Ատոմային անվտանգության բելգիական դաշնային գործակալությունը (AFCN) ատոմակայանի աշխատակիցների մի մասին զրկել է էլեկտրոնային անցագրերից և սահմանափակել է միջուկային օբյեկտների մուտքը մտավախությունից, որ ատոմակայանը կարող է դառնալ ծայրահեղականների թիրախ: Այդ մասին հայտնել է Associated Press-ը:
«Մի քանի մարդկանց մերժվել է միջուկային օբյեկտների մուտքը»,- ուրբաթ օրը հայտնել է AFCN-ի ներկայացուցիչ Նելե Շեերլինկը:
Շեերլինկը, սակայն, չի հաստատել, որ այդ որոշումը կապված է անմիջապես ահաբեկչությունների հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելգիայի իշխանությունները որպես նախազգուշական միջոց ահաբեկչություններից հետո երկրի երկու ատոմակայանների անձնակազմի մասամբ տարհանում են իրականացրել:
Ավելի վաղ Derniere Heure թերթը հայտարարել է, որ Բրյուսելի ահաբեկիչները մտադիր են եղել դիվերսիա իրականացնել Բելգիայի ատոմակայաններում, սակայն խմբի մասնակից Սալահ Աբդեսլամի մասնակցի ձերբակալությունը ստիպել է նրանց արագացնել իրենց գործողությունները և պայթյուններ կազմակերպել օդանավակայանում և մետրոյում:
Հիշեցնենք, որ Բրյուսելի միջազգային օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել, ևս մի պայթյուն է տեղի ունեցել մետրոյի «Մալբեկ» կայարանում՝ վագոնում։ Ահաբեկչությունների հետևանքով, ճգնաժամային կենտրոնի տվյալներով, մահացել է 32 մարդ, ևս 250-ը ստացել են վնասվածքներ: Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/25/terror/1974001
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել