Հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը հայտարարել է, որ 2015 թվականին իրականացված գնումների ուսումնասիրությունը մի շարք կոռուպցիոն ռիսկեր է վերհանել:
Վերջինս մասնավորապես ասել է, թե «Որակապես հստակ երևում է, որ մսխում կա: Սրանում որևէ կասկած չկա: Երբ այսպիսի գներով կարելի է այսպիսի սարքեր գնել, այն դեպքում, որ դրանց շուկայական գները շատ ավելի ցածր են, դա, իհարկե, շատ լուրջ խնդիր է»:
Ըստ էության Հոկտանյանը խոսել է մի թեմայով, որը պետական կառավարման համակարգի «մազոլներից» է և որի դրսևորումները տարբեր ոլորտներում ցավոք տեսանելի են:
Այս ամենն արտառոց չէր լինի, եթե չլիներ այսօրվա ասուլիսի հետ կապված Ազատություն ռադիոկայանի լուսաբանման «մանրուքները»: Մասնավորապես ռադիոկայանը ներկայացնելով Հոկտանյանի հայտարարությունները, վերոնշյալն իր կայքում ներկայացրել է հետևյալ վերնագրով՝ ««Թրանսփարենսի ինթերնեյշնլ»․ Հայաստանի պետական բյուջեն մսխվում է»:
Ըստ էության Հոկտանյանը խոսում էր գնումների գործընթացում առկա խնդիրների մասին, այդ թվում՝ դրանք ներկայացնում մսխումներ, սակայն Ազատություն ռադիոկայանը որոշել է «սրբագրել» Հոկտանյանին, հայտարարությունները վերագրելով պետբյուջեին ամբողջությամբ:
Եթե նույնիսկ տեսականորեն վերցնենք, որ պետգնումների ողջ գործընթացը ռիսկային է, ապա հասկանալի է, որ պետգնումներով նախատեսված գումարները բյուջեի մի հատվածն են կազմում ու ըստ այդմ՝ նվազագույնը ոչ կոռեկտ է Հոկտանյանի հայտարարությունը դնել ու դա վերնագրել՝ «բյուջեն մսխվում է»: Էլ չեմ ասում, որ լրատվամիջոցն իր ցանկությունները ներկայացնում է՝ «փուռը տալով» Հոկտանյանին:
Թե ինչո՞ւ է սոլիդ լրատվամիջոցի համարում ունեցող ռադիոկայանը նման «վրիպումներ» թույլ տալիս, երկար եզրակացությունների տեղիք է տալիս:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել