Ալիևյան haqqin.az կայքը հրապարակելով հայտնի ադրբեջանցի գրող, դրամատուրգ և ռեժիսոր Մաքսուդ Իբրահիմբեկովի մահվան լուրը, բացարձակ չի թաքցրել իր ուրախությունը: Տխուր հոդվածը վերնագրված էր. «Վերջապես մահացավ Մաքսուդ Իբրահիմբեկովը» (տես՝ լուսանկար 1): Որոշ ժամանակ անց խմբագրությունը կոսմետիկ փոփոխության էր ենթարկել վերնագիրը՝ «Ահա և մահացավ Մաքսուդ Իբրահիմբեկովը» (տես՝ լուսանկար 2): Մահախոսականի հետ մեկտեղ haqqin.az-ցիները ընթերցողին բացատրություն են տվել, թե ինչու են այդքան ուրախացել Մաքսուդի մահվան կապակցությամբ: Պարզվում է, որ այս ալիևյան կայքի գլխավոր խմբագիրը շատ վիրավորված է եղել Մ.Իբրահիմբեկովից այն բանից հետո, երբ վերջինս շատ վատ է արտահայտվել «Մոնիտոր» ամսագրի սպանված գլխավոր խմբագիր Էլմար Հուսեյնովի վերաբերյալ: Սակայն չգիտես ինչու haqqin.az-ի գլխավոր խմբագիր, նախկին ընդդիմադիր Է.Ֆաթուլաևը չի անդրադառնում սպանության և Մ.Իբրահիմբեկովի պատվիրատուին: Այո՛, պատվիրատուին, քանի որ Էլմար Հուսեյնովի սպանության պատվիրատուն և Մաքսուդի կողմից Էլմարի հասցեին հնչած վիրավորանքների պատվիրատուն նույն մարդն է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որին Է.Հուսեյնովը ահավոր խանգարում էր իր բացահայտումներով և բերանբացությամբ:
Սակայն հետագայում Իլհամ Ալիևի և Իբրահիմբեկովների հարաբերությունները վատացան: Մաքսուդի եղբայրը՝ Ռուստամ Իբրահիմբեկովը, ով խորհրդային ֆիլմերի հայտնի կինոռեժիսոր է («Անապատի սպիտակ արևը») 2013թ-ին Ադրբեջանի ընդդիմադիրների կողմից առաջադրվեց որպես երկրի նախագահի թեկնածու՝ վերածվելով Իլհամ Ալիևի լավ ընկերոջից` ոխերիմ թշնամու: Ադրբեջանի իշխանությունները չներեցին Ռ.Իբրահիմբեկովին այս հանդգնության համար: Նա մեղադրվեց բազմաթիվ ֆինանսական հանցագործությունների մեջ և այդպիսով փակվեց նրա ճանապարհը դեպի Բաքու:
Հենց սրանով էլ պայմանավորված էր ալիևյան կայքի այս ցինիկ հրճվանքը Ռ.Իբրահիմբեկովի եղբոր՝ Մաքսուդի մահվան կապակցությամբ:
Բազմաթիվ բարդույթներ ունեցող Իլհամ Ալիևը նույնիսկ պատերազմում է մեռածների հետ:




