Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը պատրաստվում է Օլիմպիական վարկանիշային մրցաշարերին։ Այժմ մեր հունահռոմեականները վարկանիշ ունեն միայն 66 կգ և 98 կգ քաշային կարգերում։
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, 2014 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը չի մասնակցելու Սերբիայում կայանալիք առաջին վարկանիշային մրցաշարին և պատրաստվում է Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում կայանալիք համաշխարհային վարկանիշային մրցաշարին: Sport Times.am-ի հետ զրույցում Արսենը պատմել է՝ ինչու՞ չի մասնակցել Եվրոպայի առաջնությանը, ինչու՞ է բաց թողնում Սերբիայում կայանալիք մրցաշարը, ի՞նչ կարծիք ունի մարզաշխարհը ցնցած դոպինգ-սկանդալի մասին:
-Որո՞նք են Եվրոպայի առաջնությանը և Սերբիայի մրցաշարին չմասնակցելու պատճառները:
-Կարծում եմ՝ ցանկացած մարզասեր, պրոֆեսիոնալ մարզիկ ու մարզիչ համակարծիք կլինի ինձ հետ, որ մեկ տարվա մեջ ավելորդ է 4-5 լուրջ մեկնարկ անել մինչև Օլիմպիական խաղերը: Աշխարհի առաջնությունից հետո ես բավականին բարդ իրավիճակում հայտնվեցի, քանի որ մտածում էի՝ առնվազն վարկանիշ ձեռք կբերեմ, իսկ իրականում գնացել էի աշխարհի չեմպիոնի կոչումը պաշտպանելու, բայց օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով վարկանիշ չեղավ, ու ամբողջ ծրագրերը փոխվեցին։ Իմ գերնպատակը Օլիմպիական խաղերին ոսկե մեդալ նվաճելն է, իսկ մնացած ամեն ինչ ինձ շեղելու է այդ նպատակից։
Եվրոպայի առաջնությունը կոնկրետ ինձ ոչինչ չտվող մրցաշար է: Եվրոպայի առաջնության բոլոր մեդալները ունեմ, իսկ վարկանիշ այդ առաջնության ժամանակ չէր խաղարկվում։ Բացի այդ, ունենք երիտասարդ ըմբիշներ, որոնք ևս պետք է առաջընթաց գրանցեն: Այս պարագայում ագահություն անել՝ մասնակցելով բոլոր մրցաշարերին, ըստ իս, անիմաստ է։ Ինչ վերաբերում է վարկանիշային մրցաշարերին՝ ինչպես աշխարհի առաջնության ժամանակ, այնպես էլ վարկանիշային մրցումներին կարող է այնպես լինել, որ ինչ-որ բան ծրագրվածով չգնա։ Ինչքան էլ ուժեղ լինես, մեկ դեպքում կարող է մրցավարը խանգարել, մեկ այլ դեպքում այդ օրը քեզ վատ զգաս, և ընդամենը մեկ վրիպումը կարող վարկանիշ արժենալ: Աստված չանի, եթե առաջին մրցաշարում չկարողանաս վարկանիշ ձեռք բերել, պետք է երկրորդին մասնակցես, երկրորդում չստացվի՝ երրորդին, դրան էլ գումարած Եվրոպայի առաջնությունը՝ ստացվում է 4 մեկնարկ: Չեմ պատկերացնում մի մարզիկի, ով այդքանից հետո կկարողանա գերազանց մասնակցել Օլիմպիական խաղերին։
Չգիտեմ՝ մտածված, թե պատահական, բայց Եվրոպայի վարկանիշային առաջին մրցաշարը շատ վատ ժամանակացույցով են կազմել. եթե Ամերիկայի և Ասիայի վարկանիշային առաջին մրցաշարերը համաշխարհային վարկանիշային մրցաշարերից մեկ ամիս կամ ամիսուկես առաջ են, ապա Եվրոպայինը ստացվեց 5 օր տարբերությամբ։ Մարզիկը ֆիզիկապես չի կարող երկրորդին էլ մասնակցել։ Ճիշտ է՝ կլինեն մարզիկներ, ովքեր կցանկանան, բայց դա իրենց անձնական որոշումն է։ Անձամբ ես կարծում եմ, որ սխալ է 5 օրվա տարբերությամբ 2 վարկանիշային մրցման մասնակցել, չէ՞ որ գնում ես հաղթելու, ոչ թե պարզապես 1-2 գոտեմարտ անցկացնելու։ Դրա համար որոշեցինք սկսել Մոնղոլիայի մրցաշարից: Երկրորդ վարկանիշային մրցաշարին 3 վարկանիշ է խաղարկվելու, իսկ առաջինին՝ 2։ Կարապետ Չալյանը նոր է վերադարձել Եվրոպայի առաջնությունից և այդ քաշային կարգում լավ է հանդես եկել, դրա համար նա կմեկնի Սերբիա։ Միգուցե նա կարողանա վարկանիշ նվաճել, և կազատվենք այդ դարդից (ժպտում է-խմբ.)։
-Եթե Կարապետը վարկանիշ ձեռք բերի, և հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը որոշի, որ նա է մեկնելու Ռիոյի Օլիմպիական խաղերին...
-Ես վստահ եմ, որ ցանկացած ընտրություն պետք է հիմնավորված լինի: Եթե մասնագետները և Լևոն Ջուլֆալակյանը գտնեն, որ Օլիմպիական խաղերին 75 կգ քաշային կարգում որևէ մարզիկ կարող է ավելի վստահ, ավելի ուժեղ ու ավելի լավ ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը, և դա հիմնավորի, ես ի՞նչ կարող եմ անել... Սա սպորտ է, և սպորտի օրենքն է՝ միշտ պետք է ապացուցես, որ դու ուժեղ ես և լավագույնը։ Եթե ինձ մոտ ամեն ինչ նորմալ հունով ընթանա, առողջ լինեմ, նորմալ մարզավիճակում, մեծամտություն թող չթվա, բայց կարծում եմ՝ պատրաստ կլինեմ Օլիմպիական խաղերին բարձր արդյունքներ ցույց տալ։
Լևոն Ջուլֆալակյանի փորձն ու մասնագիտական որակները թույլ կտան ամեն ինչ լավ ծանրութեթև անել, հետո նոր որոշում կայացնել։ Չմոռանանք՝ խոսքը Օլիմպիական խաղերի մասին է։ Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների ժամանակ 1-2 լավ մասնակցությունը բնավ չի նշանակում, որ պատրաստ ես Օլիմպիական խաղերին փայլել։ Սա այլ մակարդակ է: Սեփական փորձով եմ ասում, քանի որ արդեն 3-րդ խաղերին եմ պատրաստվում։ Այլ մթնոլորտ է, հնարավոր է՝ լավագույնները վրիպեն, ու անհայտ մարզիկները դառնան չեմպիոն։ Անկանխատեսելի մի մրցաշար է, որտեղ պետք է լավագույնս պատրաստ լինես՝ ֆիզիկապես, տեխնիկապես, հոգեբանորեն, առանց վնասվածքների: Պետք է ինչ-որ հանրագումար լինի, որ կարողանաս այդ օրը փայլել։


-Ըմբշամարտը համարվում է ամենամաքուր մարզաձևերից։ Ինչպե՞ս ստացվեց, որ դոպինգ սկանդալը թակեց նաև Ձեր մարզաձևի դուռը։
-Վաղուց եմ ասում, որ մեծ սպորտը արմատապես կապված է քաղաքականության հետ, և չի կարելի հերքել այն փաստը, որ սպորտն ու քաղաքականությունն իրար հետ են քայլում։ Օրինակները շատ են՝ ՖԻՖԱ-ի դեպքերը, Բաքվի խաղերը, թվարկումը կարելի է անվերջ շարունակել։ Մի՞թե նկատելի չէ, երբ Ռուսաստան-Ուկրաինա կոնֆլիկտը առաջացավ, սկսվեց նաև այս ամենը: Տնտեսական պատժամիջոցներ, հետո սպորտ, որը Ռուսաստանի իշխող վարչակարգի հիմնասյուներից մեկն է։ Սպորտը, մշակույթն այն բնագավառներն են, որոնց միջոցով բազմաթիվ հոգսերից շեղում են հասարակությանը։ Ինչքան էլ վատ տնտեսական վիճակում լինես ու ինչ հոգսեր էլ ունենաս, երբ քո երկիրը ներկայացնող մարզիկը հաղթում է, առնվազն մեկ օր կտրվում ես հոգսերից։ Այդ պատճառով էլ որոշակի քաղաքական նկատառումներից ելնելով՝ սկսվեց այս ամենը։
Շարունակությունն՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://sport.times.am/?p=164268&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



