Galatv.am-ը գրում է.
ԳԱԼԱ-ի հարցազրույցը ռազմական փորձագետ, ԱՊՀ երկրների եվրասիական ինտեգրացիայի և Շանհայի համագործակցության կազմակերպության ինստիտուտի զարգացման բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեեւի հետ:
– Պարոն Եվսեեւ, ինչ եք կարծում, ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի այս աննախադեպ ագրեսիան օդուժի եւ հրետանու կիրառմամբ:
– Ես ենթադրում եմ, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ գոյություն ունեցող անվտանգության գոտու` այսինքն Ղարաբաղի շրջակա 7 շրջանների նկատմամբ վերահսկողություն հաստատելու փորձ է ձեռնարկվել: Իմ տեղեկություններով, ադրբեջանցիները որոշակի հաջողություններ են արձանագրել, քանի որ տանկերի, հրետանու եւ օդուժի մասսայական կիրառման հաշվին հնարավոր է դարձել ճեղքել պաշտպանության առաջին եւ երկրորդ գծերը` շփման գծից խորանալով շուրջ 20 կմ: Սա առաջին անգամ է իրագործվում 1994թ.-ի հրադադարի համաձայնագրից հետո: Հարձակման ժամանակ Ադրբեջանի կողմից մասնակցել է 1000-3000 զինծառայող, այլապես այդքան խորը ներթափանցել չէր հաջողվի:
– ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՌԴ ԱԳՆ-ն կոչ են անում երկու կողմերին զերծ մնալ բռնություններից, բայց չէ որ ագրեսորն Ադրբեջանն է: Ինչպե՞ս բացատրել նման արձագանքը:
– Որպես կանոն այս հակամարտությունում ներգրավված են 2 կողմ: Թեեւ իրականում մասնակցում են ոչ թե 2, այլ 3 կողմ: Ամեն դեպքում պետք է կոշտ դատապարտել Ադրբեջանի գործողությունները, քանի որ հասկանալի է, որ ներթափանցումն անվտանգության գոտի եղել է ոչ թե Հայաստանի կամ ԼՂՀ-ի կողմից, այլ Ադրբեջանի, իսկ ԼՂՀ զորքերը վերականգնել են ճակատային գիծը:
- Ադրբեջանը Ղարաբաղը գրավելու կոնկրետ ծրագիր ունե՞ր:
– Ես զերծ կմնամ ամբողջ Ղարաբաղը գրավելու մտադրության մասին խոսելուց, սակայն միանշանակ է, որ նրանք ցանկացել են վերադարձնել անվտանգության գոտու 7 շրջանները: Ամեն դեպքում խոսքը գնացել է ԼՂՀ տարածք զորքերի մասշտաբային առաջխաղացման մասին: Հաջողություն չի արձանագրվել, սակայն չի կարելի բացառել ճակատային գծի այլ հատվածներում նման նոր փորձերը: Միջազգային հակամարտության ծագման վտանգը բավականին բարձր է:
- Իսկ ինչ եք կարծում, հնարավո՞ր է ռուսաստանյան ռազմաբազան բերվի բարձր մարտական պատրաստվածության:
– Որպես ռազմական փորձագետ, ես ենթադրում եմ, որ իրավիճակի լարվածության շարունակության դեպքում Գյումրիում ռուսաստանյան ռազմաբազան կբերվի բարձր մարտական պատրաստվածության, որովհետեւ ոչ ոք չի կարող կանխատեսել իրադարձությունների հետագա զարգացումը: Եթե տարածքի մի մասը մնա Ադրբեջանի վերահսկողության ներքո, ապա հակամարտության էսկալացիա կլինի, ինչը ենթադրում է 2 կողմերից հավելյալ զորքերի տեղակայում: Նման պայմաններում ընդունված է մոտակայքում տեղակայված ռուսաստանյան բազաները բերել բարձր մարտական պատրաստվածության, եւ ենթադրվում է ռազմաբազայի պաշտպանությանը միտված անհրաժեշտ գործողություններ:
- Ադրբեջանի գործողություններում կա՞ արդյոք թուրքական հետք:
– Ես չեմ կարող բացառել Թուրքիայի ազդեցությունն Ադրբեջանի գործողությունների վրա: Հնարավոր է, որ թուրքական հատուկջոկատայիններն ադրբեջանական կողմին օգնություն են ցուցաբերել, ինչպես նաեւ մասնակցել հետախուզական-դիվերսիոն հարձակմանը: Եթե դա պաշտոնապես հաստատվի, ապա Ռուսաստանի արձագանքն իրեն երկար սպասեցնել չի տա: Իհարկե, պետք է նաեւ ընդգծել Անկարայի օժանդակությունը սպառազինության տեսքով: