Զարմանալի է, բայց կանայք իսկապես մի քանի րոպե լռելյայն կանգնեցին ոստիկանության Երեւանի վարչության շենքի մոտ, ինչից հետո ակցիայի մասնակիցները, շղթա կազմած, քայլելով կամ երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ: Ակցիայի լռությունը խախտվեց, երբ ոստիկանները մոտեցան մասնակիցներին:
Իսկ Ազատության հրապարակում շարունակվող «Նոր Հայաստան» բացօթյա սերիալը ավելի ու ավելի շատ է մասխարայի երանգներ ստանում: Ինչպես հայտնի է, «Նոր Հայաստանի» առաջնորդներից Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է իշխանափոխության «երրորդ մոտեցման» մասին:
Ծանրամարտում դա հետաքրքիր պահ է: Բայց եթե անգամ այդ զուգահեռը վերցնենք, «Նոր Հայաստանն» ակնհայտորեն շատ մեծ քաշ է պատվիրել: Այնպես որ ավելի լավ է մնանք կինոյի հետ կապված զուգահեռականում եւ անվանենք դա «դուբլ 3»:
Եվ ահա, «Նոր Հայաստանը» հրապարակել է այդ «դուբլ 3»-ի ծրագիրը, կամ, ինչպես հիմա մոդա է ասել՝ «ճանապարհային քարտեզը»: Մեծ քարտեզ չէ, ընդամենը 3 կետ: Հիշո՞ւմ եք՝ «Երեք ընկույզ Մոխրոտիկի համար»: Համարյա նման մի բան է, այն տարբերությամբ, որ այստեղ դդումը ոչ կեսգիշերին, ոչ էլ կեսօրին կառքի ու ընդհանրապես որեւէ բանի չի վերածվելու, այլ մնալու է իր համեստ՝ բանջարաբոստանային կերպարի մեջ:
Եվ այսպես. կետ «նամբըր ուան». հեռացնել վարչախմբին: Կետ «նամբըր թու»՝ իրականացնել անցումային կառավարում: Եվ կետ «նամբըր թհրիի»՝ անցկացնել արտահերթ ընտրություններ: Իսկ դուք ասո՜ւմ եք:
Բայց դե, «ճանապարհային քարտեզը» քարտեզ չէր լինի, եթե հագեցած չլիներ գոնե ինչ-որ մանրամասներով: Օրինակ, հետաքրքիր է, թե կոնկրետ ինչպե՞ս են Ժիրայր Սեֆիլյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը հեռացնելու վարչախմբին: Ըստ ծրագրի, ամենը հանճարեղորեն պարզ է: Ուրեմն սկզբում քաղաքական ու հասարակական ուժերը միավորվում են, հետո...
Սկզբունքորեն, «սկզբում»-ի վրա էլ ծրագիրը կձախողվի, որովհետեւ միմյանց հանդեպ ծծմբական թթվի գոլորշիներ արտաշնչող այդ «ուժերից» շատերը միավորվող պտուղը չեն:
Բայց ենթադրենք, ծծմբաթթուն մի կերպ հաղթահարեցին: Հետո, ուրեմն ոտքի են հանում, իրենց բառապաշարով ասած՝ մոբիլիզացնում են «զանգվածներին», ապա ուլտիմատում, կամ, եթե կուզեք՝ վերջնագիր են ներկայացնում իշխանություններին եւ պահանջում են արտահերթ ընտրություններ:
Փոքր-ինչ շեղվելով բուն ասելիքից՝ նկատենք, որ հերթական ընտրությունների նախաշեմին, ասենք, դրանից մեկ տարի, կես տարի, անգամ՝ 1 ամիս առաջ արտահերթ ընտրությունների պահանջ դնելը արդեն դառնում է հայրենի արմատական տրամադրված առանձին գործիչների կամ ուժերի սեւեռուն գաղափարը:
Լավ, իսկ եթե իշխանություններն են, ու վերջնագիրը հաշվի չեն առնում, առավել եւս, եթե «մոբիլիզացիան» այն չլինի, ինչպես արդեն մի քանի անգամ առիթ է եղել դիտարկելու: Այդ դեպքում՝ ի՞նչ:
Մյուս կողմից՝ ինչպե՞ս է «Նոր Հայաստանը» նախատեսում հասնել իր պահանջների կատարմանը: Սցենարիստները դա էլ են մտածել՝ քաղաքացիական անհնազանդություն, վարչական շենքերի շրջափակում, ճանապարհների ու փողոցների «փակում», ինչից, ըստ սեֆիլյանականների, ռեժիմը կաթվածահար կլինի:
Ի դեպ, հիշեցնենք, որ երբ անցյալ տարվա ամառային ցույցերի պիկից հետո նույն Ժ.Սեֆիլյանի համախոհները փորձեցին «իրենցով անել» կամ հենց «իրենցով արեցին» էլեկտրաէներգիայի թանկացման դեմ շարժման մի մասը ու միառժամանակ շարունակում էին «փակած» պահել Երեւանի կենտրոնական ու բանուկ մայրուղիներից մեկը՝ Բաղրամյան պողոտան, միակը, ինչ «կաթվածահար» եղավ, հենց այդ շարժումն էր, ավելի ճիշտ՝ շարժման մնացորդը:
Հետո՞ ինչ են ծրագրել «Նոր Հայաստանի» առաջնորդները: Ահավասիկ, ըստ «ճանապարհային», իսկ այս դեպքում՝ «արահետային» քարտեզի, հենց նրանց ձեռքերը հասնեն իշխանական լծակներին, ապա Սահմանադրական դատարանի միջոցով մտադիր են արգելել Հանրապետական կուսակցության գործունեությունը:
Զարմանալի է միայն, թե ինչների՞ն է պետք նման ձեւականությունների հետեւից ընկնելը: Նկատի ունենք Սահմանադրական դատարանը ներգրավելը: Միանգամից Ժիրայր Սեֆիլյանին կամ, լավ, Անդրիաս Ղուկասյանին, կամ՝ իրենց ցանկությամբ, այդ խմբից որեւէ մեկին «Դիկտատոր» են օծում` համապատասխան անսահմանափակ լիազորություններով, ու ինչ խելքներին փչի՝ արգելում են:
Ասենք, արգելում են ՀՀԿ-ն, հետո՝ ՀՅԴ-ն, հետո, առհասարակ՝ կուսակցությունները: Հետո՝ թերթերը: Հետո՝ ինտերնետը: Հետո՝ Ազատության հրապարակում խարույկ են վառում ու այրում անցանկալի գրքերն ու «այ-փադները»...
Չէ, «Նոր Հայաստանի» քարտեզում եղած` կուսակցություն արգելելու մտադրությունը, որ նրանք անկասկած ամենայն լրջությամբ, երկար-բարակ քննարկել են, արդեն այնպիսի բնութագրական դրսեւորում է, որ կարելի է չկասկածել, թե ինչքա՜ն դեմոկրատ ու ազատամիտ գործիչներ են այնտեղ հավաքվել:
Այս ամենի հետ կապված ու հետաքրքրություն հարուցող քիչ հարցերից մեկն այն է, թե այս մասխարան դեռ որքան կշարունակվի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել