Artsakhpress.am-ը գրում է.
Ժնև – Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հրապարակել է Ժնևի կոնվենցիաների կիրարկմանը նվիրված կարևորագույն ուղեցույց, որը վերահաստատում է փաստարկներն առ այն, որ մարդկային կյանքեր փրկելու համար արդիական և հույժ կարևոր են զինված հակամարտությունները կարգավորող օրենքները և դրանք չպետք է արհամարհվեն։
ԿԽՄԿ-ի միջազգային իրավունքի և քաղաքականություն բաժնի ղեկավար Հելեն Դուրհամն ասում է, որ չնայած «նորաձև է դարձել կոնվենցիաների հիման վրա ձևավորված՝ միջազգային մարդասիրական իրավունքի կազմալուծման մասին խոսելը», սակայն մեկնաբանությունների ձեռնարկ կոչվող այս նոր հրապարակումն «ապացուցում է, որ այն օրենքի գործուն և առանցքային բաղադրիչ է, որը ոչ միայն չի կազմալուծվել, այլև շարունակում է կենսական դերակատարում ունենալ»։
«Օրինակ, Սիրիայում տեղի ունեցած սարսափելի բռնությունների ժամանակ, Ժնևի կոնվենցիաների շնորհիվ մենք կարողացանք համաձայնություն ձեռք բերել պատերազմող կողմերի հետ և շփման գծի տարբեր կողմերում հակամարտությունից տուժած միլիոնավոր մարդկանց բժշկական խնամք և մարդասիրական օգնություն տրամադրել»։ Արդի իրավական իրողությունները ներկայացնող այս նոր մեկնաբանությունները հիմնված են նախորդ 60 տարիների ընթացքում կոնվենցիաների վերաբերյալ հրապարակված գիտական աշխատությունների և մասնագիտական վերլուծությունների վրա։ «Այս մեկնաբանությունները կիրառելի նշանակություն կարող են ունենալ ռազմական և պետական ոլորտի իրավաբանների և դատարանների, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր տարբեր առիթներով հղում են կատարում Ժնևի կոնվենցիաների վրա»,- նշում է այս նախագծի ղեկավար Ժան-Մարի Հենկերթսը։
ԿԽՄԿ-ն խորապես համոզված է, որ օրենքի տրամաբանված մեկնաբանումը կմեծացնի դրա նշանակությունը։ Թարմացված մեկնաբանությունները հստակ ուղեցույց են ապահովում այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին, օրինակ, վիրավորներին և հիվանդներին բուժելու պարտավորությունն է, և առավել ուշադրություն են դարձնում ներկայիս պատերազմների զգալի մաս կազմող՝ ոչ միջազգային հակամարտություններին։ Ուղեցույցն ներկայացնում և հստակեցնում է նաև սեռական բռնության կիրառման արգելքի և չվերադարձնելու սկզբունքը, այսինքն՝ արգելելու վերադարձնել մարդկանց այն երկրներ, որտեղ նրանց կյանքը կարող է վտանգված լինել։
«Ժնևի կոնվենցիաները նախկինում երբեք այնքան խորը չեն ուսումնասիրվել, քննվել և քննարկվել, ինչպես հիմա, և այս մեկնաբանությունները դիսկուրսի կարևոր մաս են կազմելու», – ասում է Դուրհամը։
«Այո, կա մի մեծ անջրպետ թղթի վրա գրված օրենքի և դրա կիրառման միջև, սակայն չի կարող լինել որևէ փաստարկ՝ պնդելու, որ թեև կոնվենցիաներն առանցքային դերակատարում ունեն, սակայն այլևս արդիական չեն: Ժնևի կոնվենցիաները մեկ այլ ժամանակաշրջանում ծնված ինչ-որ պատմական փաստաթղթեր չեն, դրանք այսօր էլ արդիական են և կենսական կարևորություն ունեն։ Մենք պետք է ապահովենք, որ այս փաստաթղթերում ամփոփված մարդասիրական հսկայական ներուժը ճանաչվի և իրագործվի բոլորի կողմից»:
Մեկնաբանությունների մշակմանը մասնակցել է նաև ՀՀ Սահմանադրական դատարանի իրավական վերլուծությունների բաժնի պետ, իրավական գիտությունների թեկնածու, միջազգային մարդասիրական իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանը։ «Ժնևի առաջին կոնվենցիայի 2016թ. մեկնաբանությունները նոր էջ են բացում դրանում ամրագրված դրույթների առավել հստակ ըմբռնման և իրագործման համար` ապահովելով փաստաթղթի արդի կենսունակությունը և համալրելով այն առկա միջազգային իրավական պրակտիկայով: Համոզված եմ, որ նշված մեկնաբանությունները կդառնան կարևոր ձեռնարկ ոչ միայն տեսաբանների, այլ նաև կոնվենցիան գործնականում կիրառողների համար»,- ասել է պարոն Վարդանյանը։



