1988 թվականից ի վեր, Գյումրիում երկրաշարժից տուժած ու անօթևան մնացած ընտանիքներն ունեն բնակարանների խնդիր: Այս հարցը միայն գյումրեցունը չէ և այն առաջին հերթին պետության «դիտակետի» տակ է գտնվում:
Երկրաշարժի հետևանքով Շիրակի մարզը ընդհանուր առմամբ, կորցրել է 22 հազար 600 բնակարան, որից 2 հազար 670՝ Գյումրին: 1988-ից Շիրակի մարզում սկսվել են վերակառուցման աշխատանքները:
2005 թվականից մինչև 2015-ը ամեն տարի այս գոտուն՝ պետական միջոցներով հատկացվել է մոտ 70.6 մլրդ. դրամ: Այս ընթացքում ընդհանուր առմամաբ բարելավվել է 5539-ը ընտանիքի բնակարանային պայմանները, նրանցից 3687-ը Գյումրիից էին:
2014 թվականին էլ կառավարությունը որոշել է Գյումրիում անօթևան մնացած 450 ընտանիքի բնակարանային խնդիրը լուծել՝ նրանց տրամադրելով բնակարանի գնման վկայագրեր: Այդ նպատակով առաջին փուլով վկայական տրամադրվեց 232 ընտանիքի՝ ընդհանուր 1,5 մլրդ դրամ արժեքով:
Պետությունը շարունակում է աջակցությունը Գյումրու անօթևաններին, սակայն այսօր փոխվել է «օգնության ֆորմատը»:
Ի՞նչ է սա նշանակում: Եթե 2008-ին պետությունն իրականացնում էր ամբողջ թաղամասերի շինարարություն՝ հրաժարվելով երկրորդային շուկայից, բնակարանների ձեռք բերումից, ապա այսօր կառավարությունը խնդիր է դրել հարցը լուծել բնակարանների գնման վկայականներով՝ ավելացնելով ու շուկայական գներին համապատասխանեցնելով դրանց արժեքը:
Ինչ խոսք, Գյումրու անօթևաններին բնակարաններով ապահովելու խնդիրը մի փոքր երկար ձգվեց, սակայն այստեղ խնդիրն այլ հարթության մեջ է: Մեզ պես տնտեսապես բարդ վիճակում գտնվող պետություններում վերակառուցման լայնածավալ աշխատանքները չեն կարող իրականացվել 1-2 տարում: Դա փաստացի գրեթե անհնար է:
Բացի դա մեր պետությունն այսօր բավականին մեծ գումարներ է ծախսում այս կամ այն ոլորտը ստաբիլ պահելու համար, բավականին մեծ գումարներ են ծախսվում բանակի սպառազինության վրա, որը կարծում եմ ամենակարևորն է: Հետևաբար նմանատիպ խոշոր խնդիրը 2 տասնամյակում լուծելը տեղավորվում է բոլոր տեսակի տրամաբանության շրջանակներում:
Կարճ ժամանակ անց կունենանք Գյումրի առանց անմարդկային պայմաններով տնակների: Վերջին շրջանում, թե պետությունը, և թե տարբեր նախաձեռնություններ անում են ծրագրեր, որոնք ուղղված են որոշակիորեն լուծելու գյումրեցիների խնդիրները, մնում է միայն ժամանակ ու համբերություն: