ԱՄՆ առանձին նահանգների կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը կարելի է գնահատել որպես արցախահայության իղձերի իրականացման գործին ցուցաբերված բարոյական աջակցություն: Սակայն չմոռանանք նաև այն մասին, որ թեև ԱՄՆ տարբեր նահանգներ ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը, այդուհանդերձ, պաշտոնական Վաշինգտոնն առ այսօր, հակառակ նախկինում տրված բազում խոստումների, Թուրքիայի կողմից հայերի բնաջնջման փաստը պաշտոնապես ցեղասպանություն չի ճանաչում: Բարոյական աջակցությունը կարևոր դրական գործոն է, սակայն այս կիսաքայլերը մեզ չեն կարող բավարարել՝ դրանք ընդամենն էլ ավելի են գրգռում մեր հակառակորդներին: Նաև պետք է ընդունենք, որ պաշտոնական մակարդակում ընդունակ չենք գտնվել այնպիսի քաղաքականություն վարել, որի արդյունքում իրականություն դառնան մեր կարևորագույն նպատակադրումները: Անհրաժեշտ է շնորհակալ լինել ցանկացած աջակցության համար, սակայն մեր նպատակը պետք է լինի կոնկրետ իրավական ու տնտեսական արդյունքներ ենթադրող համակարգված քաղաքական մոտեցումների մշակումն ու գործնական կիրառումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: