Ճիշտ կրթության և հմտությունների ստացումը հետագա ներդրումների և աշխատատեղիների ստեղծման հիմնական պայմաններից է: Այս միտմանը հավատարիմ մնալով՝ Մայքրոսոֆթ Արմենիան հայտարարում է` Հայաստանը ևս կունենա իր մասնակցությունը «Թվային դարաշրջան դպրոց» ծրագրին: BlogNews.am-ը ներկա էր կրթական ծրագրի մեկնարկին: 

Այսօր Նորագավթի թիվ 98 դպրոցի առաջին դասարանցիները ստացան Windows 10 սարքավորումներ, որոնք կարելի է օգտագործել որպես թաբլեթ և որպես դյուրակիր համակարգիչ: Սարքավորումները հատուկ ստեղծված են կրթական նպատակներով կիրառելու համար. ջրա և հարվածակայուն են, ինչը կարևոր պայման է աշակերտների կողմից օգտագործման համար:

Մայքրոսոֆթ Հայաստանի տնօրեն Լիանա Կորկոտյանը ղեկավարում է Մայքրոսոֆթի պատվիրակությունը, որում ներառված են Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի կրթական ծրագրերի ղեկավար Քրիստոդոլոս Պապաֆոտիսը, կրթության ավագ մասնագետներ Ֆրանգիսկոս Լամբրինոսը և Դանիել Բաչելիչը:

«Մայքրոսոֆթի համար կրթությունը շատ կարևոր ոլորտ է, այս անգամ որոշել է կրթությունը կազմակերպել խաղի միջոցով  և օգտագործել Մայնքրաֆթը: Այս ծրագիրը թույլ կտա ուսուցիչներին, ծնողներին և աշակերտներին արդյունավետ շփվել և համագործակցել միմյանց հետ: Այսինքն, սա մի եղանակ է, որով Մայքրոսոֆթն ավելի հետաքրքիր է դարձնում դասապրոցեսը»,-նշեց Լիանան:

Լիանայի այն հարցին՝ արդյոք երեխաներն ուրախ են, որ ստացել են համակարգիչները, նրանք միահամուռ պատասխանեցին` այո:

«Ցանկանում եմ նաև նշել, որ այս ծրագրի շրջանակներում համագործակցում ենք  «Unicomp» ընկերության հետ. նրանք տրամադրում են տեխնիկական աջակցությունը: Ուզում եմ նաև նշել, որ մեր գործընկեր Դանիել Բաչելիչը հատուկ մշակել է կրթական մի հավելված, որը շուտով կկարողանաք ներբեռնել Windows-ի օնլային խանութից: Այս հավելվածը երեխաներին ուսուցանելու է հայերենի այբբենարանը և մաթեմատիկա: Նախագծի շրջանակներում համագործակցում ենք «Իմ դպրոց» կայքի հետ, որտեղ շատ հետաքրքիր ձևով տեղադրված են նյութեր այն առարկաների վերաբերյալ, որոնք դուք անցնում ենք դպրոցում»:

Երեխաներին ողջունեց նաև Արևելյան Եվրոպայի կրթական ծրագրերի ավագ մասնագետ Դանիել Բաչելիչը, ով նշեց, որ չափազանց հաճելի է, երբ երեխաները նորագույն տեխնոլոգիաների միջոցով են սովորում. «Կարծում եմ` այս հարթակը կհեշտացնի երեխաների կրթությունը և ավելի հետաքրքիր կդարձնի: Այս համակարգիչներն օգտագործելով՝ երեխաները կկարողանան գրել, խաղալ և ավելի հեշտ սովորել իրենց դասերը»: 

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել