Armradio.am-ը գրում է.
Իրավիճակը շփման գծում շարունակում է բավականին լարված մնալ: Հակառակորդը թեժ լարվածությունը պահպանում է առաջնագծում, հակառակ Ադրբեջանի ՊՆ-ը այն հայտարարության, թե իբր միակողմանի դադարեցնում են ռազմական գործողությունները: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հստակեցրեց, որ հակառակորդը չի դադարեցրել ռազմական գործողությունները, Ադրբեջանը սուտ լուրեր է տարածում։
«Ռադիոլուրի» հետ զրույցում Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, վերլուծելով ստեղծված վիճակը, նշեց, որ սա պայմանավորված է Վաշինգտոնում կայացած Էրդողան-Ալիև հանդիպմամբ: Թուրքիան հորդորել է Բաքվին հիմա սկսել ռազմական գործողություններ, քանի որ ամենահարման պահը հիմա է, վաղը ուշ կլինի, քանի որ տնտեսական քաղաքական վիճակը վատանում է Ադրբեջանում։
Նա կարծում է՝ ռազմական գործողությունների դադարեցման մասին Ադրբեջանի ՊՆ հայտարարություններին Հայաստանը չպետք է համաձայնի։ «Բոլոր դիրքերը, որ գրավել են, պետք է ազատագրենք, քանի որ եթե մնա՝ դա կոգևորի նրանց: Կարծում ենք, որ Ադրբեջանը պիտի պատժվի ու կորցնի երկու խոշոր բնակավայր»։
Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ այն, ինչ կատարվում է, լայնածավալ ռազմական գործողություններ չպետք է համարել։ Եթե այդպես լիներ՝ հակառակորդը զուգահեռ պետք է ռմբակոծեր Ստեփանակերտը, սակայն դա տեղի չի ունենում, ինչից Իսկանդարյանը եզրակացնում է, որ նպատակը լոկալ հարվածներ հասցնելն է՝ Վաշինգտոնում Ալիևի անհաջողություններով պայմանավորված։ «Կարծում եմ՝ այս սրացումը ինչ-որ ձևով կկանգնեցվի առաջիկա օրերի ընթացքում»,- ասում է Կովկասի ինստիտուտի տնօրենը։
Քաղաքագետը, ի տարբերություն Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Արար Պապյանի, ներկա լարվածությունը չի պայմանավորում ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությամբ:



