Panorama.am-ը գրում է.

Բժշկական ախտորոշումը երբեմն դատավճռի պես է հնչում. եթե հիվանդությունը ծանր է, շատերը հուսալքվում են, հրաժարվում են բուժվել և այդպիսով մահվան դատավճիռ են կայացնում իրենք իրենց համար: Սակայն կյանքի համար պետք է պայքարել:

26-ամյա Մարիամը հոգեբան է, աշխատում է Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում, 2015թ-ին հիմնադրել է «Տուբերկուլոզը և ես» հասարակական կազմակերպությունը: Արդեն ութ տարի է՝ զբաղվում է տուբերկուլոզի դեմ պայքարով: Այս ընթացքում նա հասցրել է գրել երկու գիտական հոդված տուբերկուլոզի ու այս հիվանդությամբ տառապող մարդկանց հոգեբանության մասին:

Իսկ այդ ամենը սկսվել է այն բանից հետո, երբ Մարիամը բախվեց տուբերկուլոզի հետ: 18 տարեկան էր, երբ նրա մոտ ախտորոշեցին այդ հիվանդությունը: Թուլություն,  բարձր ջերմություն, հազ, կրծքավանդակի հատվածում հաճախակի ցավեր, քաշի կորուստ…այս ախտանիշերը նկատելուց հետո Մարիամը դիմեց  բժշկի, որից հետո պարզվեց, որ վարակվել է տուբերկուլոզով:

Մարիամը խոստովանում է, որ հիվանդությունը չի կարող ընկճման պատճառ դառնալ, եթե մարդը լավ իրազեկված է, սակայն իր մոտ ի սկզբանե ընկճվածության խնդիր եղել է, որը ժամանակի ընթացքում հաղթահարել է:

Բուժումը տևել է մոտ 2,5 տարի, սակայն, ինչպես Մարիամն է խոստովանում՝ երբեք չի հուսահատվել, այլ ապագայի ծրագրեր է մշակել:

«Բուժման ընթացքում հետաքրքրություն է առաջացել ոլորտի հանդեպ և սկսեցի ավելի հանգամանորեն ուսումնասիրել և խորանալ այդ հիվանդության գաղտնիքների մեջ»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարիամ Ավանեսովան:

Հետագայում նրա մոտ ցանկություն է առաջացել աշխատել տուբերկուլոզով հիվանդների հետ և 4-5 տարի կամավոր այդ գործով զբաղվելուց հետո հրավեր է ստացել աշխատելու Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում՝ որպես հոգեբան:  2015թ-ին հիմնադրել է «Տուբերկուլոզը և ես» ՀԿ-ն, որը զբաղվում է տուբերկուլոզով հիվանդների սոցիալ-հոգեբանական հարցերով, նրանց իրավունքների պաշտպանությամբ, ինչպես նաև հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացմամբ:

Մարիամն ասում է, որ տուբերկուլոզով շատ հիվանդներ դեռևս ձգտում են իրենց հիվանդությունը գաղտնի պահել` հասարակության խարանից խուսափելու համար:

«Այսօր մենք դեռ կարծրատիպեր կոտրելու խնդիր ունենք, մարդիկ հիվանդությունը թաքցնելով փորձում են խուսափել տհաճ միջադեպերից, բայց տուբերկուլոզը համարվում է բուժելի հիվանդություն և ժամանակն է այդ մասին խոսենք ազատ, ինչպես բոլոր հիվանդությունների մասին»,- նշեց նա:

Մարիամը ոչ միայն չի լռում, այլև սեփական օրինակով փորձում է ցույց տալ, թե ինչպես պետք է հաղթահարել այս հիվանդությունը:  Այսօր Մարիամը զբաղվում է սիրած աշխատանքով, շուտով էլ կմայրանա:

Նշենք, որ տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրը Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ նշվում է ամեն տարի մարտի 24-ին՝ այն օրը, երբ 1882-ին գերմանացի միկրոկենսաբան Ռոբերտ Կոխը հայտարարել է տուբերկուլոզի հարուցիչի իր բացահայտման մասին:

Օդակաթիլային ճանապարհով փոխանցվող այս վարակը` տուբերկուլոզը, լիովին բուժելի է, եթե ժամանակին հիվանդը ախտորոշվի և խստորեն հետևի մասնագետի խորհուրդներին: Բուժման  խախտումը կարող է հանգեցնել բազմադեղակայուն տուբերկուլոզի, որն ավելի երկարատև բուժում է ենթադրում:

Չնայած տուբերկուլոզը բուժելի է, այն շարունակում է տարածվել` սպառնալով միլիոնավոր մարդկանց առողջությանը, տնտեսական և սոցիալական բարեկեցությանը:  Այն շարունակում է տարեկան մոտ 1.5 մլն կյանք խլել, և հաճախ թիրախ են դառնում բնակչության առավել խոցելի խմբերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել