1001750_369767159818945_1436788087_nՄոխրագույն պատերով տան մեջ մոխրագույն մարդիկ չեն ապրել: Հատակով մեկ ոտաբոբիկ  միայն փոշին չի քայլել: Տան ետևում գտնվող մատուռում քարերը հպվել են շուրթերին ու խնդրանքը հասցրել Աստծո երկու միլիոն անուններին: էհ, չի օգնում, ցանկացած բան տանելի է, եթե փորձում ես  գեղարվեստորեն մոտենալ, սակայն այս անգամ դա էլ չի մխիթարում: Երկհարկանի տունը կարծես փոշուց գործած լինեն.  անգամ մի ոտնաչափ տեղ չկա, որպեսզի գրական զեղումներդ գետնին դնես: Դրա համար ճամպրուկիս հետ միասին դրանք էլ եմ գրկել ու մեխվել տեղումս: Նայում եմ պատերին ու զգում՝ ինչպես է հարմարավետությանս գոտին ճռռում ու ճաք տալիս.

-Պատերն ուղղակի գաջած են: Էստեղ փնթինե՞ր են ապրել:

-Էստեղ սեր ա ապրել, Լիզ: Էստեղ սիրել են իրար սիրել:

-Ինչի՞ց ենթադրեցիր:

-Բոլոր մահճակալները շարքից դուրս եկած են:

-Շա՞նթ, դու է՞լ ես հիասթափությունը սիրուն բառերով կոծկում:

-Սիգարետ չունեմ, բա ի՞նչ անեմ:

-Էդպես էլ հասկացա, բայց չպիտի իմ սովորությունը վերցնես ու ծխես: Բառերով հուսադրելն իմ մենաշնորհն ա:

-Քնելու տեղ չունենք:

-Տեսնում եմ:

-Լո՞ւրջ, ես մտածում էի՝  փոշուց տեսողությունդ վատացած կլինի:

-Ուֆ:

-Լավ, ինչի՞ց ենք սկսում  մաքրությունը:

-Փռշտալուց:

Ու փռշտում եմ:

-Լիզ, մի չորս անգամ էլ փռշտաս, սենյակը լավ կմաքրվի: Այ էն անկյունում ա շատ կեղտոտ, ուզում ե՞ս՝ էն կողմի վրա փռշտա:

-Հիմար:

 

Երբ Շանթի ես սիրում, սկզբում ստիպված ես Շանթարգել լինել՝ բառի մեծատառ ու անվան իմաստով, որպեսզի հետո շանթարգել դառնա քեզ համար՝ բառի փոքրատառ ու առարկայական առմամբ: Երբ Շանթի ես սիրում, պիտի կայծակների դեմ կռիվ տալու փորձ ունենաս, որ չխանձվես, իր մարմնի հոսանքի ալիքներից դողաս, բայց չփլվես, ամեն անգամ բառերով երբ կայծակի, դու քեզ կաղնու ծառ զգաս, վերևում խանձվես, բայց ներքևում արմատներդ ավելի խորը գցես ու պինդ մնաս: Որովհետև Շանթի ամպրոպային բնավորությունից պիտի կառչես, որ քեզ մահվան փոսից քաշի դուրս: Մահվան փոսից, որտեղ մորդ թողեցիր, ծածկեցիր հողով ու գնացիր առաջ՝ մտովի մեխվելով հողաթմբի առաջ այնպես, ինչպես ես էի կանգնած իմ նոր ու փոշոտ տան հյուրասենյակում առաջին օրը:

Սիրելիների կորուստը ցավոտ է, որովհետև անդրադառնում է քո կենցաղի վրա՝ ստիպելով փոխել այն: Իսկ կենցաղը, հարազատներիդ պես, խիստ կապված է քեզ, դու  հենց քո կենցաղն ու հարազատներն ես: Մաման չկա: Ու սուրճն արդեն սառն եմ խմում: Սեղանին երկու ափսե դնելուց հետո դիմացի աթոռին մոտ դրվածը վերցնում ու դնում եմ իմի տակ՝ իբրև թե աղանդերի  համար էի բերել:

Ես ցավի ծնկները գրկելով՝ կուչ եմ գալիս: Մինչդեռ Շանթն ասում է, որ ցավը պետք է գրտնակել ու փռել արևի տակ՝ կավի նման: Արև կերած կավը լավ է ծեփվում, արև կերած ցավն էլ՝ լավ հունցվում ու լավ հումք դառնում: Ցավը կավի նման է, որովհետև երկուսն էլ հողեղեն են: Առաջինի դեպքում միգուցե կասկածներ լինեն, բայց ցավը, միանշանակ, շոշափելի է: Իսկ հողից է, որովհետև անընդհատ փոխում է իր տեսքը՝ բաղադրությունը չփոխելով հանդերձ: Ցեխանում է, հետո՝ քարատիպ պնդանում, վերջում փոշիանում ու կորչում:

Ասում է.  «Ձեռքերդ պիտի պարզես արևին, որ ցեխը արագ փոշի դառնա: Ինքնավստահությանդ ու համառությանդ  կոճակներն արձակելով պիտի ամբողջովին մերկանաս ու ներսդ արևին տաս: Հետո պիտի ներսդ հունցես, գրտնակես ու թրծես: Որոշ ժամանակ էլ քեզ պիտի փռես ջրի ալիքներին: Իսկ դու բազմոցին ես փռվել: Ու ջրի օրինակն էլ պիտի կյանքի գլխավոր օրենք դառնա. քանի դեռ շարժվում է, գետ ու օվկիանոս է, հենց կանգնում է, դառնում է ճահիճ:

Հեթանոսից  մոլեռանդ պիտի արևին պաշտես, ու ջրի նման պիտի անընդհատ շարժման մեջ լինես՝ եթե ներսիդ ցեխերն ուզում ես փոշիացնել: Դու ջուր ու արև ես, բայց քեզ ճահճահոտ ցեխ ես սարքում: Հիմար աղջիկ ես, աշխարհն ես ուզում փոխել, բայց դեռ ինքդ քեզ գրտնակել անգամ չես սովորել: Խելքդ փռի արևի տակ, գուցե օգնի»:

Ու մենք որոշում ենք փոխել իմ տունը, որպեսզի մեծ պատուհաններ ունենամ ու արևն իմ տան մեջ ավելի շատ տեղ ունենա թափառելու: Երևի հատուկ էլ այսքան կեղտոտ տուն ենք ընտրում, որպեսզի շարժվեմ ու դուրս գամ ճահճանալու տրամադրությունից:

Մաքրում ենք, դասավորում ենք: Ավելի շատ ինձ, թե տունը՝ չեմ հասկանում: Էլ ամեն օր գերեզմաններ չեմ վազում՝ ընկերներիցս թաքուն: Ինձնից գողացած առօրյան հիմա փորձում եմ հենց կենցաղային գործերով էլ վերադարձնել: Սուրճը կիսատաք խմելու վրա բարիշում եմ ինքս ինձ հետ: Սեղանին դրվող երկրորդ ափսեն էլի դնում եմ դիմացս, բայց նախապես  մեջը միրգ եմ կտրատում: Մամայի հագուստը խնամքով ծալել ու դրել եմ դարակներում: Անգամ որոշները դեն եմ նետել: Նկարներից միայն մեկն եմ թողել՝ անկողնուս մոտ, մնացածներն արկղում են: Կամաց-կամաց դադարեցնում եմ մահվան պաշտամունքն ու սկսում եմ կյանքին հավատալ: Փաստորեն, տուն փոխելուն զուգահեռ կրոնս էլ եմ փոխում՝ վերադառնալով իրական հավատքի:

Երեկոյան փռվում եմ մահճակալիս: Տան մաքրությունը ստուգելու հրաշալի տարբերակ եմ գտել. եթե  սենյակներում չես փռշտում, ուրեմն մաքուր է:

Հեռուստացույցով հայտնի դերասանուհու են ցույց տալիս: Հարցնում եմ՝ ինչ լավն է, չէ՞: Շատ բնական է խաղում, միայն չեմ հասկանում՝ ինչու են անընդհատ վատաբանում ու քարկոծում: Հավանաբար շատ ուժեղ ու աշխատասեր աղջիկ է՝ եթե նման ճանաչում ունի: Ի վերջո, ոչ մի փառք հեշտ չի տրվում: Շանթից հետաքրքրվում եմ՝ ի՞նչ  կասի:

Ու Շանթն ասում է: Ասում է, որ եթե ստացվել է սեփական համառությամբ գունաթափված, բայց գունավոր լաքով տեղ-տեղ կյանքը երկարացրած կոշիկը փոխարինել թանկարժեք ու որակյալ նմուշով, ապա դրանցով քայլող ոտքերը հոգնած են, բայց՝ ամուր, որովհետև ժամանակին շատ են թրջվել ու գիտեն՝ ինչ է նշանակում ոտքի սառած կոշտուկներով տաք հացի հերթ կանգնել: Ձեռքերը, որոնք ամեն օր համբույրների են արժանանում այսօր, երեկ մշակվել են հասարակ ձեթով, որը ներթափանցելով եղունգների սկզբնամասի պլոկված ու կարմրած մաշկ՝ ստիպել է թափահարել ձեռքերն ու դիմանալ մրմռոցին, բայց չվազել ջրի մոտ, որովհետև դա է փափուկ ձեռքեր ունենալու միակ տարբերակը: Լույսերի տակ շողացող մազերին տարիներ առաջ ստացվում էր ալիքներ տալ միայն թղթից ու կտորեղենից պատրաստած ձեռագործ հարդարիչով: Այս աղջկա  նպատակասլացությունը կոփել են դեմքին շրխկացրած փայտե դռները, որոնք ստիպել են մաքրել ուղեղի թեփն ու սովորել ճիշտ օգտագործել սեփական հումքը:
Ցանկացած թանկարժեք կոշիկի վրա, ասում է Շանթը, գունավոր լաքի փոխարեն, հիմա քրտինքի ու, երբեմն, արցունքի կաթիլներ են, հաստատ: Բարձրակրունկների կտկտոցի մեջ քո դեմ փակվող դռների կողպեքների ձայնն է:
Կոկետ մատները թաթախված են կամքի ուժի մեջ այսօր: Բայց այդ ամենը ծնվել է ցավացող ոտքերից ու կես սուրճի բաժակ ձեթից: Հաջողակ մարդիկ քայլեցին վնասված ոտքերով ու մրմռացող ձեռքերով, փակվող դռների տակտին համապատասխան բառեր հորինեցին՝ հիասթափությունը դարձնելով երգ: Ուղղակի շարունակեցին պայքարն այնտեղ, որտեղ մենք հանձնվեցինք:
Ես հարցնում եմ՝ կքայլեի՞ր վնասված ոտքերով: Պատասխանում է՝ կոշիկներս կհանեի ու ոտաբոբիկ կգնայի առաջ. ի՞նչ տարբերություն՝ ինչպես կհասնեմ իմ վերջնակետին, եթե գիտեմ ճանապարհը: Ցավի ոտաբոբիկն ավելի հեշտ բուժվող է: Որովհետև սերտաճում է քեզ ու դադարում ցավ լինել, պետք չէ կոշիկների մեջ թաքցնել այն: Կոշտուկներդ տուր անձրև խմած հողին, տես՝ ոնց կբուժի: Այ հետո նոր կտկտալով կքայլես: Ի դեպ՝ ձեթ չունենք:

Վաղը կգնեմ, Շանթ: Հիվանդանոց մտնելուց հետո անպայման կգնեմ ու նոր կգամ տուն:

Ու դեպի հիվանդանոց քայլելիս իր խոսքերն եմ փորձում ընկալել: Կտկտալով գնում եմ առաջ ու թվում է, թե երեկ հենց ինձ էինք քննարկում: Ես Շանթին սիրում եմ, որովհետև նա  կառչում է իմ թույլ կետերից ու ստիպում ընդունել դրանք, վերջում էլ՝ սիրել: Ես  սիրում եմ Շանթին, որովհետև անգամ տանը ձեթ չունենալու զրույցի վերջում ինձ հուշում է՝ ինչպես աշխատեմ ցավի հետ:

Հոգեթերապևտիս ձեռքերը կոշտացել են: Առաջարկում եմ ձեթ քսել: Զարմացած նայում է դեմքիս: Հարցնում է՝ ո՞նց եմ.

-Լավ եմ, Հայկ ջան:

-Հարմարվեցի՞ր նոր տանը:

-Հա, շատ: Ավարտել եմ մաքրություն անելը, բայց դեռ կիսատ-պռատ բաներ կան: Լավ հիշեցրեց երեկ, խանութ պիտի մտնեմ:

-Ո՞վ հիշեցրեց:

-…

-Լիզ:

-…

-Լիզ, ես խնդրել էի քեզ դադարեցնել  խոսելը քո հորինած կերպարի հետ:

-Հայկ, չի ստացվում:

-Դու էլ չունես դրա կարիքը:

-Ունեմ:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել