Իշխող Հանրապետական կուսակցությունը Գործադիր մարմնի նիստում ընդունել է ներկուսակցական երեք որոշում: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ նիստը վարել է Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Է. Շարմազանովի փոխանցմամբ՝ Գործադիր մարմնում որոշվել է հիմնադրել քաղաքական դպրոց, ինչպես ընդունված է եվրոպական մի շարք երկրներում: «Քաղաքական առաջադեմ կուսակցություններն ունեն քաղաքական դպրոց: ՀՀԿ-ն որոշել է հիմնել քաղաքական դպրոց, որը կկրի կուսակցության նախկին առաջնորդ, երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունը»,- նշեց ՀՀԿ խոսնակը:
Էդուարդ Շարմազանովն ասաց, որ կուսակցության ընդունած երկրորդ որոշումը վերաբերում է ՀՀԿ ներսում գործող հանձնաժողովների թիվը մեկով ավելացնելուն: «Գիտեք, որ ՀՀԿ-ում կան հանձնաժողովներ: Կուսակցությունը որոշել է դրանք ավելացնել ևս մեկով՝ ստեղծել արտաքին կապերի հանձնաժողով, ինչը նշանակում է, որ ՀՀԿ-ն մեծ կարևորություն է տալու միջկուսակցական կապերի ամրապնդմանը՝ թե ԵԺԿ-ի, թե առաջին հերթին, բնականաբար, Ռուսաստանի ամենազդեցիկ քաղաքական ուժի՝ «Եդինայա Ռոսիա»-ի հետ»,- մանրամասնեց ԱԺ փոխնախագահը:
Երրորդ որոշումը, Շարմազանովի խոսքով, ՀՀԿ-ի ծրագրի փոփոխության մասին է: Կուսակցության խոսնակը հիշեցրեց, որ սույն տարվա աշնանը ՀՀԿ-ն գումարելու է համագումար և նշեց, որ դրան ընդառաջ որոշվել է փոփոխություն մտցնել կուսակցության ծրագրում, քանի որ դրանք 2006թ.-ից՝ շուրջ տասը տարի, մնացել են անփոփոխ:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/24/sharmazanov/1973191
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



