Tert.am-ը գրում է.
Պոեզիայի ընթերցողները բոլոր ժամանակներում են եղել սակավաթիվ, միշտ էլ պոեզիան շատ ընթերցողներ չի ունեցել, և այսօր էլ առանձնահատուկ ժամանակներ չեն:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գրող՝ Արփի Ոսկանյանը անդրադառնալով հարցին, թե որքանով է այսօր պոեզիան պահանջված:
 
Նա նշեց, որ պոեզիան կամերային բնույթի գրականություն է, և այսօր էլ ունենք շատ հոյակապ գրողներ՝ թե՛ երիտասարդ սերնդի, թե՛ միջին սերնդի մեջ, թե՛ ավագների մեջ:


«Միշտ հայ գրականության մեջ պոեզիայի ավանդույթն ավելի ուժեղ է եղել, և այդ ավանդույթը շարունակվում է»,-ասաց նա:
 
Արփի Ոսկանյանը նշեց, որ հիմա շատ են գրում պոեզիա, քանի որ շատերին թվում է, թե այն ավելի քիչ ժամանակ է պահանջում, ինչն ըստ նրա լավ է, որովհետև այդ քանակը ինչ-որ մի օր որակ կտա:
 
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք քարոզչության պակաս չկա՞ երիտասարդ գրողների ճանաչելիության հարցում, Արփի Ոսկանյանն ասաց, որ դա նույնիսկ լավ է, որ քարոզչություն չի լինում:

«Քարոզչությունը միշտ իրականացնում է մի մարմին, որը, որպես կանոն, իշխանություններն են, կամ իշխանություններին մոտ կանգնած ինչ-որ օղակներ, և նրանք իհարկե քարոզում են այն գրականությունը, որը կամ համապատասխանում է պետության վարած ընդհանուր քաղաքականությանը, կամ գոնե չեզոք է և բավարարում է բոլոր տեսակի ճաշակները, և ավելի որակյալ գրականությունը հայտնվում է միշտ միջանցքում»,-ասաց նա:
 
Ինչ վերաբերում է ճանաչելիության խնդրին, ապա նա ասաց. «Այն մարդիկ, ովքեր պետք է բացեին և կարդային մեր գրքերը, այդ մարդիկ ճանաչում են, ինչը կարծում եմ լիովին բավարար է, լավ  է, որ չեն ճանաչում այն մարդիկ, ովքեր չպետք է ճանաչեին»:
 
Հիշեցնենք, որ այսօր պոեզիայի համաշխարհային օրն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել