Պատերազմի «այիբները», այն է՝ թերություններն ու անհաջողությունները մոռացվում են շատ արագ, եթե հաղթում ես։ Հայ-ադրբեջանական առաջին պատերազմի սխալներն ու ցավալի էջերը 1994 թ․-ի մայիսից հետո մնացին առանձին զինվորականների, լրագրողների, հրապարակախոսների ու գիտնականների մտքում, ում թիվը ժամանակի ընթացքում գնալով քչացավ։ Դիցուք՝
- 1992 թ․ աշնանը Լաչինի միջանցքում տիրող խայտառակ կացությունը, երբ ազատամարտիկներն օրերով քաղցած էին մնում, կար համաճարակի բռնկման վտանգ, չկար պաշտպանական գծի արդյունավետ կազմակերպում, իսկ թուրքերն էլ երբեմն 6-7 կմ էին հեռու Լաչինից,
- 1993-1994 թթ․ ձմռանը մերձարաքսյան հատվածում հրետանու և հետևակի չհամաձայնեցված գործողությունները, ինչպես նաև զորքի բարոյահոգեբանական անընդունելի կացությունը, ինչի պատճառով կորցրինք Հորադիս քաղաքը, մեր զինվորներից շատերը շրջապատման մեջ ընկնելով՝ ահեղագույն մարտերում կնքեցին իրենց մահկանացուն,
- 1994 թ․ ձմռանը և գարնանը Մարտակերտի հյուսիսարևելյան ուղղությամբ բազմաթիվ անփորձ նորակոչիկների ներգրավումն ընթացող ծանրագույն մարտերին,
- նոր ազատագրվող տարածքների չարդարացված ու չկանոնակարգվող թալանը, այդ թվում՝ զինադադարին հաջորդած տարիներին մերձարաքսյան հատվածի երկաթուղու/երկաթգծի ոչնչացումն, որն իմ համեստ պատկերացումներով՝ հավասարազոր է պետական հանցագործության։

Բացթողումներ ունենք նաև այսօրվա պատերազմում, որոնք օբյեկտիվորեն չբարձրաձայնելն ու չուղղելը դավաճանություն է։ Ինքս ռազմագետ չեմ և դիտարկումներս պարզ տրամաբանության միջոցով և հասկացող ընկերներիս գրառումներից եմ քաղել՝
- ԱԹՍ-ների դեմ արդյունավետ պայքարի մեխանիզմի բացակայություն,
- տանկերի հակահրթիռային դինամիկ զրահային պաշտպանության խնդիր,
- ենթակառուցվածքի ու մատակարարման խնդիր․ Գորիս-Ստեփանակերտ ճամփից զատ՝ ուրիշ նորմալ ճանապարհ չկա․ ու եթե Քարվաճառի ուղղությամբ գոնե աշխատանքները սկսվել էին ու հիմա էլ զարկ են տրվում, ապա հարավաթևն անմխիթար կացության մեջ է։ Ըստ որում՝ ռազմաճակատի հարավային թև ասելով՝ ես ի նկատի ունեմ ամբողջ Քաջարան-Կապան-Կովսական (Զանգելան)-Միջնավան (Մինջևան) գիծը, որի նկատմամբ շարունակում է կախված մնալ «կտրվելու» վտանգը,
- ընդհանուր պետական կառավարման մակարդակում՝ կոռուպցիա և ֆինանսական միջոցների անարդյունավետ տնօրինում։ Այս հարցի վրա երկար չեմ կարող ծանրանալ, նամանավանդ որ գիտելիքներս էլ չեն ներում, բայց շատ-շատերի համար (վստահ եմ՝ նաև իշխանությունների) արդեն իսկ կայացած փաստ է, որ հետպատերազմյան շրջանում չի կարող լինել այնպես, ինչպես առաջ էր, և անվտանգությանը հատկացվող միջոցների հարցը կենտրոնական տեղ է զբաղեցնելու իշխանությունների հանդեպ համաժողովրդական վստահության ամրապնդման կամ կորստյան հարցում։

Այս օրերին միակ անխափան աշխատող օղակը թերևս ժողովուրդն է, և հատկապես՝ մեր զինվորն ու հրամանատարը։ Մեր հերոսները, որոնցից շատերը մեծացել են 1990-ականների կիսաքաղցած օրերին, որոնցից շատերը զորակոչման պահին էլ աղքատ ընտանիքներից են եկել, այս պահին աներեր ու հաստատակամ կանգնած են՝ հանուն Հայաստանի պաշտպանության։ Ու սրանք «զարդարուն» խոսքեր չեն, նայե՛ք առաջնագծից ստացվող վիդեոները, կարդացե՛ք այս օրերի հերոսների սխրանքի պատմությունները, ու կհամոզվեք, որ դա իրականություն է։ Պատերազմական պայմաններում այս տեսակ նվիրմամբ ու կյանքը զոհաբերելու պատրաստակամությամբ ժողովրդի և բանակի վստահությունը կորցնելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ իշխանությունների համար և բարդագույն դրության մեջ դնել պետությունն ու պատերազմական գործը։

Էդգար Էլբակյան, Երևան, 08․04․2016 թ․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել