► Թեև մենք ուշ-ուշ ենք հանդիպում ու շատ արագ էլ բաժանվում ենք, քանի որ երկարատև ընկերության միակ երաշխիքն, ըստ իս, միայն դա կարող է լինել:
► Ինձ երբեք չի հաջողվել դյուրահաղորդ լինել մարդկանց, և ոչ այն պատճառով, որ ցավալիորեն համառ եմ կամ անտանելի պահանջկոտ, այլ որովհետև հեռու եմ մտքից, թե մտերմությունն ընդունակ է սերտաճել պայմանականությունների թելադրանքով:
► Մարդիկ երբեմն իրենց կողքը ցանկանում են տեսնել մեկին, ով կտարբերվի իրենցից, որովհետև նմանների մեջ համեմատելի քիչ բան կա, իսկ տարբերությունը հետաքրքիր է դարձնում նույնիսկ անհետաքրքիրներրին:
► Փոքր քաղաքներում, ինչպես գիտեք, բոլորը բոլորի մասին վաղ թե ուշ գրեթե ամեն ինչ իմանում են:
► Մարդկային սովորություն է՝ ավելի շատ խոսել չգիտեցածի, քան գիտեցածի մասին:
► Մարդիկ ավելի հակված են խոսել բացակայի, քան առկայի մասին:
► Կնոջ ներկայությունը գործարար մարդկանց մղում է ողջամիտ որոշումների:
► Չի կարելի հավատալ այն ամենին, ինչ գրում են թերթերը:
► Բայց չէ՞ որ հերքումը նույնպես ապացույց է պահանջում:
► Բայց ո՞վ կարող է ասել, թե ինչ ապրումներ է ունենում նա, ով առհասարակ ընդունակ է մարդկանց ինչ-որ տեղ ուղարկել:
► Մի՞թե ձեզ հետ չի պատահել, երբ փորձում ես ապրումներդ ու զգացմունքներդ բառերի վերածել, բայց ոչինչ չի ստացվում: Լավագույն դեպքում կարող ես մեկ-երկու ծեծված միտք կրկնել, ինչը բոլորովին էլ սրտիդ թելադրածը չէ:
► Ի՞նչն է, որ երևույթը դարձնում է անպատմելի՝ ջնջելով շոշափելին ու պահպանելով զգացականը:
► Մարդու համար հեշտ է նկարագրել այն իրերն ու երևույթները, որոնց նա վաղօրոք է ծանոթ: Անծանոթի պարագայում պիտի որ մի փոքր այլ կերպ լինի: Այստեղ երևակայությունը, միտքն ու աչքը դեռ պիտի դաշն կնքեն, ներքին համաձայնության գան, համակերպվեն նորի գոյության հետ:
► Եթե դու հեղինակը չես, ապա գոնե մասնակիցը կարող ես դառնալ:
► Բնական ընթացքը չէ, որ ծնունդ է տալիս իրադարձությանը, այլ դրանից շեղումը:
► Եվ, ի վերջո, ի՞նչ բան է կյանքը, եթե ոչ մասնակից լինելը:
► Լեռների օդը սրում է թե՛ ախորժակը, թե՛ զգացողությունները:
► Փաստն ապացուցելի է ինքն իրենով, այլ ոչ թե մեկ այլ փաստով: Նաև ուզում եմ ասել, որ այն, ինչն արդեն եղել է, դրան մենք հեշտ ենք հավատում. չէ՞ որ այլևս անվնաս է ու կանխատեսելի: Իսկ այն, ինչ վաղվա մեջ է կամ մեկ վայրկյան հետո, դրա մասին ինչպե՞ս կարող ես պնդել, թե լինել չի կարող: Սկիզբը քեզ հայտնի է ու դու առանց վարանելու հաստատում ես, որ այն կա: Իսկ վերջն անհայտ է, դրա համար էլ հեշտ է վիճարկել նրա գոյությունը: Բայց եթե դու կանգնած ես ճանապարհի մեջտեղում, ինչու՞ ես ընդունում դրա սկիզբն ու հերքում ես ավարտը:
► Ինչպես հնարավորը, այնպես էլ անհնարը գոյություն են ունենում մեր կամքից ու գիտակցությունից անկախ: Ի՞նչ ասել է՝ լինել չի կարող: Խոստովանիր, որ օբյեկտիվորեն հնարավորը դու համարում ես անհնարին, քանի որ չես գտնում դրա համար բացատրություն: Իսկ այն, որ երևույթը կարող է այդպիսին ներկայանալ մեր գիտելիքների սահմանափակ լինելու պատճառով սա դու, իհարկե, բացառում ես:
► Վիճաբանելիս ես երբեմն անտանելի եմ դառնում:
► Պիտի խոստովանեմ, որ երկար ճանապարհ գնալիս ես սիրում եմ նստել պատուհանի մոտ: Այդ պատճառով էլ նախապես հոգ էի տարել, որ իմ տեղը կողահայաց լինի: Սա քմահաճույք չէ: Ամենևին: Նայում ես ապակուց այն կողմ, իսկ աշխարհը շարժման մեջ է. հոսում է գետի պես: Եվ հետո տպավորություն է ստեղծվում, որ դու որքան ներսում, նույնքան էլ դրսում ես. շրջապատը մասամբ քեզ հետ է շարժվում, իսկ դու՝ նրա: Բացի այդ, երկար ճանապարհն իր քմայքներն ունի: Առաջին ժամերին մենք պարզապես ուղևորներ էինք, ովքեր տեղափոխվում էին մի կետից մյուսը, մեզ համար էականը տարածության կրճատումն էր ու կրճատման սպասումը: Ինչպես նման դեպքերում սիրում է բանաձևել ծանոթներիցս մեկը՝ «ճանապարհն անվերջ լինելու իրավունք չունի»: Եվ այդ իրավազուրկ երթի մեջ աննկատ ծայր է առնում ամենահետաքրքիրը` մտորելու ժամանակը: Էական չէ, թե ինչի մասին, ինչպես որ հարկավոր չէ սահմանել, թե որքանով են խոհերդ գիտակցված: Կարող ես հանկարծ մտաբերել աննշան մի մանրուք, որի մասին հիշելն անգամ պիտի անկախ լինի քո հետամուտ կամքից, իսկ մտքերդ այդ ընթացքում արդեն կառչել են այդ չնչին փշրունքի ելուստներից, պատատուկի պես ձգել են ընձյուղները մինչև աննախատես անկյունները և պրպտում են այնտեղ մի բան, որ գուցե թե հիշվելու իրավունք էլ չուներ, սակայն ո՞վ ես դու, որ ուղղորդես կամ կաշկանդես նրանց տարափոխիկ վարակը, նրանց որոնիչ կիրքը, որսի հոտն առած քերծեների վազքը: Սիտքդ քեզ քշում է նրա մոտ, ինչին մերձենալու համար դու բնավ կարիք չես ունեցել ընտրելու զարտուղին, միտքդ քեզ ասում է՝ գնա, որ տեսնես իմանալով հանդերձ չիմացածդ, իսկ դու հնազանդից էլ հնազանդ ես: Դու գնում ես…
► Ամենամեծ բաները մանրուքներն են:
► Մանրուքներն ամեն բանի պատճառն են: Որպեսզի գտնես մեծը՝ ստիպված ես փնտրել փոքրը:
► Հիասթափությունները կարող են նույնքան օգտակար լինել, որքան հիացմունքները: Այլ հարց է, թե դուք ինչն եք դիտարկում հիասթափության պատճառ:
► Փակ տարածքում ցանկությունները պիտի սակավապետ լինեն և արտոնված վարքի օրապահիկը պիտի բաշխվի արդարաբար: Ես այս մասին հենց այնպես չհիշեցի: Բանն այն է (վստահ եմ՝ դուք էլ նույնը կհաստատեք), որ երկարատև ուղևորությունների ժամանակ միշտ գտնվում են մեկ-երկուսը, ովքեր փորձում են հենց առաջին վայրկյաններից տպավորություն գործել մյուսների վրա, անկաշկանդ լինելը մատուցել իբրև առավելություն և դրանով իսկ վաստակել դրության տերը դառնալու իրավունքը: Դժվար է ասել, թե այդպիսի մարդկանց ինչին է պետք անպտուղ գերազանցություն ձեռք բերել մյուսների նկատմամբ, ովքեր ոչ մրցակցելու, ոչ էլ տեսակավորման ցանկություն ունեն, բայց, ինչպես պատահում է սովորաբար, մեզ մոտ ևս առաջին ժամերի նախահարձակները հեզաբարո մեծամասնությանը անհարկի լարվածության ու ջղագրգիռ լինելու առիթներ տվեցին: Իսկ հետո նրանց եռանդը սպառվեց, և արդեն պետք էր միայն տեսնել այդ խաղաղվածների դեմքերը, որոնց վրա պեծպեծում էր շփոթմունքի հիմար ժպիտը՝ շաղախված նվաստացման ոխակալ անզորությամբ…
► Չէ՞ որ ժպիտը, ջերմ խոսքը, բարի վերաբերմունքը նույնպես ավանդ է, որ ակնկալում ենք, թե ապագայում կփոխհատուցվի անկորուստ:
► Հիշատակը վավերականություն է սիրում:
► – Նախկինում երբևէ առիթ չէի ունեցել անձնապես զրուցելու երաժիշտների հետ, և շտապեցի կարծիքս հայտնել այն մասին, որ սիրում եմ լավ երգը, բայց երբեք չեմ կարողացել հասկանալ նրանց, ովքեր երգում են շատերի համար: Ըստ իս, դա խիստ անձնական մի բան է, և լավագույն երգն այն է, որն ինքդ երգել ես քեզ համար մտքում կամ մեկուսի՝ ցածրաձայն դնդնալով: Ես այդ մասին ասացի Երաժշտին, և նա պատասխանեց, որ կարող եմ առանձնապես չվշտանալ, քանի որ երգը չգիտի, թե իրեն քանիսն են լսում:
– Երգը չգիտի, բայց փոխարենը դրա մասին գիտի երգիչը: Եվ հենց այդ պահից է, որ երգը դադարում է երգ լինել ու սկսում է երգեցողությունը: Ճիշտ այդպես կյանքը դառնում է ապրել, իղձը նկրտումներ է ծնում, սերն ավարտվում է ամուսնությամբ…
► Մի միտք էլ ամբողջ ճանապարհին ինձ հանիգստ չէր տալիս: Ես մտածում էի՝ ահա մենք՝ 24 ուղևորներս այնքան տարբեր էինք մեկս մյուսից, բայց չէ՞ որ կար մի բան, որն այնուամենայնիվ միավորում էր մեզ. բոլորս էլ գնում էինք միևնույն ուղղությամբ:
► Գուցե հենց նպատակն է, որ ընտրում է իր կիրառողին:
► Կան մարդիկ, ովքեր ինչ-որ բան են ասում: Կան մարդիկ, ովքեր դատողություններ են անում նրանց մասին, ովքեր ինչ-որ բան են ասում: Բայց կան նաև նրանք, ովքեր համոզված են, որ թե՛ մեկը, թե՛ մյուսը արժեզրկվում են, երբ փորձում են միջամտել ինքնահոս ընթացքը:
► Կանայք այդպիսին են. նրանք միշտ ասում են այն, ինչն ամենաքիչն ես ուզում լսել: Նման դեպքերի համար տղամարդն անպայման մեկ այլ պատասխան կգտներ՝ գուցե ոչ այնքան ազնիվ, բայց գոնե կանխատեսելի: Մինչդեռ կանանց հազվադեպ է մտահոգում քո ներքին արձագանքը: Բառերը քո կողմը կնետեն խրամատից թռչող նռնակի պես. բեկորները՝ քեզ, պայթյունի էֆեկտն՝ իրենց:
► Մեզնից ո՞ր մեկը չի ցանկացել երազել փախչել աշխարհից ու թաքնվել անմարդաբնակ կղզում՝ հեռու աղմուկից, պարտադրված շփումներից ու հանձնառություններից:
► Լիակատարը երբեք չէր կարող լինել ցանկալի:
► Նրբավարությունն ու համառությունը դասվում են այն դեպքերի շարքին, որոնց հանդեպ հարգանքդ գործադրելիս առավելապես կորցնում ես, քան շահում:
► Դրսում տեղատարափ էր, իսկ մեր ավտոբուսը համառորեն շարունակում էր ընթանալ ի հեճուկս խոհեմության: Ես այդպես եմ կարծում, քանի որ ինչ-որ պահի խոշոր, մոլեգնած կաթիլները վերածվեցին սառցե բեկորների, սկսեցին թմբակահարել դիմապակին, մեքենայի տանիքը, և այդ զարկերն ահագնանում էին՝ հետզհետե վերածվելով չարացած սրտի կանոնազուրկ տրոփյունի, որ սպառնում էր անպատիժ չթողնել դիմադարձող հանդգնությունը: Երկնքի ցասումն այնպես շռնդալից էր, որ մենք կուչ էինք եկել ու պապանձվել էինք: Մենաստանի լռություն էր ներսում: Բայց դա վախ չես անվանի: Երբ շուրջդ ալեբախվում են երկինքն ու երկիրը, իսկ դու փակված ես մի փոքրիկ պատսպարանում, որտեղ կան լույս, ջերմություն ու բախտակիցներ, ապա քո վստահությանը շաղախվում է մի քիչ չարախինդ, բայց անվնաս ուրախություն: Միայն թե այդ ամենը երկար չի կարող տևել, որովհետև քիչ անց պիտի հասկանաս նաև, որ եթե նույնիսկ տաք է այնտեղ, որտեղ դու ես, միևնույն է, քեզ համակելու է դրսում ապրող ղողն ու տամկությունը, քանի որ մարմինդ ու միտքդ չեն կարոդ մերժել նրանց գոյությունը մի քանի միլիմետր հաստությամբ բաժանարար մետաղից այն կողմ: Եվ դրա իմացումից անշտապ մարում է ինքնապաշտպանիչ բնազդների խրախճանքը՝ քեզ թողնելով շնորհազրկված ու ողորմելի հուսադրանքդ:
► Իմ խորին համոզմամբ, զայրույթն այն եզակիներից է, որն ընդօրինակում չի սիրում: Յուրաքանչյուրը նախընտրում է իր տարբերակը, բառերի ու ձայնի սեփական զուգավորումը: Յուրաքանչյուրն ինքն է որոշում վճռական պահը, երբ արդեն կարելի է կուտակումը փոխակերպել ժայթքումի: Միաժամանակ յուրաքանչյուրը պատրաստ է երդվելու, թե հարգում է մյուսների զգացմունքների իրավունքը՝ չհանդուրժելով դրանց գործադրումը:
► Երկնքին չես կարող հորդորել, որ չափավոր լինի իր պոռթկումներում:
► Եթե չես կարող փոխել իրավիճակը, փոխիր վերաբերմունքդ այդ իրավիճակի նկատմամբ:
► Նկատե՞լ եք, թե ոմանց ինչպիսի բավականություն է պատճառում դիտել տեսարանը, որտեղ մեկի ատամնաշարը պատրաստվում է կրծոտել մեկ ուրիշի կոկորդը:
► Մարդկանց չի կարելի գնահատել իրենց զայրույթի պահին:
► Մարդը սիրում է, երբ դժվար իրավիճակներում իրեն սփոփիչ բառեր են ասում, փորձում են հաշտեցնել համբերությունը անհարմարության հետ:
► Ուտելու ցանկությունը լռեցրեց մեզ: Չէ՞ որ մարմնական պահանջներն են բոլոր ըմբոստությունների գերեզմանափորը՝ թելադրված այն բնազդով, որ դրա հակառակը ներհակ է առողջ դատողությանը:
► Ցուրտ եղանակին քաղցն ավելի սուր է լինում, և դա օրգանիզմի փոխհատուցման պահանջն է ջերմության պակասի դիմաց:
► Զարմանալի բան է ընդհանուր սեղանը: Քիչ է ասել, թե այն մերձեցնում է մարդկանց: Այդ սեղանն ընդունակ է նույնիսկ խղճի խայթ հարուցել նրանց մեջ, ովքեր րոպեներ առաջ անարդար էին եղել:
► Կարիքը նեղացկոտ է լինում, բայց ոչ հիշաչար:
► Ցավը հույսով չես դարմանի:
► Երբ մենք դեռ նոր էինք ծանոթացել, ամուսինս ասաց՝ քեզ հետ՝ թեկուզ աշխարհի ծայրը: Ու ես մտածեցի՝ իսկ ինչու՞ ոչ: Բանն այն չէ, որ ես կասկածում եմ նրան: Ամենևին: Պարզապես ուզում եմ հավատալ, որ սերը նաև գեղեցիկ բառերից այն կողմ է, և ոչինչ հենց այնես չպիտի ասվի… Ամեն խոսք երդման պես պիտի հնչի… Դա էր պատճառը, որ երբ լսեցի այս ճամփորդության մասին՝ անմիջապես մտածեցի՝ պետք է գնալ, պետք է անպայման միասին գնալ մինչև աշխարհի ծայրը: Ու գալուց առաջ ինքս ինձ ասում էի՝ այ երբ կհասնենք այնտեղ ու ետ կդառնանք, աշխարհում անկասկած ինչ-որ բան փոխված կլինի, որովհետև այլ կերպ չի կարող լինել: Ես այդպես եմ մտածում:
► Միայն անվստահությունն է ստիպում տղամարդկանց երդվել:
► – Տիրոջ կամքն է այդպիսին, որ ամեն սկիզբ իր ավարտն ունենա: Ու եթե կա նաև աշխարհի ծայրը, ուրեմն դա էլ ոչ այլ ինչ է, քան տիրոջ կամքը: Ով արարեց այս աշխարհը, նա էլ սահմանագիծ է դնում: Մենք չէ, որ պիտի քննենք ի վերուստ կանխորոշվածը: Մենք միայն կարող ենք հավատալ կամ չհավատալ դրան: Երբ կհասնենք այնտեղ, մեր ուղիները գուցե և բաժանվեն, բայց մինչ այդ, զավակս, եկ փորձենք համբերատար գնալ նույն ճանապարհով, ներողամիտ լինել ու սպասել:
– Ինչ հեշտ է պատսպարվել Տիրոջ թիկունքում,- խայթեց զրուցակիցը:
– Իսկ դու ավելի ապահով տեղ գիտե՞ս,- հարցրեց հայր սուրբը:- Ես չգիտեմ:
► Ձանձրույթը նաև մտերմացնում է մարդկանց: Եթե չկա ուրիշ մի բան, որ կլրացնի ժամանակի պարապը, այդ դեպքում սկսում ես նկատել նրանց, ովքեր ժամեր շարունակ եղել են քո կողքին, բայց դու կամ միտքդ զբաղված եք եղել ոչ նրանցով: Միշտ էլ այդպես է. առաջին հերթին ուշադրության է արժանանում այն, ինչը քիչ հետո մոտիկ լինել այլևս չի կարող, և դա է դառնում նրա կարևորման հիմնական կռվանը:
► Եթե ճշմարտության համար խիստ կարևոր է, թե ով է իր մասին ասում և ինչու է ասում, ապա մղումն, ինչպես հայտնի է, հավակնորդների խտրություն չի հանդուրժում:
► Փորձելն ավելի խելամիտ է, քան անգործ նստելը:
► Երբեք չես կարող գուշակել անակնկալ արարքները, որ քեզ կմատուցեն ներամփոփ մարդիկ: Ամեն անգամ, երբ ինձ ներկայանում է նման հանգամանք, ես մի զգացողություն եմ ապրում, որ ոչ թե շփոթմունք է, այլ այն վիճակը, երբ դու կանգնած ես անթափանց պատնեշի դիմաց, որից այն կողմ անծանոթ ձայներ են հնչում ու չգիտես, թե որն է լինելու հաջորդ քայլդ:
► – Օֆ, այս տղամարդիկ: Նրանք միշտ ջանում են խելացի երևալ և միշտ այդ բանն անում են ավելի շուտ, քան կիմանան, թե խոսքն ինչի մասին է:
► Ուշացած կլիներ այն դեպքում, եթե այլևս հնար չլիներ ոչինչ փոխել: Իսկ մենք դեռ ունենք այդ հնարավորությունը:
► Մեծ հափշտակումներին մեծ հիասթափություններ են հաջորդում:
► Աշխարհը լավն է այնքան ժամանակ, քանի դեռ այն շարունակվում է:
► Սովորաբար միշտ էլ լինում է հենց այսպես. երբ նժույգին մտրակում են, նա ոչ թե կուչ է գալիս ցավից, այլ սկսում է ավելի արագ վազել:
► Այնքան էլ դժվար չէ կռահել, թե որ դեպքերում մարդիկ ինչպես են վարվելու: Ախր դա այնքան ակնհայտ ու ծանոթ իրավիճակ է: Բավական է նրանց ասել՝ այնտեղ մի գնացեք, չի կարելի, և բոլորն իսկույն կնետվեն հենց այդ ուղղությամբ, քանի որ մարդկային բնույթն է այդպիսին՝ միշտ ձգտել չի «կարելի»-ի կողմը:
► Մտածում են շատերը, գործում են քչերը:
► – Երբևէ հարցրե՞լ եք ինքներդ ձեզ` ի՞նչ է աշխարհի ծայրը: Եթե վախճանն է, այդ դեպքում` ինչի՞ վախճանը` գոյությա՞ն, թե՞ սպասումների: Ունայնությա՞ն վերջն է, թե՞ իմաստի: Պատասխա՞նն է, թե՞ ընդամենը հարցը… Եթե պարզվի, որ անդունդ է` հաճույքով քարեր կնետեք ներքև, եթե բարձունք է` մագլցելու եք ժայռերը, իսկ եթե պատ է, սովորական մի պատ՝ երկյուղածությամբ շոշափելու եք նրա ամեն մի քարը: Ու գիտե՞ք ինչու, որովհետև դուք անզոր եք չտեսնելու այդ ամենը: Դուք ուզում եք, որ նա այդպիսին լինի, դրա համար նա կլինի այդպիսին: Իսկ ինչո՞ւ չեք մտածել, որ գուցե թե դա մի բան է, որը չի հանդուրժում մերձեցում ու պիտի մնա անմատչելի: Ինչու՞ չեք մտածում, որ այնտեղից ձեզ համար ելք չի լինելու այնքան ժամանակ, քանի դեռ դուք տեսնում կամ ուզում եք տեսնել նրան: Ու եթե ես հիմա ասում եմ դրա մասին, մի՞թե խաբում եմ ձեզ…
► Ճանապարհ գնալիս ոտքերը չէ, որ պիտի իշխեն գլխին:
► – Որքան էլ մեզ համար նախընտրելի է հավատալ հակառակին, իրականում այս կյանքի ողջ հմայքը նրա անկատարության մեջ է: Միայն այդ դեպքում է մեր գոյությունը իմաստ ձեռք բերում, միայն այդ հանգամանքն է հստակեցնում մեք անելիքը, միայն դա է իրավունք տալիս բացակայի յուրացումը դարձնել առաքելություն: Անընդհատ ապրել մի ինչ-որ անհայտ բանի կողքին՝ արդյոք հենց դա չէ՞ այն վարձքը, հանուն որի մարդը պատրաստ է կրել ապրելու ծանրությունը: Իսկ առլեցունը տեղ չունի մյուսների համար: Լիակատարը փակում է դուռը հավելումի առաջ: Գնալ աշխարհի ծայրը, տեսնել վերջնակետը նույնն է, թե զրկվել ևս մի կապից, որ մեզ միակցում է մեր ներքին մղումների հետ: Ախր ինչպե՞ս չեք ուզում ընդունել, որ կյանքը ոչինչ չարժե, եթե այնտեղ գաղտնիքներ չկան, եթե ամեն ինչ հասկանալի է ու տեսանելի, եթե նորը չի զարմացնում, բացառիկը չի հիացնում: Խաչբառի պես մի բան է. լրացրեցիր դատարկ վանդակները՝ կարող ես արդեն մի կողմ նետել, որովհետև այն դադարում է քեզ համար հետաքրքիր լինել…
► – Աշխարհի ծայրը՝ լինի իր վեհության, թե իր նսեմության մեջ, մեկն է: Իսկ մենք շատ ենք: Դա է պատճառը, որ տարբեր ենք և տարբեր են մեր մտքերը: Սակայն մենք էլ ունենք մի բան, որ մեզ միավորում է: Կյանքը: Եվ կյանքն այդ չափով մեզ նույնացնում է նրա հետ: Նա էլ է եզակի, կյանքն էլ է եզակի: Ուրեմն ինչու՞ մենք պիտի ստորադասվենք նրան:
– Մենք չենք էլ ստորադասվում:
– Ստորադասվում ենք, երբ գնում ենք այնտեղ: Մենք խախտում ենք հարաբերման հավասարակշռությունը:
► – Հոգու խորք: Ի՞նչ բան է դա:
– Դա մի տեղ է, որի ոչ թե խորությունն է գնահատվում, այլ պարունակությունը:
► – Իսկ դու գիտե՞ս, որ տեսնել-իմանալը մեծ գայթակղություն է և չարժե թերագնահատել մարդկային այդ հակումը: Դու գիտե՞ս, որ կասկածն էլ կարող է հավատի պես ամուր լինել, և այդ դեպքում քո համոզվածությունն ավելի մեծ գին չունի, քան իմ վարանմունքը: Դու պնդում ես, որ քանի դեռ կան առեղծվածները, մեր կյանքը զուրկ չի լինի իմաստից: Իսկ զիտե՞ս, թե ինչ մեծագույն շնորհ է հաղորդակից լինել գաղտնիքին… Ահա, այսպիսի բաներ: Այնպես որ, ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ, ինչպես ասում ես:
– Անկասկած,- վրա բերեց տղան:- Միայն թե եկեք առաջ անցնենք ու տեսնենք, թե ինչ է հետևում դրան:
Նա այնպես արագ մոտեցավ Մռայլին (գրքի հերոս), կարծես «առաջ անցնելը» հենց դա էր նշանակում:
– Կասե՞ք ինձ,- հարցրեց նա,- ո՞րն է մեր սկզբնական զգացողությունը, երբ որևէ գաղտնիք ենք բացահայտում:
– Բավարարումը:
– Ճիշտ է: Իսկ ի՞նչ է հաջորդում դրան:
– Բացահայտման հետևա՞նքը,- հարցրեց Մռայլը:
– Դարձյալ իրավացի եք, հետևանքը: Թեև ոչ միշտ է այդ հետևանքը հաճելի կամ ցանկալի լինում, այնպես չէ՞:
– Համարենք, թե այդպես է:
– Այդպես է: Բայց նկատեք, որ ի տարբերություն երկդիմի, փոփոխական հետևանքի, գաղտնիքը կայուն է, բոլորի համար նույն դեմքն ունի ու նույն գրգիռներն է արթնացնում: Եվ հենց դա է նրա մեծագույն արժանիքը:- Երիտասարդը լռեց, ինչ-որ բան էր խորհում, իսկ հեստ ասաց,- հիշեք, չէ՞ որ այդպիսին է նաև սերը: Միշտ պիտի մնա մի մութ անկյուն, չքողազերծված մի շերտ, մի առեղծված, որ հրապույրը չցնդի, որ բորբոքվի կիրքը, որ չխամրի գույնը, որ սիրտը տրոփի անճանաչելիի հանդեպ մեր ունեցած սրբազան երկյուղներից: Սա է, որ մարդուն ոգեղեն սնունդ է տալիս, դառնում է մեր արյան բաղադրությունը, կողմնորոշում է ընթացքը: Ու նրա գաղտնիքների հարուցած քաղցր դողը նույնն է բոլորիս համար… Կասեք` այդպես չէ՞…
Երաժիշտի համար անհամոզիչ էին այս փաստարկները:
– Հեղհեղուկ տեսություն է:- ասաց նա,- դու շրջանցում ես կարևոր մի բան` ճանաչման արժեքը: Քո խոսքերից հետևում է, որ հանուն առեղծվածի կուսության չարժե ոչինչ իմանալ ու թող աշխարհը ողողվի մտքի մոլությամբ, ոչ մի բացահայտում, ոչ մի իմացություն, դեպի նորը գնացող ոչ մի քայլ: Դոփենք նույն տեղում և տոգորվենք մեր բարձրացրած փոշու ամպերով:
Տղան ծիծաղեց.
– Փոշու մեջ խեղդող տեսաբանի կոչումն ինձ չի պատշաճում: Գալով ձեր դիտողությանը՝ ասեմ, որ ես միշտ էլ առաջընթացի համակիրն եմ եղել: Միայն թե ընդգծենք, որ ինչքան կարևոր է շարժումը, նույնքան էական է հստակեցնել, թե ինչ ուղղությամբ և մինչև ուր է պետք գնալ: Քիչ առաջ մենք խոսում էինք սիրո մասին: Իսկ հիմա եկեք վերհիշենք, թե այդ սիրո հետ ինչպես վարվեցին մարդիկ, ովքեր մեզ նման ցանկանում էին ավելի հեռուն գնալ: Նրանք հանդգնեցին աչք նետել ավելի խորն ու ի՞նչ եք կարծում, ի՞նչ տեսան այնտեղ. ուղեղում արտաղրվող ֆենիլէթիլամին, ինչ-որ սինթեզվող հորմոններ, դոպամին ու նորեպինեֆրին, որոնք ներսում խճողվում, հարաբերվում, հակազդում են մեկը մյուսի վրա, որպեսզի հետո այդ ամբողջ միացությունների արտաթորանքը՝ համաձայն բանաձևերի, նույնպես կոչվի սեր, քանի որ դա էր նրանց որոնածը: Ահա այսպես, ջանասեր մարդիկ ձեզ տվեցին ընտրության իրավունքը: Դե հիմա ասեք, որի՞ն նախապատվությունը կտաք՝ կչափեք սերոտոնինի քանակը ձեր արյան բաղադրության մեջ ու կպարզեք, թե որքանով եք վարակված քիմիական սիրո՞վ, թե՞ կշարունակեք ճաշակել աստվածային այն պարգևը, որը կարիք չունի տարրալուծման…
– Ի սեր աստծո, հանգիստ թողեք սերը,- լսվեց կանացի մի ձայն, որ մատնում էր իր տիրոջ հույզերի տարիքը:- Ավելի լավ է՝ շարունակեք խոսել աշխարհի ծայրի մասին:
– Մենք հենց այդպես էլ անում ենք,- արձագանքեց երիտասարդը և անմիջապես էլ հավելեց:- Ասելիքս այն է, որցանկացած պրպտուն միտք, հետաքրքրասիրություն իր ուղեծիրը պիտի ունենա, և նա ազատ է թռիչքներ գործելու մինչև այն սահմանը, որից այն կողմ կարող է դառնալ սպառնալիք՝ մոխրացնելով լույսի օջախները, ընկճելով ոգին, լռեցնելով կենարար թրթիռները:
– Չափի զգացողությու՞ն,- հարցրեց Բժիշկը:
– Ոչ միայն: Իսկ ավելի շուտ՝ հորդորներից լավագույնը՝ մի վնասիր:
► Պիտանի ավելորդություններով լի այս աշխարհում որքան հեշտ է վերջնակետին հենման կետ կոչելը:
► – Ընդունենք, որ նյութեղեն աշխարհը գոյություն ունի մեր կամքից անկախ,- ասաց Երաժիշտը: Բայց չէ՞ որ այդ աշխարհի էությունը միայն մերն է, մեր գիտակցության ծնունդը: Եթե ես չեմ կարող վերաձևել աշխարհը, ապա գոնե կարող եմ փոխել նրա էությունը իմ հայացքով: Ու այդ ժամանակ այն կդադարի լինել առաջվա պես: Այսինքն` աշխարհը կլինի, բայց ինձ համար չի լինի այնպիսին, ինչպիսին կար մինչ այդ: Եվ ուրեմն դա կլինի մի ուրիշ աշխարհ:
– Ի՞նչ ես ուզում դրանով ասել:
– Հիմա փորձեմ այլ կերպ բացատրել,- ասաց նա: Պատկերացրու, որ փողոցում կամ ձեր բակում ինչ-որ երեխա է վազվզում: Սովորական երեխա է: Դու կամ նկատում, կամ չես նկատում նրա ներկայությունը: Իսկ հիմա պատկերացրու, որ դա հենց քո երեխան է: Փոխվե՞ց էությունը: Նա դադարե՞ց լինել անծանոթ կամ սովորական երեխա: Իհարկե, դադարեց: Այդպես էլ աշխարհի ծայրն է: Երբ հասնենք նրան, այն կդառնա մերը ու գուցե մինչև կյանքի վերջ այլևս չկարողանանք ձերբազատվել նրա ներկայությունից: Բայց ինչպիսի՞ն է լինելու այդ ներկայությունը: Ինչո՞ւ ենք բոլորս հակված կարծելու, թե այն բարերար է լինելու: Իսկ եթե ո՞չ…
– Եթե-ի ձեռքը բռնած ճամփա չեն դնում:
– Ոչ էլ պատրաստվում եմ նրա հետ երկար քայլել: Այղ պատճառով էլ միտքս շարունակեմ: Հիմա արի մի այլ իրավիճակ քննենք: Պատկերացրու գեղեցիկ մի էակի, և նա քո կինն է: Կարծում եմ չես ժխտի, որ վերաբերմունքդ նրա նկատմամբ մեծապես պայմանավորված կլինի ոչ միայն զգացմունքներով, այլև հենց այդ հանգամանքի գիտակցմամբ: Իսկ հիմա փորձիր մի պահ պատկերացնել, որ նա այլևս քո կինը չէ և նույնիսկ ավելին, ամուսնացած է մեկ այլ հարգարժան պարոնի հետ: Ի՞նչ կստացվի: Կստացվի, որ ոչ միայն վերաբերմունքը գրողի ծոցը կչքվի, այլև, հավատա ինձ, զգացմունքներդ կդառնան կողմնակի: Եվ դա այն պատճառով, որ ամեն բան ոչ միայն տեսողական, այլև զգայական գոյություն է: Ուրեմն մենք բոլորս էլ հիմա ընկալման ընտրություն ունենք: Այնտեղ, որտեղ գնում ենք, քեզ համար դա կարող է աշխարհի վերջը լինել, մյուսի համար՝ սկիզբը կամ միջանկյալ ինչ-որ հատված, նայած ընկալման…
– Մեր իրավիճակում հույսը դնել սոսկ ընկալման վրա՝ դեռևս հարցի լուծում չէ,- ասաց Ակնոցավորը:- Բացատրեմ՝ ինչու: Օրինակ, ամեն առավոտ ես ետ եմ քաշում պատուհանի վարագույրն ու նայում երկնքին, որպեսզի իմանամ, թե ինչ օր է սպասվում: Ու երբ տեսնում եմ՝ այդ պահից երկինքն ինձ համար դադարում է նախկինի չափ հետաքրքիր լինել: Իսկ հիմա պատկերացրու, որ արթնացել եմ ու դուրս չեմ նայում: Նստել եմ այդպես, բայց տես, որ հենց միայն դրա մասին միտքն արդեն իսկ բավական է ինձ շեղելու համար: Եվ նա կշարունակի այդպես շեղել, միտքս կռահումների պտույտներ կգործի նրա շուրջը և ի վերջո կստացվի այնպես, որ ես կլինեմ ներսում, սակայն անիծյալ երկինքը կդառնա իմ ժամանակի մի մասը, իմ մտքերի երկինքը կդառնա, քանի դեռ ես չեմ նետվել դեպի պատուհանը..
– Ինչպիսի անկեղծացում,- իր տեղից ձայն տվեց Բժիշկը:- Ես սպասում էի, որ կլսեմ այդ խոստովանանքը: Ես դրան սպասում էի դեռ այն պահից, երբ մեզնից մեկն ասաց, որ ինքը երկրորդ անգամ է գնում աշխարհի ծայրը: Հիշո՞ւմ եք, երբ նրան հարցրեցինք, թե ինչու, պատասխանեց, որ ինքն էլ բացատրություն չունի: Բայց չէ՞ որ ամեն ինչ առանց բացատրության էլ պարզ է: Դրան անվանում են կախվածություն: Եվ այդ նույն բանն այս պահին մեզ բոլորիս է սպառնում:- Բժիշկն այստեղ ձայնին մի փոքր խոնարհություն շաղախեց ու շարունակեց:- Խնդրում եմ ինձնից չնեղանալ, բայց պիտի նկատեմ, որ սովորաբար հոգեբանական ու զգացական կախվածություն են ունենում այն մարդիկ, ովքեր բավական անկայուն են և նախընտրում են պատասխանատվություն չստանձնել որևէ բանի համար: Ես չեմ պնդում, թե բոլորս թուլակամ էակներ ենք, բայց փաստը մնում է փաստ. մենք այսքան երկար խոսում ու խոսում ենք միայն նրա համար, որ առկախենք վերջնական որոշում կայացնելու պահը…
► – Կյանքում ի՞նչն է քեզ համար ամենաթանկը:
– Ապրելը,- թեթև ժպիտով ասացի ես:
– Կուզեի՞ր գիտենալ քո կյանքի վերջը:
– Դա այսպես թե այնպես անխուսափելի է,- ասացի ես:
– Այո, անխուսափելի է, բայց տեսնել կցանկանայի՞ր:
– Հազիվ թե:
– Խնդրեմ, նա չի ցանկանում տեսնել: Եվ դա զարմանալի չէ: Զարմանալին այլ բան է, և հիմա ես հարց եմ տալիս ինքս ինձ. եթե այս աշխարհն էլ մեզ համար նույնքան սիրելի ու թանկ է, որքան մեր կյանքը, այդ դեպքում ինչո՞ւ եմ փափագում տեսնել նրա վերջնազիծը, ինչո՞ւ է ինձ գայթակղել աշխարհի ծայրը: Կարո՞ղ եք պատասխանել իմ փոխարեն: Կբացատրե՞ք, թե ինչպես է պատահում, որ ասում ենք, թե անվախճանը նախընտրելի է վախճանից, ու նույն պահին էլ մեզ նետում ենք դեպի ավարտը:
Մռայլը կանխեց Բժշկի ներշնչված պոռթկումը.
– Տեսնել մահը՝ չի նշանակում մեռնել, տեսնել լույսը՝ չի նշանակում լուսավորել, տեսնել ջուրը՝ չի նշանակում թրջվել: Մեզնից ամեն մեկը կարող է պնդել, որ ինքը բանական էակ է և ընդունակ է վերահսկել սեփական քայլերը…
– Եթե միայն այդպես լիներ… Ցավոք, մենք միշտ և ամենուր մեր բնազդների ու կրքերի ենթական ենք: Ինչ էլ անելու լինենք՝ առաջնորդվում ենք գերազանցապես դրանցով, սակայն համառորեն շարունակում ենք պնդել, թե մեզ համար կարևորը եղել ու մնում է մտքի թելադրանքը:
– Ոչինչ չես կարող անել,- ասաց Մռայլը:- Երբ միտքն ու զգացմունքները քայլում են միևնույն ճանապարհով, նրանք շատ հազվադեպ են հաշտ ուղեկիցներ դառնում:
Բայց բժիշկը դեռ իր խոհերի հետ էր.
– Ինձ մտահոգողը ուրիշ բան է- ասաց նա:-Մարդն այնպիսին է, որ միշտ արձագանքում է արտաքին ազդակներին, եթե խախտվում է նրա կենսական համակարգերի փոխկապակցված գործունեությունը: Իսկ եթե արտաքին ազդակն այնքան ուժեղ է, որ գերազանցում է մարմնի համակշռող հնարավորությունները, այդ ժամանակ վրա է հասնում մտքի խուճապը կամ այն, ինչը բժիշկներն անվանում են հուզական շոկ: Հենց նման պահերին է, որ սխալներ գործելու հավանականությունը մեծանում է:
– Ես սխալվելուց այնքան էլ չեմ վախենում,- զրույցին վերադարձավ Ակնոցավորը:- Ես վախենում եմ դա կանխելու անկարողությունից: Հիմա դուք ինձ ասեք՝ մեր էության ամենախոր անկյուններից եկող ազդակներն ի՞նչ են թելադրում, կամ եթե դրանք լռում են, ո՞րն է այդ զսպվածության պատճառը: Ես ուզում եմ հասկանալ, որ եթե մեր առողջ բնազդները ստիպում են պոկել, մի կողմ նետել այն ամենը, ինչը կաշկանդում, նեղում է մարմինն ու հոգին, ապա ո՞ր տրամաբանությունն է հարկադրում, որ գնանք ու ձեռբ բերենք մի նոր զսպաշապիկ:
– Գուցե սովորույթի ո՞ւժն է: Կամ մեր բնույթի կերպը,- ասաց Մռայլը:
– Աշխարհի ծայրն էլ մի գայթակղիչ «գուցե» է և մենք ուզում ենդ դրա պատասխանն իմանալ: Բայց մի՞թե կյանքում քիչ են պատահում նման օրինակ դեպքեր, և ես ինչո՞ւ պիտի ինձ մեղավոր զգամ այդ անմեղ արարքի համար,- սրտնեղեց Բժիշկը:
► Միշտ էլ այն, ինչն ամենակարևորն է, պիտի պահել աչքից հեռու: Սիրտը որ սիրտ է՝ կրծոսկրով է պաշտպանված: Սերմը որ սերմ է, իր պատիճն ունի, որպեսզի անմատչելի մնա: Փշրեցիր կեղևը՝ ուրեմն սպասիր փորձության, ուրեմն վտանգել ես սերմը, նրա ծլարձակումը…