Կրթության և գիտության նախարարությունը, մեղմ ասած, արջի քուն է մտել և չի տեսնում, թե ինչ է կատարվում համալսարանների տարածքում...

ՀՀ բուհերում և կրթական այլ հաստատություններում առկա խնդիրներն այնքան շատ են և բազմաբնույթ, որ դրանց մի ստվար մասն արդեն մարգինալացված համակարգային բնույթ են ստացել և նույնիսկ հասցրել են ամրանալ հասարակության գիտակցության մեջ, բայց ոչ թե որպես խնդիրներ, այլ բնականոն, նորմալ երևույթներ:Դրանք ուսանողության շրջանում, որպես այդպիսին, չեն էլ դիտարկվում խնդիրների տեսանկյունից: Պատճառն այն է, որ նույն այդ ուսանողության համար երբեմն շահավետ, երբեմն էլ ուղղակի անտարբերության մատնված շատ երևույթներ առավել քան ընդունելի են ՀՀ կրթական ոլորտը համակարգողների, այդ թվում և ԿԳ նախարարության համար:

Այսօր ականատեսը եղա այն բանի, թե ինչպես են մի քանի ուսանողներ տարբեր համալսարանների դիմաց զբաղվում ռեֆերատներ, կուրսային աշխատանքներ, դիպլոմայիններ և նման այլ գիտական աշխատանքներ վաճառող X կայքի գովազդով՝ ուսանողությանը թռուցիկներ բաժանելու միջոցով (կայքի անունը չեմ հրապարակի): Էլ չեմ ասում այն մասին, որ այդ կայքի գովազդային պաստառները փակցված են բոլոր համալսարանների մոտ և ուսանողությանը կոչ են անում, մեղմ ասած, զբաղվել պլագիատով:

Հիմա հարց է առաջանում. արդյո՞ք սա չի նշանակում, որ ԿԳ նախարարությունն ուղղակի անգործության է մատնված, կամ էլ պարզապես աչք է փակում այս իրողության վրա (գուցե սեփական բիզնես շահերից ելնելով): Ինչպե՞ս կարելի է թույլ տալ համալսարանների դիմաց գրագողության խրախուսման քարոզչությունը, այն էլ բացեիբաց և օրը ցերեկով: Արդյո՞ք այս կերպ են ԿԳՆ-ն և բուհերի ղեկավարությունը փորձում զարգացնել հանրապետությունում գիտակրթական ոլորտը՝ թույլ տալով ուսանողներին սեփական մտավոր աշխատանքը ստորադասել գրագողությանը... Եվ մի՞թե դրա հետևանքով չեն այսօրվա մեր համալսարանները Եվրոպայում վարկանիշային առումով ամենավերջին տեղերում:

Հ.Գ.
Զարգացած երկրներում ոչ թե պատվաբեր, այլ ուղղակի ամոթալի է նման երևույթների առկայությունը: Մեզ մոտ հակառակը՝ ուսանողներն իրենք են զբաղվում դրանց տարածմամբ և խրախուսմամբ: Սա լուրջ մտածելու տեղիք է տալիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել