Առավոտյան մամուլը կարդալիս, բախվեցի Արամ Աբրահամյանի «փայլուն» խմբագրականին, որտեղ սույն պարոնը, իրեն հատուկ ուսուցչական տոնով, փաստացի մեղադրում է ինձ ու ինձ պես շատ մարդանց հոգեկան հիվանդ լինելու մեջ ու կամայական պիտակներ է շռայլում ինձ ու իմ պես մարդկանց հենվելով պրիմիտիվ ու իրականության հետ աղերս չունեցող մի եզրահանգման վրա, որին եկել է Բրյուսելյան ահաբեկչության հայաստանյան արձագանքն ուսումնասիրելիս։
Պարոն Աբրահամյանի կարծիքով, եթե մարդը այս ահաբեկչության պատճառներում տեսնում է նաև Եվրոպայի վարած սխալ արտաքին ու ներքին քաղաքականությունը, ապա նա հերիք չէ պռոռուսական կերպար է, մի բան էլ իրականում հրճվում է մարդկանց մահերով ու հոգեբույժի կարիք ունի։
Իրականում, այս կեցվածքը ինդիվիդուալ չէ ու միայն պարոն Աբրահամյանի մոտ չէ։ Սա մեր արևմտամետների խմբային դիրքորոշումն է։ Ընդհանրապես, արևմտամետների պարադոքսը կայանում է նրանում, որ դեկլարատիվ նրանք այլակարծության, առողջ բանավեճի ու ազատ կարծիքի կողմնակից են, բայց գործնականում «ով մեր հետ չի՝ մեր դեմ է» հայեցակարգով են աշխարհն ընկալում։
Ես կարծել եմ ու շարունակում եմ կարծել, որ այսօրվա Եվրոպայի խնդիրների, այդ թվում մահմեդական ահաբեկչությունների առյուծի բաժինը հենց Եվրոպայի սխալ քաղաքականությունն է, բայց դա բնավ չի նշանակում, որ ես ոււրախանում եմ մարդկանց մահերով։ Ես ցավում եմ, անկեղծ ցավում եմ, որ անմեղ մարդիկ զոհ են գնում նման արյունահեղությունների ժամանակ, սակայն տանել չեմ կարողանում այն երեսպաշտությունն ու մաքուր ֆաշիզմը, որը փորձում են թելադրել մեզ արևմտամետները։
Տպավորություն է, որ եթե դու չես ընկալում իրենց հանճարի արգասիքները, կամ էլ ընկալելով՝ չես կիսում դրանք, ուրեմն դու երկրորդ սորտի մարդ ես, պուտինիստ ես, պրոռուսական ես, ռեգրեսիվ ու անմեղսոունակ մեկն ես։ Ի՞նչ է սա, եթե ոչ ֆաշիզմ ու խտրականություն։ Դեն նետեք ձեր կկլիշեները, պարոնա՛յք ու ձեր մեծամիտ կեցվածքը թողեք Ձեր անձնաական տարածքում։ Ոչ ոք Ձեզ իրավունք չի տվել պիտակավորել ուրիշներին, այն էլ՝ հենվելով սեփական սխալ եզրահանգումների վրա։