Յուրաքանչյուր ազգի պատմության մեջ գոյություն ունեն երևույթներ, իրադարձություններ, դեմքեր, որոնց մասին խոսելիս` անգամ դրվատելիս, ակամայից մեծ զգուշավորություն ես ցուցաբերում: Չեմ կարծում, որ կգտնվի մի հայ, ով կկատակի Մեծ եղեռնի թեմայով, չի հպարտանա մեր անկախությամբ և այլն: Մինչև վերջին երկու օրը չէի հավատա նաև, որ կգտնվի գոնե մեկը, ով կհամարձակվի ծաղրել Գարեգին Նժդեհին: Բայց արի ու տես, որ կա այդ մեկը, կան այդ հարյուրները, կան այդ հազարները: Ցուցադրվելիք ֆիլմի հայտնի արտահայտությունը ծաղրելով` այդ գլխաքանակը ուղղակիորեն և անուղղակիորեն ծաղրում է Նժդեհին, մեր անկախությունը, պատմությունը, ինձ և հայ ծնված, հայ ապրող և հայ մեռնող յուրաքանչյուրին:
Բնականաբար, սա կապվում է գալիք նախագահական ընտրությունների հետ: Սակայն այսօր մեր քաղաքական դաշտն այնքան ամայացած է, որ իշխանությունն անգամ կարիք չունի գովազդների: Ընդդիմադիր դաշտում հանդես եկող և Նժդեհին ծաղրող գլխաքանակը ժամանակին պետք է աշխատեր ոչ թե Ֆեյսբուքում, այլ իրական դաշտում և այսօր գոնե ունենար սեփական թեկնածուն:
Համաձայն հայտնի մոտեցումներից մեկի` ժողովուրդն այն մարդիկ են, ովքեր ապրում են տվյալ երկրի տարածքում տվյալ ժամանակաշրջանում, իսկ ազգը իր մեջ ներառում է նաև հանգուցյալներին, հերոսներին և նաև նրանց, ովքեր դեռ նոր են ծնվելու: Թե երբ ազգից դարձանք ժողովուրդ, սկսեցինք ապրել թիթեռի նման` մտածելով միայն ներկայի մասին, սկսեցինք ծաղրել մեր հերոսներին, չեմ կարող մտաբերել:
Հ.Գ. Այս ամենը դեռ սկսվել է ֆլիմի ցուցադրումից առաջ... Սարսափելի է արդեն պատկերացնել՝ ինչ կլինի հունվարի 29-ից հետո:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/sevak.hakobyan.5/posts/439966172736767
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել