Ամեն անգամ մեր տանը սոխ կճպելիս ես գիտեի, որ կեղևը չպիտի թափվեր, տատս հավաքում էր բռի մեջ դանդաղ քայլերով մտնում խորդանոց,տեղավորում փոքր արկղում, որին անուն էի դրել ՝ զատիկի արկղ: Զատկի օրվան բոլորս էինք սպասում, ճիշտ էր ձու միշտ էինք ուտում, բայց այդ օրվա խորհուրդն ուրիշ էր: Ամեն Զատկի շաբաթ օրը առավոտյան պարտադիր պիտի Ուշի ուշով հետևեի, թե ինչպես է տատս եռանդով խորդանոցի արկղի միջից սոխի կեղևները հանում լցնում պղինձը և դնում մարմանդ կրակին: Ցերեկը գալիս էին հարևան Սեդան և Աստղիկ տատին մեզ իրենց հավաքած բանջարից բաժին բերում: Տատս մոտ 100 ձու էր եփում, որ հարևանը հավ չուներ պարտադիր նրանց էլ էր ուղարկում: Հարևան Սեդա տատիկը ձուն տորթի գույնով էր ներկում, որն ինձ ավելի էր գրավում, ես էլ միշտ զատկի օրը մի պատրվակով մտնում էի իրենց տուն, որ ինձ իրենց բաց կարմիր ձվից էլ նվիրեր ու պարտադիր այդ ձվերը ձեռքս տուն մտնելով արժանանում էի տատիկիս խիստ նկատողությանը. «Տունն էդքան ձու կար, ինչի՞ վերցրիր, տնաշեն հո դու ծակ աչք չես»:
Սեղան նստելուց առաջ պարտադիր պիտի լողանայինք, գնայինք եկեղեցի, նստեինք սեղան՝ պապիկիս գլխավորությամբ: Մենք մեքենա ունեինք հայրս պապիկիս տատիկիս ու տարեց հարևաններին էր իջեցնում, իսկ ես սիրում էի ոտքով, երիտասարդ հարևանների հետ: 1990 թիվն էր Եղվարդի եկեղեցում էի այդ օրը, մի պաշտոնյա էր եկել կնոջ ու Աղջկա հետ եկեղեցի, առաջին անգամ մեծամտության և քաղքենիության հետ այդ օրը բախվեցի, այնքան ատեցի այդ երևույթը, որ իբր պատահական մոմի կրակը պահեցի աղջկա մազերին՝ մի թեթև խանձելու նպատակով, բայց դրա մազերը միանգամից բռնկվեցին: Մի անմարդկային վայնասուն բարձրացրեց, արագ խփեցինք գլխին( ես նաև բամփեցի) հանգցրեցինք ու թռա եկեղեցուց: Մինչև հիմա բարեկամներս հիշում են այդ դեպքը: Երեկոյան սեղան էինք նստում 8 հոգով: Պարտադիր պապիկիս ու հորս հետ ձու էի կռվացնում, ու այդ պրոցեսի ժամանակ բացի միջնակ քրոջիցս բոլորը իմ հաղթանակին էին սպասում: 1992 թվականին առաջին անգամ ձու չներկեցինք. պապս էր մահացել, տատս արկղի միջից հավաքեց կճեպները արտասվելով տվեց հարևաններին: Այդ օրը նրանք տարան ինձ իրենց տուն, որ ես անմասն չմնամ կարմիր ձու կռվացնելուց: Այդ տարի ահագին ձու էլ ուղարկեցին կռվող տղաներին: Հիմա, որ տեսնում եմ այս տոնը ծաղրողներին ինձ թվում է, սրանք ծաղրում են իմ լավագույն հիշողությունները, ու իրենք տատ չեն ունեցել, լավ հարևան չեն ունեցել,ընտանեկան ջերմություն չեն տեսել,սիրված չեն եղել առհասարակ,սիրո մթնոլորտում չեն մեծացել: Իսկ գուցե իրենք են վատը, չեն տվել դրա համար էլ չեն ստացել, չունեն և դժվար էլ ստանան:
Քրիստոս հարեավ ի մեռելոց...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mnatsakanyan1/posts/998079223609764?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել