Էս օրերին ու էս պահին մի միտք խոցոտում ու ցավ է տալիս:
Էս ոնց եղա՞վ: Դեմներս ելնում է թյուրք-ասքյարը, մենք նրան ճանաչում ենք, նրա էությանը հասու ենք, ոտքի ենք ելնում… Արիության արևը շողում է մեր ճակատներին: Մեր դեմքերի կնճիռներով հոսում է լույս ու պայքար: Եվ մեր ձեռքերը պրկվում են հաղթանակի համար: Այդպիսի գեղեցիկ մարդիկ որտե՞ղ եք տեսել:
Բայց գալիս է խաղաղությունը: Մեր դեմ ելնում է «թյուրք»-միտքը, «թյուրք»-սովորույթը, «թյուրք»-հայը, «թյուրք»-անտարբերությունը, «թյուրք»-ձայնավաճառը, «թյուրք»-դաշնակիցը, «թյուրք»-իշխանավորը… Մենք ինչո՞ւ չենք ճանաչում նրանց: Ինչո՞ւ արիության արևը չի շողում մեր ճակատներին: Ինչո՞ւ մեր դեմքի կնճիռներով հոսում է խոնարհություն ու գրեթե ճորտություն: Մեր ձեռքերը թուլանում են, մեր դեմքերը անգեղանում են:
Այս ժամին մեր սրտերը, միակամ ու միաձայն, կարո՞ղ են ընդունել մի ՀՐՈՎԱՐՏԱԿ…
«Հայրենիքը սիրել անողոք ու այրող սիրով: Այնպիսի անողոք սիրով, որի մեջ այրվի ամենայն «թյուրք»-ություն: Որ խաղաղության ժամին արևը շողա մեր ճակատներին: Որ մենք այրենք ամենայն անմաքրություն ու անգեղություն մեր մեջ: Որ մենք նորոգենք մեր պետությունը: Որ մեր մեջ ապրող «թյուրք»-ությունը – ամեն մեկի մեջ՝ իր չափով – վերանա, մեր մեջ ապրող «թյուրք»-լամուկները վերակերտվեն ու ՀԱՅ դառնան»:
Այս հրովարտակին դեմ կա՞: Չկա: Դա նշանակում է՝ ԵՐԿԻՐԸ ԿԱՌՈՒՑԵԼ ՈՒ ԿԱՌԱՎԱՐԵԼ այլ կերպ: Քան մինչև այս ծանր հաղթանակի ժամը: Վաղվանից:
ՄԻ ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ.- նույնիսկ այս ժամին իմ հայկականությունը թույլ չի տալիս ինձ՝ վիրավորել անգամ թշնամուն - «թյուրք» բառը օգտագործեցի փոխաբերական ու հասկանալի իմաստով: