Զատիկը` որպես քրիստոնյա աշխարհի ամենասիրված տոներից մեկը, խորհրդանշում է հավիտենական կյանքը եւ աշխարհի անվերջությունը: Ձուն աշխարհի խորհրադանիշն է, որը մաքրագործվեց Քիստոսի թափած կարմիր արյունով:
Այն սկիզբ է առել հրեաների կողմից նշվող Պասեք տոնից, որի ժամանակ ըստ քրիստոնեական դավանանքի 1-ին դարում Երուսաղեմում խաչվել և հարություն է առել Հիսուս Քրիստոսը։ Պասեքը հրեաների կողմից ինչպես նախկինում այնպես էլ այսօր տոնվում է ի նշան եգիպտական գերությունից ազատագրման և մասնավորապես Հին Կտակարանում նկարագրվող այն դրվագի, երբ Աստվածը նոխազի արյան միջոցով զատեց իր ժողովրդին եգիպտացիների վրա ուղարկված աղետից՝ անդրանիկ զավակների կոտորածից։ Համաձայն քրիստոնեական ուսմունքի՝ այդ իրադարձությունը նախանշան էր Հիսուս Քրիստոսի (Գառն Աստծո) կամովին մահվան ընդունման և իր արյան հեղման՝ հանուն մարդկության փրկության։ Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում է որպես զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն։ Պողոս առաքյալը Հիսուսին այդպես էլ կոչում է՝ զատիկ, «…քանզի Քրիստոս՝ մեր զատիկը, մորթվեց…»։
Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։
Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։ Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։
Ժամերգություն է տեղի ունենում և Պատարագ մատուցվում և բուն զատկական Կիրակի օրը։
Տոնի խորհրդանիշը
Տոնի խորհրդանիշը ներկած ձուն է: Ընդունված է ձվակոտրուկը: Մեկը պահում է հավկիթի մի ծայրը, և մյուսը համապատասխան ծայրով զարկում նրան։ Հետո շրջում են հավկիթները և նույնը փորձում մյուս կողմով՝ այս անգամ երկրորդը պահելով ծայրը և մյուսը զարնելով։ Կոտրող հավկիթը հաղթող է ճանաչվում և ուտում են կոտրված հավկիթը։ Նաև ավանդույթ է Զատկվա հավկիթներն ուտել թարխունով, աղով և լավաշով։
Հայտնի է նաև, որ Զատիկի տոնը ամեն տարի տոնվում է տարբեր օրերին, սակայն ինչով է դա պայմանավորված, ինչի հիման վրա են կոնկրետ օրը նշանակում, ինչով է պայմանավորված օրերի տարբերությունը, հարցրեցինք եկեղեցու սպասավորին: Վերջինիս խոսքով՝ այս տարի, բարեբախտաբար, ողջ քրիստոնյա աշխարհը միասին է տոնում Հարության օրը: Սակայն առհասարակ պայմանավորված է հին և նոր տոմարի օրերի տարբերությամբ, ինչն էլ իր հերթին կապված է լուսնի լրումի հետ: Դեռևս Հին ավետարանական պատմությունից հայտնի է, որ Տիրոջ խաչելությունը տեղի է ունեցել լիալուսնին և այդ օրերին տոնվում էր նաև հրեական Զատիկի տոնը, և անմիջապես խաչելությունից հետո տեղի ունեցավ Հարության իրականություն, և եկեղեցիներում ժամանակին բավականին խնդիրներ էին առաջացել, թե որ օրը տոնեն՝ միանգամից խաչելությունից հետո, թե ինչ-որ մեկ շրջան հետո և հիմնական իմաստով էլ մնաց հին և նոր տոմարների օրերի տարբերությունը, որի տարբերությամբ էլ այսօր եկեղեցիները տոնում են Զատիկը: Բուզանդական ծեսի ուղղափառ եկեղեցիները տոնում են հին տոմարով, իսկ կաթոլիկ ամբողջ աշխարհը և նաև Հայ առաքելական եկեղեցին փոխել են տոմարը և տոնում են նոր տոմարի համաձայն, այսինքն՝ կապված է տոմարների և լուսնի լրման հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: