Tert.am-ը գրում է.

Ինչպես և կանխատեսվել էր, ըստ հարցված տուրօպերատորների դիտարկումների, իրանական Նոր տարուն` Նովրուզ Բայրամին, իրանցի զբոսաշրջիկների զգացվում է աճ նախորդ տարիների համեմատ:


Tert.am -ի հետ զրույցում հյուրանոցների ամրագրմամբ զբաղվող  armhotels.am կայքի տնօրեն Աշոտ Նազարյանն օրինակ` նշեց, որ քանի որ իրենց մոտ ամրագրումներն արվում են առցանց, իսկ իրանական  Master և Visa քարտերը դեռ գտնվում են սանկցիաների տակ, այդ իսկ պատճառով  չեն կարող նշել Իրանից առցանց ամրագրումների թիվը, սակայն միայն կայքի իրանական  այցելությունների թվով ակնկալվող աճն անուղղակիորեն կարելի է արձանագրել:

«Անցած տարվա համեմատ էս տարի արձանագրում ենք մեր կայքի  այցելություններ  28 տոկոս աճ»,-նշեց Աշոտ Նազարյանը։  


Հիշեցնենք, որ մահմեդական տոնը սկսվում է մարտի 21-ին և տևում է 13 օր և   երեկվանից արդեն Հայաստանում ու մայրաքաղաք Երևանում  զգացվում է պարսիկ զբոսաշրջիկների ներկայությունը:
Նշենք, որ  Հայաստանի էկոնոմիկայի նախարարության տուրիզմի և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանն օրերս լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրանական Նովրուզին հնարավոր է` մինչև 30 հազար իրանցի ժամանի Հայաստան:


Ըստ նրա՝ տարեցտարի ավելանում է Հայաստան այցելող իրանցիների թիվը: Օրինակ` եթե 2009-ին անցկացված դիտարկման համաձայն Հայաստան ժամանած  պարսիկները  թիվը կազմել է ավելի քան 80 հազար, ապա 2010-ին՝ արձանագրվել է 40 տոկոս աճ` շուրջ 120 հազար:


Ամեն դեպքում, միայն Նովրուզի ավարտին հնարավոր կլինի խոսել իրանցի զբոսաշրջիկների` Նովրուզին Հայաստան այցելությունների հստակ թվի, «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների թվի, ինչպես նաև ուղևորահոսքերի թվի մասին:


Ըստ Աշոտ Նազարյանի` վերջին շրջանում կա նաև ավտոմեքենաներով Հայաստան գալու միտում:
Ի պատասխան հարցի, թե ինչպիսի՞ն է իրանցի զբոսաշրջիկն, ապա փորձագետը նշեց, որ իրանցիները  տուրիզմի տարբեր ուղղությունների` ճանաչողական, էքստրեմալ,  ծովափնյա, մշակութային և այլն, նախընտրում են զվարճանքային տուրիզմը:


Մասնագետը մտահոգված է նրանից, որ Վրաստանն ամեն ինչ անում է Հայաստանի նկատմամբ մրցակցային առավելություններ ստանալու համար:


«Վերջերս կարդացի, որ Վրաստանն Իրանի քաղաքացիների համար վիզան լրիվ հանել է, հետո  Վրաստանը Հայաստանի հետ համեմատած ավելի էժան է: Նույն` հյուրանոցները, մնացած ծառայությունները»,-ասաց նա:


«Տաթև» տուրիստական ընկերության տուրօպերատոր Նվեր Դավթյանն էլ Tert.am -ի հետ զրույցում մի փոքր չհամաձայնեց.« Քանի որ Վրաստանում կան որոշակի խնդիրներ, կապված պարսկալեզու սերվիսի ապահովման առումով, Հայաստանն այս տեսանկյունից ունի լուրջ առավելություններ՝ շնորհիվ համալսարանական կադրերի, որոնք տարեկան  30-40 հոգի անգլախոս կադրեր են պատրաստում: Եվ նաև տարիների փորձը, որ Հայաստանը կարողացել է իրանցի զբոսաշրջիկների համար ծառայություններ ապահովել, արդեն ճանաչում են երկիրը, նաև մոտ է Իրանին»:


Ըստ տուրօպերատորի` նախկինում իրանական տուրիստական ներհոսքը (տարեկան 1-2 մլն զբոսաշրջիկ խմբ.)  ուղղվում էր Թուրքիա, բայց Իրան –Թուրքիա հարաբերությունները մի կողմից, Թուրքայի ահաբեկչությունները` մյուս կողմից, իրանցի զբոսաշրջիկների համար անհանգստացնող վիճակ են ստեղծել և նրանք Թուրքիան փոխարինել են Հայաստանով, Վրաստանով և Ադրբեջանով:
«Գերադասում են մոտ երկիր, անվտանգության առումով հարմար երկիր»,-նշեց տուրօպերատորը:


Նվեր Դավթյանը, ամեն դեպքում, նշում է, որ Հայաստանի խնդիրն այն է, որ սահմանային անցակետերում զբոսաշրջիկների կուտակումներ  չստեղծվեն, ինչի համար կա իրանցիների համար մուտքի վիզային վճարն ու ընթացակարգերը դյուրացնելու անհրաժեշտություն:
Նշենք, որ ըստ Մեխակ Ապրեսյանի, Իրանի մեկ քաղաքացին Հայաստանում  կարող է ծախսել միջինը 700-800 դոլար:


«Տաթև» տուրիստական ընկերության ղեկավարն էլ մոտավորապես նույն թվերը նշեց` այսինքն` 4-5 օր Հայաստանում մնալու պարագայում ամեն մի զբոսաշրջիկ օրական 500-60 դոլար գումար է ծախսում:
Ըստ փորձագետի` իրանական պոտենցիալը շատ հրապուրիչ է Հայաստանի համար, քանի որ իրանցիները ճանապարհող ազգ են: Մասնավորապես, ըստ Նվեր Դավթյանի`Իրանում չկա ընտանիք, որը տարեկան առնվազն մեկ անգամ գոնե երկրից դուրս չգա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել