Այն, որ Յուրա Մովսիսյանը վերջին մեկ-երկու տարիներին իր հնարավորություններից ցածր էր հանդես գալիս, անքննելի փաստ է: Գուցե, դա պայմանավորված էր վնասվածքների հետ, հնարավոր է հոգեբանական խնդիրներ կային կամ այլ պատճառներ, բայց թե Սպարտակում, և թե հավաքականում նա ակնհայտորեն ցույց չէր տալիս այն խաղը, ինչը նրանից ակնկալում էին: Բայց այս ամենով հանդերձ, ինչո՞ւ էր պետք, ընդհանրապես, նրա առջև փակել հավաքականի դռները: Եթե լավ մարզավիճակում չէ, մեծ նվիրվածությամբ չի խաղում, կարելի է այս փուլում չհրավիրել, բայց այրել նրա հետ կամուրջները, միանգամայն անհասկանալի է: Փաստ է, որ մեր հավաքականը նրա մակարդակի հարձակվող երբեք չի ունեցել և այսօր էլ չունի: Դատելով MLS-ում իր վերջին ելույթներից, ակնհայտ է, որ աստիճանաբար հավաքում է լավ մարզավիճակ և մեծ է հավանականությունը, որ արդեն մոտ ապագայում նա ոչ միայն իր թիմի, այլ նաև ամբողջ լիգայի լավագույն հարձակվողներից մեկը դառնա: Համենայնդեպս, այդ նախադրյալներն այսօր նշմարվում են: Իսկ եթե Յուրան հասնի իր լավագույն մարզավիճակին, սեպտեմբերին կարող է մեծ օգուտ բերել մեր ազգային ընտրանուն: Ինչ խոսք, չպետք է բացառել, որ հավաքական հրավիրված և Յուրային փոխարինած տղաներն իրենց լավագույն կողմերով դրսևորեն, բայց նույնսիկ այս պարագայում Մովսիսյանի ներկայությունը կնպաստեր նրանց միջև առողջ մրցակցությանը և զարգացմանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: