Ռազմական գործից այնքան էլ տեղյակ չեմ: Հետեւաբար, կոնկրետ ռազմական տեսանկյունից ոչինչ չեմ գրի, քանի որ դրանով զբաղվում են գործի գիտակները: Բայց մարդկային տեսանկյունից մի թեթեւ բան կասեմ: Նախ, հերթական անգամ համոզվեցի, որ կյանքում ոչինչ պատահական չի լինում: Եթե տիեզերքում մոլորակներից մեկի արհեստական երկու արբանյակները այնպիսի կառուցվածք ունեն եւ այնպիսի ճշգրտությամբ են տեղակայված, որ ապահովում են տվյալ մոլորակի "կենսունակությունը" (այսինքն, որ նույնիսկ տիեզերքում պատահական ոչինչ չկա), ապա Երկրի վրա՝ մարդկության կյանքում, առավել եւս, ոչինչ պատահական չէ: Էս պատերազմը որոշակի առումով "մեսիջ էր" մեզ՝ հայերիս, ինքնամաքրվելու, միմյանց գնահատելու առումով: Կարծում եմ կհամաձայնեք, որ վերջին շրջանում հայերիս մեջ մի տեսակ չարություն էր մտել, ատելություն, միմյանց ամեն գնով չհարգելու, վարկաբեկելու տեսանկյունից: Չնչին առիթի դեպքում թերագնահատում էինք միմյանց, փորձում "կծել", տողատակով կամ բացահայտ վիրավորել եւ այլն: Բայց ապրիլի 1-ի գիշերը փոխեց ամեն ինչ, զինվորին բառիս ամենաուղիղ իմաստով "ցնցեց" դիրքերում, իսկ մեզ՝ հոգու մեջ: Մեկ գիշերվա մեջ հայի մեջ կրկին արթնացավ գիտակցումը, որ պետք է ապրել ճիշտ, պետք է վայր չդնել հարգանքը, քանի որ բնությունն ամեն բան տեսնում է եւ, շատ դեպքերում, չի ներում: Այսօր, երբ նկատում եմ այն համախմբվածությունը, որը կա հայ ազգի մեջ, որը մեկ բռունցք է դարձրել հային, աշխարհի տաբեր ծայրերից վերադարձրել է մեր հայրենակիցներին եւ նպաստել պատրաստակամությանը, ուղղակի հիացմունք ես ապրում: Ափսոս, որ նման համախմբվածության համար առիթ դարձավ չավարտված պատերազմը, բայց այն եւս մեկ անգամ ապացուցեց, որ Հայրենիքը սուրբ ու կարեւոր է գրեթե յուրաքանչյուր հայի համար: Վերսկսված պատերազմը "դարձի բերեց" հային, արթնացրեց մարդկային կարեւոր արժեքները կրկին գիտակցելու, կրկին ու տասնապատիկ արժեւորելու կարեւորությունն ու պահանջը: Թեկուզ առիթը տխուր է, բայց սրտանց կցանկանամ, որ սա վերջնականապես դառնա հիմնաքարը՝ միմյանց հավերժ սիրելու, հավերժ հարգելու, հավերժ գնահատելու եւ գոնե Հայրենիքի ներսում միմյանց հետ համերաշխ ու գիտակցված ապրելու համար: Մենք եղել ե՛նք, կանք ու միշտ կլինե՛նք!
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: