Tert.am-ը գրում է.

Կիբերհանցագործությունների դեմ պայքարի հարցում կարևոր է ՏՏ ոլորտում հանրության կրթական աստիճանը: «Կիբերանվտանգության ոլորտի զարգացումը ՀՀ-ում» թեմայով միջազգային սեմինարի ժամանակ հայտարարեց փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:


«Գիտեք, որ կիբերանվտանգության շատ խնդիրներ կապ ունեն անձնական տվյալների արտահոսքի հետ: Հարձակումների զգալի մաս իրականացվում է օգտագործելով զգայուն տվյալները` կապված անհատների կամ կազմակերպությունների հետ: Իսկ Հայաստանում այնպիսի իրավիճակ է, որ բնակչության կեսը մտահոգված էլ չէ իր անձնական տվյալների պաշտպանությամբ: Պետությունն էլ երկար ժամանակ մտահոգված չէր այս հարցով մինչև ստեղծվեց Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը»,- շեշտեց Մարտիրոսյանը։


ՏՏ փորձագետը նկատեց, որ Հայաստանի համար կիբերանվտանգությունը նոր ոլորտ է, նոր խնդիր: «Պատճառները տարբեր են, բայց երևի ամենամեծ պատճառը խորհրդային ժառանգությունն էր: ԽՍՀՄ տարիներին անձնական տվյալների պաշտպանության հարցը չկար։ Բացի այդ, հանրությունը, կարծում եմ, տեղյակ չէ` ինչ վտանգներ կան անձնական տվյալների կորուստով»,- հավելեց Սամվել Մարտիրոսյանը:


Նրա խոսքով` Հայաստանը մի պետություն է, որը համակարգիչների վարակվածության տեսանկյունից առաջիններից է: «Հայաստանում երեք համակարգիչներից երկուսը վարակված են: Սա նույնպես տեղեկատվության պակասի խնդիր է: Մարդիկ համակերպվում են վիրուսների հետ, որովհետև չեն տեսնում այդտեղ վտանգ»,- նշեց փորձագետը:


Միաժամանակ, Մարտիրոսյանի խոսքով, հանրությունն իր սխալների վրա կրթվում է, ինչի վկայությունն այն է, որ համացանցում նվազում են միջադեպերը` վարակների փոխանցման: «Մարդիկ սխալների վրա քիչ-քիչ սովորում են, բայց կրթական հատուկ ծրագրերի շնորհիվ սա կարելի է անել մի քանի ամսում, ոչ թե տարիներով: Բուհերում, դպրոցներում կարելի է կրթական դասընթացներ անցկացնել: Դպրոցներում, օրինակ, բավական տարօրինակ վիճակ է։ Մի կողմից շատ են առնչվում ՏՏ-ի հետ, մյուս կողմից չեն ստանում անձնական անվտանգության հետ կապված կրթություն: Երեխաներին պարտադիր մտցնում են կիբերտարածք, բայց չեն տրամադրվում այնտեղ պաշտպանվելու գիտելիքները: Համալսարաններում էլ նույն խնդիրն է, կրթական համակարգված մոտեցում չկա» ,- մանրամասնեց Սամվել Մարտիրոսյանը:


Խոսելով միջին և միջինից բարձր տարիքի մասին, փորձագետը նկատեց, որ սա ամենախոցելի խումբն է, ուստի պետք է լինի պետական մոտեցում` նրանց կրթելու ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել