Tert.am-ը գրում է.

Ռուսաստանցի զբոսաշրջիկները Թուրքիան փոխարինում են Վրաստան, Հայաստան և Ադրբեջան այցերով, գրում է «Коммерсантъ» թերթը՝ շուկայի մասնակիցներին հղումով:

Տուրօպերատորներն ու ճանապարհորդությունների ինքնուրույն պլանավորման համակարգն այդ երկրներ այցերի պահանջարկի աճ են գրանցել առնվազն 50%-ով։

«Վրաստան, Հայաստան և Ադրբեջան այցերի ամրագրման դեպքերն ավելացել են 50%-ով, սակայն պետք է հասկանալ, որ դրանք զանգվածային ուղղություններ չեն»,- հայտարարել է «Դելֆին» ընկերության տնօրեն Սերգեյ Ռոմաշկինը: Ընկերության գնահատականներով՝ ամռանը Վրաստան կայցելեն Ռուսաստանից 200-300 հազար զբոսաշրջիկներ։ 

Աբխազիա նախատեսում են այցելել մոտ 1.5 մլն ռուսներ, ինչը նախորդ տարվա համեմատ 20 տոկոս աճ է համարվում:

«Ինտուրիստ» ընկերության վաճառքի գծով տնօրեն Սերգեյ Տոլչինը ևս նշել է ԱՊՀ երկրներ այցերի պահանջարկի աճի մասին։ Նրա խոսքով՝ դեպի Հայաստան և Ադրբեջան պահանջարկն աճել է երեք անգամ, սակայն շուկայի համար զգալի ծավալների մասին դեռ խոսք չկա։

«Սվյազնոյ Թրևլ» ընկերության տնօրեն Ալեքսանդր Դորոշն առանձնացրել է Բաթումը, որտեղ նախապես ամրագրման դեպքերը 2015 թվականի համեմատությամբ աճել են 3.2 անգամ։


Դորոշը նշել է, որ երկրորդ զգալի աճ գրանցած ուղղությունը Հայաստանն է։

Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել են թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել է ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել