Tert.am-ը գրում է.
«Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից Հրազդանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Արթուր Միսակյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ Հրազդանի քաղաքապետի ընտրություններին`ասելով, թե «ճշմարտությունը ծնվում է համեմատության մեջ», իսկ մյուս երկու թեկնածուների՝ գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի, ինչպես նաև նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանի աշխատանքները, ըստ նրա, հրազդանցիները արդեն տեսել են:
«Վերջին քսան տարիների ընթացքում միշտ եղել է երկու թեկնածու: «Ես առաջարկում եմ նոր թարմ գաղափարներ, նոր մոտեցումներ, նորարարական ծրագրեր»,- ասաց նա և նշեց, որ պաշտոնական քարոզաչարշաի մեկնարկի առաջին օրը կներկայացնի իր նախընտրական ծրագիրը:
«Հրազդանի բնակիչը տեսնելու է այն սոցիալ–տնտեսական ծրագիրը, որ առաջ ենք քաշելու պատրաստված Հայաստանի լավագույն մասնագետների կողմից, որը Հրազդանին նոր շունչ է տալու, վերածնունդ է բերելու: Մարդիկ այսօր փոփոխություններ են ուզում, ռեալ աշխատանք են ուզում, հոգնել են ինտրիգներից: Տարիներ անց հրազդանցին ուզում է ռեալ փոփոխություններ իրենց կյանքում»,- ասաց նա և նշեց, որ ընտրական տեղամասերում ներկայացնելու են հանձնաժողովի մեկ անդամ և մեկ վստահված անձ:
Որպես թեկնածու նա հայտարարեց, որ ամեն հնարավոր բան արվելու է տեղամասում ընտրողի քվեն պաշտպանելու համար:
«Պետք է հրազդանի բնակչությունը գնա և խղճի, համոզմունքի ընտրություն կատարի, ոչ թե փողի և պարտադրանքի: Ես ապավինում եմ հրազդանցիներին, ես ման չեմ գալիս ինչպես մյուսները ինչ–որ «դաբրո»–ներ, հովանավորչութուններ: «Դաբրո»–ն տալիս է հրազդանի բնակիչը, նա ում քվեարկեց, նա էլ հաղթելու է, «դաբրո»–ն դա ժողովուրդն է: Ո՞վ է հիմար որ բերի այսօր փող բաժանի, այն ընտրակաշառքը, որ տալու են, հետո մարդկանց քթերից են բերելու։ Նա, ով փող է բաժանում ընտրվելու համար, հետո մտածելու է այդ փողը հետ բերելու մասին»,-ասաց նա:
Ինչ վերաբերում իրեն հետապնդելու մասին լուրերին, Արթուր Միսակյանն ասաց.«Ինձ չեն հետապնդել և չեն կարող հետապնդել»:



