Ինձ շատ դժվար է այս թեմայով գրելը, շատ դժվար...
Ամիսներ առաջ ֆեյսբուքում գրառում հայտնվեց սահմանամերձ Բերդավան գյուղից մի երեխայի մասին, ում պարանոցում ուռուցք էր հայտնաբերվել: Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին նախաձեռնության կողմից դրամահավաք էր կազմակերպվել 14-ամյա Ադելլայի բուժման համար: Այդ ժամանակ Ադելլան դեռ Քանաքեռի հիվանդանոցում էր պառկած: Այցելեցի իրեն ընկերներիցս Ռիտայի հետ: Ու էն հուսահատությունը, որ տեսա նրա աչքերում, ինձ ստիպեց հետագայում անել հնարավորն ու անհնարինն Ադելլայի բուժման համար: Պարբերաբար կոչ էի անում բոլորին ֆինանսապես և ուղղակի հիվանդանոց այցերով օգնել, փորձում էի Ադելլային ուժ տալ ու հավատ ներշնչել, որ ամեն ինչ լավ է լինելու: Եվ ընկերներիս ու նաև անծանոթ մարդկանց օգնությամբ դա հաջողվեց: Ադելլան կարողացավ հաղթահարել Նաիրի բժշկական կենտրոնում պարանոցում իմպլանտի տեղադրման վիրահատությունը, որի ժամանակ ուռուցքից նմուշ վերցվեց ու պարզվեց, որ այն բարորակ է: Այդ ժամանակ մեր ուրախությանը չափուսահման չկար, սակայն ուռուցքն արագ մեծացող էր և կարիք եղավ Ադելլային ուղարկել Մոսկվա` ուռուցքը վիրահատական եղանակով հեռացնելու համար: Վիրահատության գումարը Ռուսաստանի «Подари жизнь» բարեգործական կազմակերպությունը վճարեց և Ադելլայի մայրը, ում անունով բացված հաշվեհամարին կատարվել էին փոխանցումները, տեղեկացրեց, որ բուժումից հետո ավելացված գումարը կփոխանցի շտապ վիրահատության կարիք ունեցող այլ երեխայի: Բայց ցավոք ուռուցքի վիրահատության ժամանակ պարզվեց, որ այն շատ յուրահատուկ ուռուցք է, ինչպես բժիշկն էր ասել` աշխարհում 4-րդ դեպքն է, որը չնայած բարորակ է, բայց շատ արագ է աճում և վիրահատությամբ հնարավոր չեղավ ամբողջը հեռացնել ու Մոսկվայում վիրահատությունից հետո հարկ եղավ այստեղ ճառագայթային կուրս անցկացնել, որն ավարտվեց փետրվարի 21-ին և մեկ ամիս անց միայն կարող էինք իմանալ դրա ազդեցության արդյունքները: Բայց մարտին երեխայի ինքնազգացողությունը կտրուկ վատթարացավ և մարտի 22-ին կատարված հետազոտությունները ցույց տվեցին, որ ուռուցքը շարունակում է մեծանալ, ու որ ճառագայթումը չի տվել ցանկալի արդյունքը: Եվ հիմա մնացել է վերջին ու միակ հույսը` երեխային ներարկել մի դեղ, որն այնքան էլ ցանկալի չէր ներարկել, որովհետև նոր, դեռ այդքան էլ լավ չհետազոտված դեղ է, բայց այլ տարբերակ չկա: Հավաքված գումարը ծախսվեց վիրահատությունից առաջ ու հետո անալիզների և բուժման հետ կապված այլ կարիքների վրա: Ու հիմա Ադելլայի մայրը կրկին ծանր վիճակում է հայտնվել, քանի որ դեղի յուրաքանչյուր 60մլ տարողությամբ սրվակն արժի մոտ 130.000 դրամ, իսկ ամեն ներարկման ժամանակ անհրաժեշտ է երկու այդպիսի սրվակ: Նախանական պետք է շաբաթական մեկ ներարկում: Առաջին ներարկումը պետք է արվի վաղը: Մեկ սրվակն այսօր գնեցինք, երկրորդի գումարից դեռ պակասում է, բայց պատվիրեցինք, որ պահեստից բերեն, վստահ լինելով որ վաղն առավոտյան հարցը կլուծվի:
Մյուս շաբաթվա ներարկման համար կարելի է փորձել դեղի սրվակները գնել ասենք Ուկրաինայից, որտեղ ոնց որ թե 165 դոլարի կարգի էր: Դեղի անունն է Denosumab Prolia:
Եթե մարդիկ կան, ովքեր կարող են և ցանկանում են օգնել Սոնային` Ադելլայի մայրիկին, կարող են իր հետ կապնվել 098 125 413 հեռախոսահամարով:
Ադելլան այս պահին գտնվում է Մուրացանի մանկական հիվանդանոցի քիմիատերապիայի բաժանմունքի թիվ15 պալատում:
Հ.Գ. Ադելլային հատուկ չեմ նկարել այս ծանր վիճակում և գրառման հետ չեմ տեղադրել նման նկար, ու ձեզ էլ եմ խնդրում եթե այցելեք, չնկարեք: Երեխայի տեսողությունը նույնպես շատ վատ է, ֆեյսբուք բնականաբար չի մտնում, բայց հուսով եմ, որ նա կապաքինվի ու չեմ ուզենա, որ համացանցում նման նկար հայտնվի: Մենք պետք է սովորենք օգնել մարդկանց առանց սրտաճմլիկ լուսանկարների: