Panorama.am-ը գրում է.

ԱՄՆ պետդեպարտամենը Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին տեղեկացնում է, Հայաստանում հասարակական տրանսպորտն էժան է, սակայն անվտանգ ու հարմարավետ չէ:

«Միկրոավտոբուսներն այստեղ առավել վտանգավոր են, քան հասարակական տրանսպորտի մյուս տեսակները: Դրանք հաճախ գերբեռնված են ու վատ պահպանված: Չեն պահպանվում անվտանգության ընդհանուր կանոնները, դրանք հաճախ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից են դառնում»,-ասված է պետդեպի կայքում:

Այստեղ անուղղակի և ուղղակի մի շարք մեղադրանքներ կան՝  հայ վարորդների, ճանապարհային ոստիկանության, ինչպես նաև տրանսպորտի ու կապի նախարարության, տեղական ինքնակառավարման մարմինների հասցեին:

ԱՄՆ կառավարությունն իր քաղաքացիներին նաև խորհուրդ  է տալիս չճամփորդել գիշերով, քանի որ ճանապարհները վատն են. «Բացառությամբ կենտրոնական մի քանի մայրուղիների, հիմնական ճանապարհները վատ վերանորոգված են, որտեղ կարելի է բախվել ասֆալտի մակերեսի ձգվող մեծ փոսերի: Որոշ ճանապարհներ նոր քարտեզների վրա չկան»:

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հրապարակված տեղեկությունները մեկնաբանելուց զերծ մնաց: Նա ասաց, որ Հայաստանի ԱԳՆ պաշտոնական էջում էլ հայաստանցի ճամփորդների համար ընդհանուր տեղեկություններ ու խորհուրդներ են հրապարակվել,  սակայն առանձին երկրների համար այս պահին  նման տեղեկություններ չկան: Առանձին դեպքերում արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են դիմել դեսպանություն ու ստանալ պատասխաններ:

Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանը Panorama.am-ի հետ զրույցում ՃՈ-ին ուղղված մեղադրանքները չափազանցված համարեց, չբացառեց, որ մի քանի դեպքեր եղել են, սակայն դրանք չպետք է ընդհանրացնել: Նրա խոսքով, երթևեկության կուլտուրայի մակարդակի բարձրացումը տեսանալի է, և դա կարող են փաստել նաև քաղաքացիները:

ԱՄՆ պետդեպը նշում է. «Վարորդները հաճախ են անտեսում երթևեկության կանոնները՝ այդպիսով վտանգավոր վիճակ ստեղծելով ճամփորդների համար: Գիշերը երթևեկելիս հատկապես պետք  է ուշադիր լինել: Հետիոտները հաճախ առանց նախազգուշացման, հատում են մութ փողոցը՝ կրելով մուգ հագուստ: Վազանցը գնալով լուրջ խնդիր է դառնում  հայաստանյան փողոցներում ու մայրուղիներում: Ագրեսիվության զոհ դառնալու վտանգը նվազեցնելու համար պետք է զիջել նման վարորդներին»:

Տոնոյանն ասաց, որ ՃՈ-ն երթևեկության ցանկացած խախտման ժամանակ հստակ գնահատական է տալիս, դա վարչական իրավախախտում է, և նման յուրաքանչյուր դեպքում արագ արձագանք է տրվում:

«Հայ վարորդներն ագեսիվ չեն, միգուցե ազգային խառնվածքով պայմանավորված կա շտապողականություն, բայց դա ներկայացնել որպես ագրեսիվություն, սխալ մեկնաբանություն է»,-ասաց ՃՈ պաշտոնյան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել