ՀՀ նախագահը կարո՞ղ են քաղաքական որոշում ընդունել և դնել խնդիր՝ հայկական կրթության Նոր Հարացույցի ստեղծումը, հիմնվելով մեր հեղինակային խմբի և այլ ստեղծագործ խմբերի աշխատանքների վրա: Պատրաստ ենք բանակցել Ձեզ հետ և վերցնել այդ աշխատանքների համակարգման պատասխանատվությունը: Բանակցության նյութը կարող միայն մեկը լինել՝ Կրթության Նոր Հարացույցի ստեղծման գործուն մեխանիզմի ձևավորումը: Որևէ նամակ ու նախագիծ չենք ներկայացնելու՝ մինչև հստակ պայմանավորվածության ձեռքբերումը: Դրա համար կառավարության սեղանին դնելու ենք աշխատանքների փաթեթը – 50 անուն գրքեր, գիտական հոդվածներ, հայեցակարգեր ու մանրակերտեր: Ի լրումն՝ ՀՀ կառավարությանը կներկայացվի իր իսկ ստեղծած՝ ԿԳ և Առողջապահության նախարարությունների միացյալ հանձնաժողովի դրական կարծիքը մեր աշխատանքների մասին, 2001թ.:
Պրն. նախարար, ժամանակ մի կորցրեք: Նկատի առեք՝ մենք Ձեզ խնդրելու բան չունենք – բոլոր դեպքերում՝ մեր աշխատանքները շարունակվելու են: Դուք կարող եք միայն արագացնել երկրում նոր կրթական գաղափարների իրականացումը՝ Նոր Հարացույցի ձևավորումով: Հավատացեք և ընդունեք իմ՝ հետազոտողի և փորձագետի կարծիքը: Ուղղակի զուգահեռ անցկացնեմ – Դուք ինչու՞ չեք կարող, Պաշտպանության նախարարի նման, ընդունել մեր և այլոց ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ օգնությունը: Մեր գլխավոր ճակատը՝ Կրթությունը ամրապնդելու համար: Մեր երեխաների առջև պայծառ, մեր մշակույթի արևով լի դասագրքեր դնելու համար: