Ազգային Ժողովում Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներն այս օրերին չեն դադարում: Հնչում են բազմաթիվ կարծիքներ: ԸՕ-ն ներկայացնում են տարբեր տեսանկյունից, թե՛ դրական, և թե՛ բացասական: Բայց արի ու տես, որ ԸՕ-ի նոր նախագիծը որոշակի բիզնես հետաքրքրություններ էլ է առաջացրել պատգամավորների մոտ:
Ի՞նչ է նշանակում բիզնես հետաքրքրություններ: Ավելի պատկերավոր դարձնելու համար, երևի թե մեջբերեմ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանի խոսքը. «Իմ ընկերը, որը մեր կողմից վստահված անձ էր տեղամասերից մեկում, դրեց այնտեղ տեսախցիկ, որը ընտրության ողջ ընթացքը փոխանցում էր վեբ կայքին: Դա նրա վրա նստեց 20 դոլար, Ոչ-ն այդտեղ հաղթանակ գրանցեց: Հաշվարկը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է 40000 դոլար այս խնդիրը լուծելու համար: Խոսքս վերաբերում է նրան, որ փաստորեն փոքր ֆինանսական միջոցներով հնարավոր է այս հարցը ևս լուծել»:
Այս ամենը թարգմանաբար նշանակում է «ընկերս տեսախցիկների գործ ա անում, նենց արեք՝ էս մի գործը գլորեք իմ վրա, մի քիչ էլ մենք աշխատենք»:
Ես չեմ զարմանա, որ վաղը մյուս օրը Լևոն Զուրաբյանը Ազգային Ժողովում հայտարարի, որ իր աներձագի եղբայրը գուլպաներ է ներկրում Տաջիկստանից ու դրանց գնելը ներկայացնի, որպես հանրային պահանջ: Վերջում էլ երևի թե կավելացնի, որ այդ գուլպաները հագնելը ազգափրկիչ հեղափոխական նշանակություն ունեն: