ՀԱՐՑ
Հարգելի Հայր Սուրբ... Խնդրում եմ՝ օգնեք ինձ, ես Քրիստոնյա եմ, ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԵՏԵՎՈՐԴ, բայց հիանում ու խոնարհվում եմ հայ ազգիս փառավոր անցյալի առջև՝ Արայի, Վահագնի, Անահիտի ու Աստղիկի, Միհրի ու Տիրի, ընդունում եմ ամբողջ հոգով, որովհետև դա իմն է իմ գենով, հավատում եմ Միածնին, կրում խաչը, աղոթքներով դիմում Միածնին, ով իր արյամբ մաքրեց բոլորիս, իր անունով եմ խնդրում ու աղոթում։
Ինձ Ավետարանչական եկեղեցու, որը ըստ իս աղանդ է, մի քահանա ասաց, որ դա մեծ մեղք է, և նամանավանդ որ ես մերժում եմ հրեա ազգին, ասաց, որ դժոխքի չարչարանքների կարժանանա այն մարդը, ով ատում է ԱՍՏԾՈ ընտրյալ ազգին։
ՀԱՅՐ ՍՈՒՐԲ, ԽՆԴՐՈՒՄ ԵՄ՝ ՕԳՆԵՔ ԻՆՁ ԽՈՐՀՐԴՈՎ
11:54
Նշեմ, որ իմ համար ԱՍՏՎԱԾ մեկն ա... Մեկի համար Ալլահ ա, մյուսի համար՝ Արա աստված... Ուղղակի ես բավականին խառնված եմ նման մտքերով, Ձեզ ընդունում եմ իբրև իսկական հայ վարդապետ ու խնդրում եմ՝ օգնեք գտնել իմը։
ՊԱՏԱՍԽԱՆ
Այսօր
03:05
Ես չգիտեմ, թե ինչ է կատարվում Ձեր ներաշխարհում՝ հոգում և մտքում։ Կարող եք արժևորել ազգային արժեհամակարգը, կարող եք հայոց աստվածների գոյությունը արժևորել որպես պատմական անցյալի երևույթ, սակայն հստակ պիտի լինի Ձեզ համար՝ ո՞րն է ձեր հավատամքը։ Մարդ երկու Տիրոջ չի կարող ծառայել, կա՛մ... կա՛մ...։
Երկրորդ՝ ի՞նչ է նշանակում՝ «ես մերժում եմ հրեա ազգին»։ Չեմ կարծում, որ մոտեցումը ճիշտ է։ Կարող ես ինչ-որ հարցում նրանց հետ համաձայն չլինել, սակայն մերժել մի ամբողջ ազգի, դա աբսուրդի համարժեք է։ Այսինքն՝ ուզում եք ասել՝ չեք ընդունում Հին կտակարանը։ Այդ դեպքում ինչպե՞ս եք նայում Առակաց գրքի արժեքների մերժմանը կամ Հնգամատյանի հրաշալի ազգային, համամարդկային պատվիրաններին, մարգարեություններին, սաղմոսներին և... և...։ Կարծում եմ՝ որևէ միտք երկնելուց առաջ լավ կլինի՝ մտածենք՝ որքանով է այն ճիշտ և տրամաբանական։ Ոչ ոք չի կարող մեզ արգելել մեր ազգային արժեքների արժևորումը, սակայն մենք էլ իրավունքը չունենք այլոց արգելելու իրենց ազգային արժեքների նկատմամբ ունեցած նվիրումը և հավատարմությունը։ Երանի մենք էլ մեր ազգային արժեքները պահեինք այնպես, ինչպես դա անում են հրեաները։ Երբ 21-րդ դարում Ֆրանսիայում Ուրբաթ երեկոյան, երբ սկսվում է Շաբաթը, փակելով իրենց գործատեղիները, ոտքով կանանց և երեխաների հետ միասին գնում են Սինագոգ, դա մտածելու առիթ է տալիս... Ազգային արժեքը պահողին պիտի գնահատել և սովորել, այլապես ատելությունը կվերագրվի թուլության, որի անունն է նախանձ..., որը ի դեպ մահացու մեղք է։
ՀԱՐՑ
ԱՍՏՎԱԾ ՕԳՆԱԿԱՆ Հայր Սուրբ: Ինչպե՞ս եք: Շնորհավորում եմ տոների առիթով: Հայր Սուրբ, մի հարց ունեմ: Հիմա ես դպրոցում Հայոց Եկեղեցու պատմություն եմ դասավանդում: Գրքում՝ «Քրիստոնեության ընդունումը պետական կրոն» թեմայում, մի էսպիսի նախադասություն կա. «Քրիստոնեության ընդունումը նպաստեց հայոց գրերի ստեղծմանը»: Ստիպված եղա բանավիճել կոլեգաներիցս մեկի հետ՝ հաստատելով գրքում եղածը, բայց չկարողացա մեկնաբանել միտքս: Ի՞նչ դեր ունի քրիստոնեությունը գրերի ստեղծման գործում:
ՊԱՏԱՍԽԱՆ
Այսօր 03:26
Ներողություն եմ խնդրում, որ պատասխանում եմ մեկ շաբաթ անց, պարզապես սարսափելի զբաղվածության պատճառով միայն հիմա ժամանակ ունեցա անդրադառնալու։ Քրիստոնեության դերը կայանում է նրանում, որ Աստվածաշունչը եկեղեցիներում նախապես կարդացվում էր հունարեն կամ ասորերեն, քանի որ այն թարգմանված չէր հայերենի, որի պատճառով ժողովուրդը դրանից բան չէր հասկանում։ Որպեսզի այն դառնար հասանելի, ձեռնարկվեց դրա թարգմանությունը, իսկ առանց գրային համակարգի առկայության անհնարին էր դրա իրականացումը։ Այդպիսով սկիզբը դրվեց Մաշտոցի հրաշքին։ Ստեղծվեց գրային այն համակարգը, որն այսօր ունենք, յուրաքանչյուր տառ համապատասխանում է հայոց մի հնչյունին, այսինքն՝ հնչունային համակարգով գրային կառույցի։
ՀԱՐՑ
Բարև Ձեզ, Հայր Սուրբ, կխնդրեմ՝ բացատրեք իմաստը, թե ինչու է, որ եկեղեցու ներսում կատարվում է մոմի առևտուր, հնարավո՞ր չէ դա կազմակերպել մեկ այլ տեղում՝ Աստծո տաճարից դուրս: Նախապես շնորհակալություն:
ՊԱՏԱՍԽԱՆ
Այսօր 02:42
Եկեղեցական կառույցներում հաճախ են օգտագործվում տասանորդ կամ այլ կերպի հավաքական աջակցությունը հավատքի տներին։ Հրեաների պարագային ժողովուրդը պարտադիր տասանորդ է տալիս, այսինքն՝ իր շահի տասը տոկոսը հատկացնում է հավաքական կյանքի ձևավորմանը, որը կոչվում է Դավիթի տուրք։ Ցավոք, մեզանում առկա այդ սովորությունը վերացավ, երբ ազգը հայոց հայտնվեց ինչ-ինչ դժվարությունների մեջ։ Մոմավառությունը, որը դարերի խորքից մնացած սովորություն է, չեմ կարծում՝ նրա գնումը պիտի առանց վճարման կատարվի, իսկ վճարումն էլ առանձնապես մեծ գումարներ չեն՝ 60-100 դրամ։ Եթե եղել էք Եվրոպայում կամ Ռուսաստանում կամ նույնիսկ Վրաստանում, այնտեղ ևս առկա է այդ երևույթը, սակայն չգիտես ինչու նրանք այդքան հիվանդագին չեն ընդունում խնդիրը, որքան մենք, ի՞նչն է պատճառը, չգիտեմ։ Այդ երկրորդական խնդիրների վրա կենտրոնանալուց ավելի թերևս մտածեինք, ինչո՞ւ ենք մտնում եկեղեցի, ինչո՞ւ ենք մոմ վառում, ինչպե՞ս ենք ուզում Քրիստոսի հավիտենական Լույսի ներկայությունը ամրագրել մեր հոգիներում։ Այնքան ենք արժևորում օտարամուծ շարժումների խոսքերը, որ որոշել ենք հրաժարվել ամեն ինչից, մեր սովորություններից, մեր ավանդություններից, մեր ազգային արժեքներից, նամուսից, պատվից... Ինչո՞ւ, քանի որ դրանով շահագրգիռ են ուրիշները։ Եթե մարդուց ամեն անգամ մարմնի մի անդամ հեռացնես, մի օր դրանից ոչինչ չի մնա։ Մտածենք, և ոչ տուրք տանք ամեն մի խոսքի, որը մեզ համար չէ, այլ ի վնաս մեզ...
ՀԱՐՑ
Խնդրում եմ, Տեր Կոմիտաս, ինձ կասե՞ք՝ Առաքելական եկեղեցու և Կաթոլիկ եկեղեցու մեջ ի՞նչ տարբերություն կա:
ՊԱՏԱՍԽԱՆ
Այսօր 03:33
Այդ տարբերության սկիզբը դրվել է դեռ 451թ., երբ տեղի ունեցավ Քրիստոնեական եկեղեցու 4 տիեզերական ժողովը, որը հայտնի է Քաղկեդոնի ժողով անունով։ Այնտեղ քննարկվեց Քրիստոսի մարդկային և աստվածային բնությունների հարցը։ Եթե 431 թվականի Եփեսոսի ժողովի ժամանակ ընդունվեց Ալեքսանդրիայի պատրիարք Կյուրեղ Ալեքսանդրացու «Մի է բնություն բանին մարմնացելոյ» բանաձևը, որը նշանակում էր Քրիստոսի էության մեջ առկա երկու բնությունների միություն, ապա Քաղկեդոնի ժողովը այն բաժանեց երկուսի, այսինքն՝ մարդկային բնությունը գործում էր առանձին, իսկ աստվածայինը՝ առանձին։ Այստեղից էլ սկիզբը դրվեց քրիստոնեական եկեղեցու առաջին բաժանման։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել