Զավեշտալի է հետևել Վարդան Օսկանյանի կուսակցության երկունքին։ Այն աժիոտաժը, որն առկա է մեդիայում այս առնչությամբ, մեծամասամբ արհեստածին է ու կոչված է ակտիվության իմիտացում ցուցաբերելուն, ոչ թե արտացոլում է պռո-Օսկանյանական ուժերի հավատն ու վճռականությունը, կամ էլ հակա-Օսկանյանական ուժերի տագնապն ու անհանգստությունը։
Իրականում, Օսկանյանից ավելի թույլ կերպար՝ ընդդիմադիր բևեռ ձևավորելու հավակնություններով գտնելը դժվար է և անգամ եթե այս պրոյեկտը փորձեն մինչև վերջ տանել ու այդ կուսակցությունը կայանա, ապա այն միանգամից կհայտնվի քաղաքական լուսանցքում, որովհետև պարոն Օսկանյանը, որպես հրապարակային քաղաքական գործիչ, կուսակցության թիմլիդեր, նոր ամենափրկիչ, չի կարող խուսափել հրապարակային բանավեճերից ու մրցակցային այլ գործողություններից, իսկ Օսկանյանին բանավեճում կծալի նույնիսկ ամենավտիտ հանրապետականը։
Դրա համար բավական է պարզապես բարձրացնել Արցախյան հակամարտության կարգավորման հարցը ու Օսկանյանը կհայտնվի ցուգցվանգում։ Եթե նա սկսի ուռ-հայրենասիրական ճառեր կարդալ ու պատմել, որ իրականում Բաքուն էլ կգրավենք, նրանց չեն հավատա ու միանգամից կհիշեցնեն իր իսկ հայտարարությունները, որոնցում նա ազատագրված տարածքներն անվանում էր օկուպացված տարածքներ, կհիշեցնեն, որ հենց նա էր ամենավճռականը տրամադրված ազատագրված տարածքների վերաբնակեցման ծրագրի դեմ ու հենց նրա ուղղակի ջանքերի շնորհիվ բանակցային գործընթացից դուրս մնաց ԼՂՀ-ն․․․
Օսկանյանի համար ավելի խոստումնալից չի լինի, եթե ինքը կրկնի այս դիրքորոշումները, անգամ ավելի մեղմ տարբերականով։ Հայ հանրությունն անկախխ ամեն ինչից չի ների ոչ մի քաղաքական գործչի, ով կհամարձակվի ծպտալ հողերը հանձնելու մասին։ Օսկանյանը որքան էլ Օսկանյան լինի, թող Լևոն Տեր-Պետրոսյանից ուժեղ տղա չլինի, իսկ Լևոնի պարագայում նման մտադրությունը բերեց հրաժարականի ու շուրջ 10 տարով մոռացության մատնվելու․․․
Այնպես որ, տղերքի բանը բուրդ ա։ Օսկանյանի շալակին հեռու գնալ չի լինի։