Tert.am-ը գրում է.
Թուրքիա-ԵՄ համաձայնագիրը չի հանգեցնի Թուրքիայի արագ եվրաինտեգրմանը, քանի որ ԵՄ մի շարք պետություններ դեմ են դրան։ Tert.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ Ըստ նրա՝ ԵՄ արժեքները, որոնք բարձր են, անգնահատելի, Թուրքիայի հետ գործարքի գնալու համար դավաճանվեցին, մոռացվեցին։

- Եվրամիությունն ու Թուրքիան ստորագրել են համաձայնագիր՝ ներգաղթյալների վերաբերյալ։ ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել այս հարցում ֆինանսական աջակցություն ցուցաբերել Թուրքիային։ Միաժամանակ, ԵՄ նախագահի տեղակալ Ֆրանս Թիմերմանսը օրերս մանրամասնել է Թուրքիայի հետ համագործակցության հնարավորությունները՝ ներկայացնելով վեց սկզբունք։ Ի՞նչ հեռանկարներ ունի այս համագործակցությունը։

- Կարծում եմ, որ կատարվածը գործարք է, այն ունի զուտ տակտիկական նպատակներ։ Եվրամիությունն էլ, Թուրքիան էլ հետապնդում են առաջին հերթին սեփական շահերը, որովհետև երկու պետության համար էլ փախստականների հարցը դարձել է գլխացավանք և ժամ առաջ լուծում է պահանջում։ Թուրքիան փորձում է օգտվել այս իրադրությունից՝ ֆինանսական և այլ օգուտներ քաղել։ Թուրքիան փորձում է օգտագործել այս դրությունը նաև մուտքի արտոնագրերի հետ կապված որոշակի զիջումներ ստանալու համար։

Նկատեք, որ Թուրքիա-ԵՄ համաձայնագրի ստորագրումը մեծ քննադատության առաջացրեց Եվրոպայում՝ փորձագիտական, քաղաքական շրջանակներում։ Ասեմ, որ քննադատությունը բավական տեղին էր, որովհետև ԵՄ-ն աչքերը փակում է Թուրքիայում տեղի ունեցող իրավիճակի, մարդու իրավունքների խախտման, ժողովրդավարության, իրավունքների սահմանափակման, ճնշումների և մի շարք այլ խայտառակությունների վրա։ Փաստորեն ԵՄ-ն դավաճանում է իր իսկ քարոզած արժեքներն այս գործարքների համար, ինչը չի կարող չբարկացնել սկզբունքային Եվրոպայի հատվածին։

- Գուցե այն խնդիրը, որը լուծում է ԵՄ-ն՝ աչք փակելով Թուրքիայում տեղի ունեցող խայտառակությունների վրա, ավելի՞ կարևոր է Արևմուտքի համար։

- Պատճառը շատ ակնհայտ է։ ԵՄ-ն առնչվում է փախստականների խնդրի հետ, չի կարողանում լուծում գտնել ու այս հարցում ապավինում է թուրքական աջակցությանը։

ԵՄ-ն գործում է Դավութօղլուի առաջարկի համաձայն, որ Եվրամիություն գաղթած փախստականների մի մասին հետ վերադարձնի Թուրքիա։ Սա է ամբողջ խնդիրը։ Սրա համար է նաև քննադատությունը, որն արվում է եվրոպացիների կողմից։ Եվրոպական մի շարք երկներ պահանջում են, որ Թուրքիան փակի իր սահմանը փախստականների համար, բայց Անկարան չի համաձայնում։ Փախստականների հոսքը Թուրքիայի տարածքով շարունակվելու է, դրա համար էլ քննադատում են։

- Այս համաձայնագիրը կարո՞ղ է դառնալ խթան՝ արագացնելու Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը։ Թե՞ սա համագործակցություն է կոնկրետ մեկ հարցի համար, որի շուրջ կողմերի շահերը համընկնում են։

- Գիտեք, այստեղ դժվար է ասել՝ ԵՄ շահերը համընկնում են, թե՝ ոչ։ ԵՄ համար ավելի կարևոր է, որ Թուրքիան փակի իր սահմանները, որ փախստականների հոսքը դեպի ԵՄ դադարի, բայց Թուրքիան այս քայլին չի գնում, ուստի բանակցությունները շարունակվելու են, մինչև գործարքը ավարտին հասնի։ Սա թուրքական խորամանկություն էր։

Ինչ վերաբերում է եվրաինտեգրման գործընթացին, ապա չեմ կարծում, որ ԵՄ-ում կշիռ ունեցող քաղաքական ուժերը՝ մասնավորապես Քրիստոնեադեմոկրատները՝ աջ կուսակցությունները, համաձայնեն, որ Թուրքիան դառնա ԵՄ անդամ։ Բացի նրանից, որ Թուրքիայում կա խայտառակ իրավիճակ մարդու իրավունքների ոտնահարման հարցով, կա քրդական խնդիր, Թուրքիան կանգնած է քաղաքացիական բախումների առաջ, կան նաև այլ հարցեր։ Թուրքիան առաջիկայում ԵՄ երկիր չի դառնա։ Սա խաղ է։

- Այս համագործակցությունը ՀՀ-ի համար ի՞նչ ազդեցություն կունենա։

- Կարծում եմ՝ որևէ։ Պարզապես մենք մեկ անգամ ևս համոզվում են, որ ԵՄ արժեքները, որոնք բարձր են, անգնահատելի, որոնց մենք ձգտում ենք, իրականում Եվրոպայի համար սկզբունքային չեն։ ԵՄ-ն դավաճանում է դրանք, երբ իրեն պետք են, անտեսում է, շրջանցում, երբ նժարին այլ հարցեր կան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել