Lurer.com-ը գրում է.
ԱՄՆ-ում ձերբակալվել է իրանական ծագմամբ թուրք գործարար՝ Իրանի դեմ պատժամիջոցները շրջանցելու փորձի համար։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը, գրում է «Коммерсантъ»-ը:
Ռեզա Սարաֆը ձերբակալվել է մարտի 19-ին, Մայամիում: Նա բնակվում է Թուրքիայում և ունի երկքաղաքացիություն՝ թուրքական և իրանական: Նրա հետ միասին գործով անցնում է Իրանի երկու քաղաքացի, որոնց ձերբակալել չի հաջողվել:
Քննությունը կարծում է, որ գործարարը և նրա աջակիցները բազմամիլիոնանոց գործարքներ են իրականացրել, որոնց շահառուն եղել է Իրանի կառավարությունը և մի շարք իրանական ընկերություններ, որոնք հայտնվել են պատժամիջոցների տակ:
ԱՄՆ գլխավոր դատախազի օգնական Ջոն Քարլինի խոսքով՝ այդ գործարքներն իրականացնելով՝ նրանք խախտել են պատժամիջոցների ռեժիմը: Ենթադրյալ խախտումներն իրականացվել են 2010-2015 թվականներին։
Երեք մեղադրյալներից յուրաքանչյուրը մեղադրվում է խարդախության և պատժամիջոցների խախտման, ինչպես նաև բանկային խարդախության և փողերի լվացման նպատակով համաձայնության գալու համար։ Նրանցից յուրաքանչյուրին սպառնում է մի քանի տասնյակ տարի ազատազրկում։
Հիշեցնենք, որ Ռեզա Սարաֆը Թուրքիայում ձերբակալվել էր 2013-ի դեկտեմբերի 17-ի «Մեծ կաշառք» գործողության ժամանակ։ Էրդողանի կողմից փոխված դատավորներն ու դատախազները ամեն ինչ արեցին «Մեծ կաշառք» գործով ձերբակալվածներին ազատ արձակելու համար և փետրվարի 28-ին արդեն բոլորը հայտնվել են ազատության մեջ։