Օրը սկսվում է Թուրքիայի մեդիա դաշտի (նաև Թուրքիան հետազոտողների) համար հերթական ոչ լավ լուրով: Varuzhanի աչքից չէր վրիպել այն, որ Թուրքիայում «Ռադիքալ» (Radikal) էլեկտրոնային թերթը փակելու որոշման մասին են խոսում: Վարուժի հետ քննարկմանը համակարծիք էինք, որ «Ռադիքալը» շատ արժեքավոր ռեսուրս է Թուրքիայի մասին բազմատեսակ կարծիքներ ու տեսակետներ լսելու համար: Հասկանալու, թե ինչպես է լուսաբանվում թերթը փակելու տեղեկությունը, առաջինը, ինչին հանդիպեցի, այն էր, որ մարգինալ լրատվամիջոցները «Ռադիքալին» բնութագրում էին «ահաբեկչությունը սատարող», «PKK-ին աջակցող»: Սա արդյունքն է Ռադիքալի՝ համեմատաբար ազատական կոմնորոշման: Ռադիքալն այն փոքրաթիվ կայքերից էր, որտեղ Թուրքիայում տաբու թեմաներին, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության թեմային անդրադառնալիս տեղ էր հատկացվում տարատիպ տեսակետների, կարծիքների և մոտեցումների արտահայտմանը:
Մի փոքր էլ թերթի անցած ճանապարհից: Այն թուրքական մեդիադաշտի խոշորագույն «Դողան» մեդիա հոլդինգին է պատկանում, ստեղծվել է 1996 թվականին որպես տպագիր թերթ, սակայն անցյալ տարի որոշեցին դադարեցնել թերթի տպագիր տարբերակի հրատարակությունն ու անցան միայն համացանցում ներկայացված տարբերակին՝ վերածվելով լրատվակայքի: Ռադիքալն արագորեն հեղինակություն ձեռք բերեց՝ շնորհիվ ազատական մոտեցման և խորքային խնդիրներին անդրադարձին:
Թուրքական թերթերի տվյալներով՝ «Ռադիքալը» փակվում է ֆինանսական խնդիրների պատճառով, ինչն ի հայտ է եկել «Դողանի» դեմ հերթական դատական գործի հետևանքով: Հուսով եմ՝ պատմական անցքերին անդրադարձող հոդվածագիր Այշե Հյուրը կշարունակի նույն բովանդակությամբ ու ձևաչափով սյունակներ գրել այլ աղբյուրներում: Ենթադրում եմ, որ «Ռադիքալի» սյունակագիրների մի մասը կարող է տեղափոխվել նաև «Թ24», իսկ «Հյուրիյեթի» տարբերակը կա ու կա:
Հարկ է հիշեցնել, որ սա թուրքական մեդիադաշտի համար երկրորդ խոշոր հարվածը կլինի այս տարի: Ավելի վաղ իշխանությունները փակել էին Թուրքիայում ամենամեծ տպաքանակ ունեցող թերթը՝ «Զամանը» (իր արբանյակներով), որը գյուլենական համայնքին պատկանող հզոր ընդդիմադիր լրատվամիջոց էր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել