Այս տարի տեսաբացիկները նպատակ ունեն ներկայացնելու մասնակից պետությունը՝ ընդհանուր առմամբ, արտիստին՝ մասնավորապես: Տեսաբացիկները կօգնեն կարևորել ինչպես վերոնշյալ երկրի մշակույթն ու ավանդույթները, այնպես էլ ներկայացնել արտիստի հետաքրքրությունները:
Տեսաբացիկի ռեժիսոր Օլիվեր Մարթինի խոսքով՝ տեսաբացիկների այս տարվա ձեւաչափը շատ ինքնատիպ է: «Մենք փորձում ենք ներկայացնել երկիրը արտիստի միջոցով՝ նրա հետաքրքրությունների, նախասիրությունների: Մենք հրաշալի ժամանակ ենք անցկացնում Հայաստանում: Այստեղ շատ գեղեցիկ է, մարդիկ հյուրընկալ են եւ շատ բարի: Բացի այդ, իսկական հաճույք է Իվետայի հետ աշխատելը. Նա շատ տաղանդավոր, պրոֆեսիոնալ եւ տարբերվող արտիստ է: Կարծում եմ տեսաբացիկը իսկապես շատ հետաքրքիր կստացվի», - նշում է ռեժիսորը:
«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանը կարևորում է տեսաբացիկների գաղափարը, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ներկայացնելու ինչպես երգչին, այնպես էլ երկիրը: «Թեեւ մենք ընդամենը մեկ օր ունեինք նկարահանումներ կատարելու համար, բայց արեցինք առավելագույնը եւ ներկայացրեցինք հայաստանյան ինքնատիպ վայրեր: Եվրատեսիլյան տեսաբացիկում ծիրանի ծառը, շախմատը, ինչպես նաեւ իմ լավաշ թխելը նույնպես խորհրդանշում են հային ու Հայաստանը: Իսկապես հրաշալի էր նկարահանման ընթացքը, ես անհամբերությամբ կսպասեմ, թե երբ եմ տեսնելու տեսաբացիկը: Կարծում եմ Դուք էլ կհավանեք այն», - նշում է Իվետա Մուկուչյանը:
Տեսաբացիկի մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել եվրատեսիլյան օրագրի շրջանակներում: