parlament britAraratnews.am-ը գրում է.

Բրիտանական կառավարությունում սկանդալ է բռնկվել կանցլեր Ջորջ Օսբորնի կերպարի շուրջ անցյալ շաբաթ նրա կողմից բյուջեն ներկայացնելուց հետո: Լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Կորբինը Օսբորնին կոչ է արել հրաժարական տալ, վարչապետ Դեւիդ Քեմերոնը հանդես է եկել իր կառավարության կանցլերի պաշտպանությամբ եւ մտադիր է մոտ ժամանակներս հայտարարություն անել առաջացած ճգնաժամի վերաբերյալ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Անցած շաբաթ Բրիտանիայի կանցլեր (ֆինանսների նախարար) Ջորջ Օսբորնը ներկայացրել էր առաջիկա տարվա համար երկրի բյուջեն` հայտնելով, որ Մեծ Բրիտանիան մտադիր է մինչեւ   2020 թվականը 3,5 մլրդ ֆունտ սթեռլինգով կրճատել բյուջեի ծախսերը: Մեծ Բրիտանիայի աշխատանքի եւ թոշակների նախարար Յան Դունկանը, որը համաձայն չէ կրճատումների խիստ քաղաքականությանը, որը վերաբերում է նաեւ սոցիալական նպաստներին, մարտի  18-ին հրաժարական է տվել` բաց նամակ գրելով վարչապետ Դեւիդ Քեմերոնին:

Երկուշաբթի լեյբորիստների ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ջերեմի Կորբինն իր հերթին Օսբորնի հրաժարականի կոչ է արել` քննադատության ենթարկելով պահպանողական կուսակցությանը եւ բյուջեն, հայտնելով, որ այն «ուղղակի չի համընկնում»: Կորբինը կանցլերին նաեւ կոչ է արել «դարձյալ կանգնել խորբրդարանի առաջ եւ բացատրել դա»:

Արձագանքելով կանցլերի հրաժարականի այս կոչին` վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ Քեմերոնը «լիովին վստահում է» Ջորջ Օսբորնին: Անձամբ վարչապետը նախատեսել է ստեղծված իրավիճակի մասին կարծիք հայտնել մոտակա ժամերին, երբ ելույթ կունենա խորհրդարանում, հայտնել է  Sky news-ը:

Հեռուստաալիքը նաեւ նշել է, որ պաշտոնից հեռացած Յան Դունկան Սմիթը պնդել է, որ  ԵՄ-ին Բրիտանիայի անդամակցության թեման որեւէ կապ չունի այս սկանդալի հետ:    Հրաժարականը «ոչ մի ընդհանուր բան չունի եվրոպական գործերի հետ», հայտնել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու օգտին  հանդես եկող Դունկան Սմիթը`    Sky news-ին տված հարցազրույցում մեկնաբանելով մի շարք քննադատների ենթադրություններն այն մասին, թե ինքն իբր փորձում է «առավելագույն վնաս հասցնել կուսակցությանը» հունիսի 23-ին տեղի ունենալիք` Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության մասին հանրաքվեի նախօրեին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել