kongresAraratnews.am-ը գրում է.

ԱՄՆ 33 կոնգրեսականներ նամակ են հղել Պետության, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Քեյ Գրեյնջերին (Հանրապետական, Տեխաս) և բարձրաստիճան անդամ Նիթա Լոուեյին (Դեմոկրատ, Նյու Յորք)՝ ի աջակցություն ԱՄՆ 2017 թվականի ֆինանսական տարվա բյուջեից շարունակական օժանդակության տրամադրմանը Հայաստանի Հանրապետությանը և Լեռնային Ղարաբաղին, Վրաստանի Սամցխե-Ջավախեթի շրջանին և Մերձավոր Արևելքում ռիսկային գոտում հայտնված փոքրամասնություններին, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար): «ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը տարածաշրջանում չափազանց կարևոր է», – ասվում էր նամակում:

Կոնգրեսականները պահանջել են առնվազն 5 միլիոն ԱՄՆ դոլար՝ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական և զարգացման ծրագրերի համար, ոչ պակաս քան  40 մլն ԱՄՆ դոլար հատկացնել Հայաստանին՝ընդհանուր տնտեսական օգնության համար (այդ թվում`Տնտեսական աջակցության հիմնադրամի, Թմրամիջոցների միջազգային վերահսկման և իրավապահության ու Համաշխարհային առողջապահական ծրագրերի), կասեցնել Ադրբեջանին տրամադրվելիք ողջ ռազմական օգնությունը, Վրաստանին տրվող օգնության առնվազն 10 տոկոսն ուղղել Սամցխե-Ջավախեթիում կայուն աշխատատեղերի ստեղծման ծրագրերի ֆինանսավորմանը, ընդլայնել Ազատության աջակցության ակտի 907 բանաձևը և վերականգնել Ղարաբաղի մասնակցությունը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի խաղաղարար գործընթացին՝ որպես լիիրավ բանակցային մասնակից:

«Համագումարը ողջունում է ավելի քան 30 կոնգրեսականների կողմից  սատարվող այս նախաձեռնությունը և վերջիններիս ջանքերը` ապահովելու Հայաստանի և Արցախի բարեկեցությունը: Ես լիահույս եմ աշխատելու Կոնգրեսի առաջնորդների հետ՝ աջակցելու նամակում շարադրված կարևոր հարցերին», ասել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Մենք վտանգավոր ժամանակներում ենք ապրում, երբ «Իսլամական պետությունը» ցեղասպանություն է իրականացնում քրիստոնյաների և այլ փոքրամասնությունների դեմ, միլիոնավոր մարդիկ տեղահանվել են բռնության և քաղաքացիական պատերազմի պատճառով, իսկ Ադրբեջանը սպառնում է նոր պատերազմով Հարավային Կովկասում՝ իր կողմից հրադադարի ռեժիմի կրկնվող խախտման դեպքերով: 2017թ. ֆինանսական տարվա Հատկացումների բյուջեի առաջարկվող փոփոխություններով վարչակազմը հնարավորություն ունի օգնել լուծելու այս հրատապ խնդիրների մի մասը»:

Նամակում կոչ է արվում ԱՄՆ-ին ավելի հաստատուն դիրքորոշում ցուցաբերել Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ թշնամական գործողությունների աճող թվի կապակցությամբ: Այս ամսվա սկզբին Օբամայի վարչակազմը հրապարակել է առաջիկա տարվա իր բյուջեն՝ պահպանելով ռազմական հավասարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ 1 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրելով Արտաքին ռազմական ֆինանսավորման (FMF) և  600,000 ԱՄՆ դոլար Միջազգային ռազմական կրթության և վերապատրաստման (IMET) համար, որը նախորդ տարվա համեմատ պակասել է: Նամակում առաջարկվում է կասեցնել ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին այնքան ժամանակ, «մինչև վերջինս կդադարեցնի միջսահմանային հարձակումները, վերջ կտա պատերազմի վերսկսման իր սպառնալիքներին և կհամաձայնի տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը խաղաղ ճանապարհով»: Կոնգրեսականները նաև առաջարկում են հավելյալ լեզվի ներառումը՝ Ազատության աջակցության ակտի 907 բանաձևն ուժեղացնելու նպատակով:

ԱՄՆ-ն առաջնայնորեն կենտրոնանում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վրա, սակայն նամակում նշվում է, որ Ղարաբաղի պետական պաշտոնյաները դուրս են թողնվել խաղաղ կարգավորման գործընթացից 1998 թվականից ի վեր: «Հանուն խաղաղության և հիմնարար արդարության պետք է թույլատրվի, որ Լեռնային Ղարաբաղը լիարժեք մասնակցի իր ապագայի վերաբերյալ բոլոր բանակցություններին: Խաղաղության լավագույն և առավել կայուն ուղին պահանջում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և կառավարության անմիջական ներգրավվածությունը. ընթացող բանակցությունների առարկան են նրանց ճակատագիրն ու ապագան, և նրանց անվտանգությունը կախված կլինի այդ բանակցությունների արդյունքից», – ասվում է նամակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել