Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ փաստորեն Երևանի քաղաքապետարանում էլ են հասկանում պահի լրջությունն ու իրականության վերաիմաստավորումը։ Անում եմ նման եզրակացություն, որովհետև բավական էր, որ քաղաքացիները բարձրաձայնեին իրենց մտահոգությունները Էրեբունի-Երևան տոնակատարությունների հայտնի շատրվանների կածանի տեսքն աղավաղելու հետ և մեկ օրում հարցին լուծում տվեցին։
Հիշեցնեմ, որ երեկ հայտնի դարձավ, որ Հրապարակի հարակիից զբոսայգում գտնվող այդ շատրվանների հարակից սրճարաններից մեկը որոշել էին շատ վուլգար կերպով ընդլայնել ու մարդկանց համոզմամբ՝ դա աղավաղելու էր հուշարձանի տեսքը։ Արդյունքում, այսօր արդեն տեսնում ենք, որ դեռ երեկ առկա մետաղյա կոնստրուկցիաներն ապամոնտաժվում են և այդ անճոռնիությունը տեղ չի գտնելու մեր քաղաքում։

Ես գրել էի, որ այս զարթոնքի ոգին, պատերազմական այդ իրավիճակը պարտադրում է մեզ ունենալ ավելի արդյունավետ, ավելի խելամիտ ու ավելի ճիշտ աշխատող ենթակառուցվածքներով պետություն։ Եվ ահա, տեսնում ենք, որ Երևանի քաղաքապետարանը այդուհանդերձ ականջալուր է լինում հանրության մտահոգություններին և առանց ավելորդ քաշքշուքների, առանց ավելորդ դրամաների, շտկում է թերությունը։

Գովելի է ու դրվատանքի արժանի։ Աստված տա, որ այսպիսի գործելաոճը դառնա բնականոն ու սովորական բան և վարակիչ օրինակ ծառայի այլ պետական կառույցների ու գերատեսչությունների համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել