Tert.am-ը գրում է.

ՀՀ գլխավոր դատախազությունն ստացել է Հրազդանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Արամի Դանիելյանի դիմումը՝ կապված Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանի կողմից 2016–ի մարտի 21-ին Հրազդանի մի շարք հանրակրթական դպրոցներ այցելությունների հետ։  Դատախազության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից Tert.am–ին տեղեկացրին, որ սահմանված կարգով դիմումին ընթացք կտրվի։

 

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանի կողմից 2016 թվականի մարտի 21-ին Հրազդան քաղաքի մի շարք հանրակրթական դպրոցներ այցելությունների հետ կապված Հրազդանի քաղաքապետ Ա. Դանիելյանի ընտրական շտաբը գրավոր դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն:

 

Գլխավոր դատախազությանն ուղղված գրության մեջ ասված է, որ Նիկոլ Փաշինյանը 2016 թվականի մարտի 21-ին այցելել է Հրազդան քաղաքի մի շարք հանրակրթական դպրոցներ՝ փորձելով ճնշումներ գործադրել կրթական հաստատությունների ղեկավարների վրա և նրանց ներքաշել նախընտրական գործընթացների մեջ:
 

«Այցելության փաստը հաստատել է նաև Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում: Ավելին, Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանի ապօրինի գործունեության առաջին իսկ ահազանգից հետո մեր շտաբի լրատվության պատասխանատուների կողմից տեսալուսանկարահանվել են նրա այցելությունները:

 

Նիկոլ Փաշինյանը հանրակրթական ուսումնական հաստատությունների աշխատանքային ժամերին, որպես շտաբի պետ այցելելով դպրոցներ, փորձել է իրականացնել քարոզչական և քաղաքական գործունեություն: Ուսումնական հաստատությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չունեն որևէ ուղղակի առնչություն ընտրությունների կազմակերպման հետ: Նման գործառույթ վերապահված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ինչպես նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին: Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը նախընտրական թեմայով արդեն հանդիպում ունեցել էր Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ, որի մասին վկայում է նաև Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը: Ավելի, ըստ մամուլի տեղեկությունների, ընտրությունների կազմակերպման հարցերով նա հանդիպել էր նաև տարբեր պաշտոնատար անձանց հետ:

 

Այսքանով հանդերձ, մեղմ ասած, անհասկանալի է Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանի երեկվա շրջագայությունը պետական ուսումնական հաստատություններ, որոնց կանոնադրական նպատակների մեջ չի մտնում ընտրությունների կազմակերպման հետ կապված որևէ գործառույթ:

 

Նիկոլ Փաշինյանը ակնառու խախտել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի  8- րդ մասի, «ՀՀ ընտրական օրենսգրքի» 18-րդ հոդվածի 8-րդ մասի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման պահանջները:

 

Առաջարկում ենք ուսումնասիրել ներկայացված փաստերը և խնդրում միջոցներ ձեռնարկել Հրազդան քաղաքի քաղաքապետի ընտրությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները խախտած անձանց օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու և ապագայում նման օրինազանցություններ բացառելու համար»,– ասված է դատախազություն ուղարկված գրությունում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել